Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՇԽԱՏԵՆՔ ՄԻԱՍԻՆ՝ ՇԱԲԱԹ ՕՐԸ

Ապրիլ 04,2003 00:00

ԿԱՇԽԱՏԵՆՔ ՄԻԱՍԻՆ՝ ՇԱԲԱԹ ՕՐԸ Սահմանադրական դատարանը երեկ սկսեց ՀՀ նախագահի էքս թեկնածու Ստեփան Դեմիրճյանի դիմումի քննությունը։ Նա խնդրել էր Սահմանադրական դատարանից անվավեր ճանաչել 2003թ. փետրվարի 19-ին եւ մարտի 5-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունները։ Դիմող կողմի ներկայացուցիչներն էին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը, փաստաբան Աշոտ Սարգսյանը (հայտնի է նաեւ «27»-ի գործով)։ Պատասխանող կողմը 3 ներկայացուցիչ ուներ՝ արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյան, փաստաբաններ Համլետ Աբրահամյան եւ Գեւորգ Ներսիսյան։ Վերջինս ներկայացնում էր ԿԸՀ շահերը, ինչպես հիշում եք, նախագահի էքս թեկնածու Արտաշես Գեղամյանի դիմումի քննության ժամանակ նույնպես։ Միակ փոփոխությունը, որ բոլորի ուշադրության կենտրոնում էր, գործով զեկուցողի՝ Ալվինա Գյուլումյանի կարգավիճակի փոփոխությունն էր։ Վերջինս ընտրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր եւ այս առումով ամիսներ առաջ արված մեր կանխատեսումը ի վերջո իրականություն դարձավ։ Դիմող կողմը, հանձին Վ. Դալլաքյանի, նախ շնորհավորեց Ալվինա Գյուլումյանին եւ ապա ասպետավարի խոստովանեց, որ «եվրոպացիներն ավելի բարձր են գնահատում կանանց»։ Նա հույս հայտնեց նաեւ, որ իրենց «ծանոթ» դատավորի նշանակումը «դրական կանդրադառնա այս գործի վրա»։ Իհարկե, հեռահար շնորհավորանքը հեռահար նպատակ էլ ուներ։ Երբ բավարարվել էին դիմող կողմի միջնորդությունները, դիմող կողմի փաստաբան Աշոտ Սարգսյանը ակնարկեց, որ ԵԴ դատավորի լիազորությունների ժամկետը սկսվում է ընտրվելուց եւ հետագա շահարկումներից զերծ մնալու համար ուշադրություն հրավիրեց այս հանգամանքի վրա։ Մինչեւ նյութերի հետազոտման կարգը մշակելը, զեկուցող Ալվինա Գյուլումյանը ներկայացրեց ՍԴ-ին ուղղված դիմումը։ Դիմումում խոսք էր գնում զանգվածային իրավախախտումների եւ ընտրական կեղծիքների մասին, քվեարկության գաղտնիության եւ ընտրողների կամքի ազատ արտահայտման մասին։ Դիմումատուն պնդում է, որ հնարավորություն չի ստեղծվել նախընտրական քարոզչություն իրականացնել ազատ, արդար մրցակցության պայմաններում։ Եվ որ Հանրային, մի շարք մասնավոր հեռուստաընկերություններ իրենց տեղեկատվական հաղորդումների ընթացքում ակնհայտ քարոզչություն են իրականացրել հօգուտ Քոչարյանի՝ ընդդեմ իրեն։ «Պետականորեն ֆինանսավորվող «Հայաստանի Հանրապետություն» թերթը ցուցադրել է ակնհայտ կողմնակալություն, տրամադրելով հօգուտ գործող նախագահի առաջին փուլում թեկնածուների գործունեությունը լուսաբանող նյութերի 68%-ը, որը հիմնականում (99%) դրական կամ չեզոք էր»,- ներկայացրեց զեկուցողը։ Նախագահի թեկնածուն առաջ էր քաշում վարչական պատասխանատվության ենթարկված իր շտաբի թվով 82 ակտիվիստների եւ 53 վստահված անձանց կալանքի ենթարկման հարցը. «Վստահված անձանց ու նախընտրական շտաբների ակտիվիստներին ապօրինի վարչական պատասխանատվության ենթարկելու փաստը հաստատվում է հենց ՀՀ քրեական ու զինվորական գործերով վերաքննիչ դատարանի որոշումներով, որոնցով վերանայվեցին առաջին ատյանի գրեթե բոլոր որոշումները՝ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ»։ Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի 15 հոդվածի խախտմանը, դիմումատուն նշել էր, որ ընտրական տեղամասերում ԿԸՀ-ի վերահսկողության բացակայության պատճառով ընդգրկվել են 2000-ից ավելի ընտրողներ։ Եվ ընդհանրապես խախտվել է ընտրությունների նախապատրաստման ընթացքում տեղամասային կենտրոնների ձեւավորման օրենսդրությամբ սահմանված կարգը։ Չէին մոռացվել նաեւ քվեատուփերի լցոնման մասին։ Դիմումատուն նշել էր, որ իր նախընտրական շտաբում քվեարկության նախօրյակին «հայտնվեցին մի քանի տասնյակ ստորագրված, կնքված, մյուս թեկնածուի օգտին քվեարկած սահմանված նմուշի քվեաթերթիկներ։ Դրանց մեծաքանակությունը պարզվեց քվեարկության օրը, երբ իմ վստահված անձինք, ընտրողներն ու միջազգային դիտորդները ականատես եղան քվեատուփերի բացահայտ լցոնման բազմաթիվ դեպքերի»։ Ի դեպ, խոսք գնաց նաեւ այն մասին, որ քվեարկության նախօրյակին նախընտրական շտաբում են հայտնվել տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքները զմռսելու համար նախատեսված եւ ԿԸՀ-ի կնիքով կնքված ծրարները։ Հավանաբար դա էր պատճառը, որ փաստաբանը ի շարս այլ միջնորդությունների, միջնորդեց կնիքների անձեռնմխելիությունը երաշխավորելու համար միջոցներ ձեռնարկել, դրանք փոխադրելով կամ ՍԴ-ի չհրկիզվող պահարաններ, կամ զմռսել իրենց կողմից։ Ընդհանրապես ԿԸՀ-ից պահանջել տեղական ընտրական հանձնաժողովների կնիքները՝ մինչեւ դատարանում գործի քննության ավարտը։ Պատասխանող կողմին՝ Տիգրան Մուկուչյանին, տարօրինակ թվաց կնիքների նկատմամբ խափանման միջոց փոխելու միջնորդությունը եւ նա առարկեց դրա դեմ։ Դիմումատուն, վկայակոչելով պաշտոնական տվյալները, իր դիմումում նշել էր, որ Հայաստանում մշտապես ներկա գտնվող մարդկանց թիվը կազմում է 2 մլն 951 հազար։ Մինչդեռ, ԿԸՀ-ի տվյալներով, ՀՀ նախագահական ընտրությունների առաջին փուլին մասնակցել են 1 մլն 463 հազար, իսկ 2-րդ փուլին՝ 1 մլն 595.702 ընտրող։ Հանրապետությունում ներկա գտնվողների կեսից ավելին, փաստորեն, ունեցել են ընտրելու իրավունք, մասնակցել են ընտրություններին, այն դեպքում, երբ պաշտոնական վիճակագրական տվյալներով, 2002թ. դեկտեմբերի դրությամբ, մինչեւ 18 տարեկան բնակչության թիվը հանրապետությունում կազմել է 1 մլն 53 հազար մարդ։ Ա. Սարգսյանը միջնորդեց հետաձգել գործի քննությունը մինչեւ ապրիլի 7-ը։ Նա պահանջեց կնիքների պահպանման կարգի մասին որոշումը, ինչպես նաեւ ոստիկանությունից փետրվարի 19-ի եւ մարտի 5-ի իրավախախտումների վերաբերյալ տեղեկանք եւ ԵԱՀԿ դիտորդական առաքելության եզրակացությունը, որը, ըստ իրենց, մերժվել էր։ Պատասխանող կողմը առարկեց նիստը հետաձգելուն, ընդհակառակը, առաջարկեցին աշխատել եւ հընթացս ծանոթանալ ուղարկվող փաստաթղթերին։ Պաշտպանելով կնիքների անմեղության կանխավարկածը, նրանք հարցրին. «Ի՞նչ է նշանակում, թե կասկածներ կան։ Ի՞նչ իրավական հիմքով կնիքները պետք է հանձնվեն ձեզ»։ Խորհրդակցական սենյակ մտնելուց կես ժամ հետո ՍԴ-ն որոշեց ընդմիջել գործի քննությունը եւ այն շարունակել ապրիլի 5-ին, դիմել դատախազությանը կնիքների անձեռնմխելիության հետ կապված, մնացած փաստաթղթերը պահանջել եւ տրամադրել կողմերին։ Ի դեպ, ՍԴ-ն սենյակներ տրամադրեց կողմերին՝ դատական վիճաբանության այս փուլում։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել