Լրահոս
Օրվա լրահոսը

Նախընտրական մրցավազքը Լոռու մարզում

Ապրիլ 04,2003 00:00

Նախընտրական մրցավազքը Լոռու մարզում Ավանդական խաղաքարտերը կխառնվեն Լոռու մարզի 6 ընտրատարածքներում ԱԺ մեծամասնական կարգով առաջադրված պատգամավորության 61 թեկնածուների ցուցակն ուսումնասիրելիս տպավորություն ստացանք, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն այս անգամ իրար «չնեղացնելու» փոխզիջումային տարբերակներով են հանդես գալիս։ Այսպես, 38 ընտրատարածքում առաջադրված ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Մարտուն Մաթեւոսյանի դիմաց ՀՀԿ-ն ուժեղ մրցակից չի առաջադրել, վերջիններիս տեղափոխելով այլ տարածքներ։ Դաշնակցության շահերն այստեղ, թերեւս, կբախվեն «Օրինաց երկիրի» հետ՝ ի դեմս պատգամավոր Վռամ Գյուլզադյանի։ Ի դեպ, այստեղ է առաջադրված նաեւ ՀԷՑ ՓԲԸ «Դեբեդ» մասնաճյուղի փոխտնօրեն Սենիկ Էվինյանը, որն անկախության տարիներին, մինչեւ 1999թ. գլխավորում էր Հայկոմկուսի Վանաձորի քաղկոմը, սակայն 1999-ին խորհրդարանական ընտրություններից հետո դատապարտող հայտարարությամբ դուրս եկավ Ս. Բադալյանի կոմկուսից՝ համալրելով «Առաջադիմական կոմկուսի» շարքերը։ 35 ընտրատարածքում էլ, որտեղ առաջադրված է ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Արսեն Դարբինյանը, ՀՅԴ անդամ չկա, թեպետ կա ՀՀԿ անդամ այլ թեկնածու եւս, ինչպես նաեւ անկուսակցական պատգամավորներ Համբարձում Ավետիսյանը (Սպիտակի նախկին քաղաքապետ) եւ Վոլոդյա Բադալյանը։ Դաշնակցության թեկնածու Զոհրաբ Թորոսյանը (ՎՊՄԻ դասախոս), որ 2001թ. վերոնշյալ Ա. Դարբինյանի հետ մրցակցում էր թափուր ընտրատարածքում, սակայն պարտություն կրելուց հետո ընտրությունների վերաբերյալ դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ դաշնակցական մամուլում, այժմ առաջադրված է թիվ 36 ընտրատարածքում, որտեղ ՀՀԿ-ն «մեծահոգաբար» թեկնածու չի առաջադրել։ Հնարավոր է, որ տեղական իշխանությունները (ՀՀԿ շարքերը համալրող) այս անգամ ցանկանան աջակցել Զ. Թորոսյանին, ի հեճուկս նույն տարածքում առաջադրված ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի, որն, ինչպես հայտնի է, դուրս է եկել ՀՀԿ-ից եւ գտնվում է ընդդիմադիր դիրքերում («Արդարություն» դաշինքի համամասնական ցուցակում Վ. Դալլաքյանը զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը)։ Այս ընտրատարածքում է առաջադրված նաեւ ՀԿԿ Վանաձորի քաղկոմի 1-ին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը, որ կոմկուսի համամասնական ցուցակի 7-րդ տեղում է։ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն, ինչպես 1999թ., այնպես էլ այժմ, առաջադրվել է որպես անկուսակցական։ Թիվ 37 ընտրատարածքում նրա՝ ընդամենը 3 մրցակիցներից մեկը ՀՀԿ անդամ Կարեն Սարիբեկյանն է՝ ՀԷՑ ՓԲԸ «Դեբեդ» մասնաճյուղի տնօրեն։ Ինչպես 1999թ., այս անգամ էլ կմրցակցեն ՀԺԿ Ալավերդու տարածքային կազմակերպության քարտուղար Լարիսա Փարեմուզյանը եւ ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Քոչինյանը՝ թիվ 40 ընտրատարածքում։ Լոռու մարզում մեծամասնական կարգով ՀՀԿ-ն ունի 6, «Օրինաց երկիրն» ու «Ազգային միաբանությունը»՝ 3-ական, ՀՅԴ-ն, ՀԿԿ-ն ու ՀՀՇ-ն՝ 2-ական թեկնածու։ 1-ական թեկնածուներ ունեն ՀԺԿ-ն, ՀՌԱԿ-ը, ՀԺԱՄ-ն, ԱԺՄ-ն, «Ժողովրդավարական հայրենիքը», «Հզոր հայրենիքը», «Արժանապատիվ ապագան», ՀԴԿ-ն, «Հանրապետությունը»։ Ի տարբերություն նախորդ խորհրդարանական ընտրությունների, այս տարի ԱԻՄ-ը մեծամասնական ցուցակում թեկնածու չունի Լոռու մարզում։ Կան թեկնածուներ, որոնց տվյալներում չնայած նշված է «անկուսակցական», սակայն իրականում նրանց «կուսակցությունը» գործող նախագահն է։ Այդօրինակ «անկուսակցականները» որոշ ընտրատարածքներում կարող են խառնել ավանդական եւ ուժեղ թեկնածուների խաղաքարտերը։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել