Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Ապրիլ 05,2003 00:00

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ «Հայաստանում ինձ զգում եմ ինչպես իմ հայրենիքում»,- խոստովանեց Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության ներկայացուցչության ղեկավար Ֆայեզ Աբսին: Սա այն դեպքում, երբ պարոն Աբսին մեր երկրում է ընդամենը կես տարուց մի փոքր ավելի: Նրա կարծիքով, մեր երկու ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող բազմաթիվ նմանություններն են հիմք հանդիսանում Հայաստանում օտարության զգացողությունը չզգալու համար։ Հավանաբար, դրա համար էլ մեր զրույցը միանգամից ու անմիջական ստացվեց՝ առանց ձեւական կողմի պահպանման: Ֆայեզ Աբսին ծնունդով դամասկոսցի է, 1969 թվականին ավարտել է իրավաբանական ֆակուլտետը, որոշ ժամանակ զբաղվել է իրավագիտությամբ: Իսկ դիվանագիտական գործունեությունը սկսել է 1974 թվականից, երբ առաջին աշխատանքն է ստացել Սիրիայի արտաքին գործերի նախարարությունում: Այս ողջ ընթացքում նա նախարարությունում զբաղեցրել է դիվանագիտական տարբեր աստիճաններ՝ հասնելով մինչեւ լիազոր-նախարարի աստիճանի: «Ես ծառայել եմ բազմաթիվ երկրներում, որտեղ Սիրիայի դեսպանատներ կան: Այժմ ես ծառայում եմ Հայաստանում՝ ինձ թվում է, թե ես հենց իմ հայրենիքում եմ ծառայում։ Սիրիացի եւ հայ ժողովուրդները շատ նման են իրար եւ՛ ձեւով, եւ՛ ավանդույթներով»: Հայտնի է, որ Սիրիայում հայկական մեծ համայնք կա՝ Սիրիայի դեսպանի դիտարկմամբ, երկար տարիներ ապրելով Սիրիայում, հայերը դարձել են սիրիացիներ: Այնտեղ չես կարող տարբերել հայ եւ սիրիացի ժողովուրդներին՝ ելնելով արտաքինից, ձեւից: «Ես երբ քայլում եմ Երեւանի փողոցներով, չգիտեմ՝ ես հա՞յ եմ, թե՞ օտար: Սա ինձ շատ է ուրախացնում եւ թվում է, թե իմ երկրորդ հայրենիքում եմ»: Սիրիայի դեսպանի կարծիքով, մեր երկու ժողովուրդները նման են իրար ոչ միայն արտաքինով, ավանդույթներով, այլ նույնիսկ պատմությամբ ու քաղաքական խնդիրներով: Որպես օրինակ նա բերեց Հայաստանի համար ղարաբաղյան խնդիրը, իսկ Սիրիայի համար՝ Հոլանի բարձունքների հարցը: «Հայաստանում ես գտա բարի ժողովուրդ, հանգիստ ժողովուրդ՝ իր ուրախություններով, ազգային նկարագրով, ազգային ֆոլկլորով: Սա խոսում է ուրախության հանդեպ հայ ժողովրդի սիրո մասին։ Ժողովուրդը ժամանակ է հատկացնում եւ աշխատանքի համար, եւ ուրախության համար։ Եվ անվտանգությունը, որ տիրում է Հայաստանում, նկատելի է։ Այստեղ գտնվելուս ողջ ընթացքում ես քայլում եմ փողոցներով ու շատ հանգիստ եմ, քանի որ զգում եմ, որ անվտանգություն գոյություն ունի: Իսկ երբ մարդիկ զգում են, որ ես Սիրիայի ներկայացուցչության ղեկավարն եմ՝ ավելի սիրով են ինձ ողջունում»: Նախընտրում է պարային խմբերով ռեստորանները Մեր ազգային խոհանոցների նմանությունն այնքան մեծ է, որ պարոն Աբսիի կարծիքով, ավելի հեշտ է տարբերություններից խոսել, քան նմանություններից: Այդուհանդերձ, շատ նմանություն կա հավից պատրաստվող ուտեստների կամ ցանկացած մսամթերքից պատրաստվող քյաբաբների միջեւ։ Առհասարակ, մսից պատրաստվող գրեթե բոլոր կերակուրները նույնն են երկու ժողովուրդների մոտ: Թերեւս, սիրիական խոհանոցի տարբերությունը հիմնականում կանաչեղենի եւ բանջարաբոստանային բույսերի առատության մեջ է։ Ու եթե միրգ-բանջարեղենը Հայաստանում սեզոնային բնույթ է կրում, Սիրիայում ցանկացած բույս կա տարվա բոլոր եղանակներին: Ֆայեզ Աբսիի խոստովանությամբ, մեր քաղաքում բազմաթիվ ռեստորաններ կան, ուր ինքը հաճույքով է այցելում։ Սակայն ընթրելիս նախապատվությունը տալիս է այն ռեստորաններին, որտեղ պարային խմբեր կան: Ի դեպ, հայկական խոհանոցից պարոն Աբսին իր համար առանձնացրել է իշխանը եւ հավի քյաբաբը: Պարոն Աբսին իր պաշտոնավարության մի քանի ամիսների ընթացքում հասցրել է մի հետաքրքիր դիտարկում անել, ըստ որի, հայերս, ի տարբերություն սիրիացիների, ավելի շատ ենք ալկոհոլային խմիչք օգտագործում: «Այս կամ այն երկրում առաքելություններ կատարելիս միշտ չէ, որ դիվանագետին ուղեկցում է կին: Հաճախ ստիպված ես լինում ինքդ հոգալ սնվելուդ հարցերը: Ես կարողանում եմ կերակուր պատրաստել, հատկապես կանաչեղենով ցանկացած սալաթ ես պատրաստում եմ»: Սիրիայի դեսպանի ուշադրությունը, սակայն, գրավել է ոչ միայն հայերիս վերաբերմունքը։ «Իմ ուշադրությունը Հայաստանում գրավել է այն հանգամանքը, որ մարդիկ՝ հատկապես կանայք, շատ կոկիկ են հագնվում: Հագուստից դատելով, չես կարող որոշել՝ այս աղջիկը հարո՞ւստ է, թե՞ աղքատ: Հայերը շատ գեղեցիկ բնավորություն ունեն՝ գոնե գեղեցիկ երեւալ արտաքինով»: Անշուշտ, ժամանակի հիմնական մասը խլում է դիվանագիտական աշխատանքը, սակայն ազատ պահերի դեպքում Սիրիայի դեսպանը նախընտրում է զբաղվել լողով կամ պարզապես քայլել փողոցում՝ ցանկալի է օրական մեկից-երկու ժամ: Ի դեպ, պարոն Աբսին դասական երաժշտության մեծ սիրահար է, նա շաբաթական գոնե երկու անգամ այցելում է համերգային դահլիճներ: «Երբ լսում եմ երաժշտություն՝ իրոք հանգստություն եմ զգում։ Կարծես թե լիցքաթափվում եմ ու հանգստանում ծանր աշխատանքից: Իմ ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ, անկախ տարիքից, հայերը սիրահարված են երաժշտությանը: Եվ ինձ շատ զարմացրին փոքր երեխաների սպորտային եւ պարային կատարումները՝ հատկապես «Բարեկամություն» եւ «Իզաբելա» խմբերը»: Միակ տարբերությունը լեզուն է Շարունակելով ազգային նմանությունների թեման, Սիրիայի դեսպանը նկատեց, որ հայերս, ի տարբերություն սիրիացիների, քիչ ենք այցելում եկեղեցի: Նրա դիտարկմամբ, նույնիսկ սիրիահայերը, հայաստանցիների համեմատ, ավելի հաճախ են այցելում եկեղեցի: Սակայն մնացած գրեթե բոլոր առումներով, ասենք, հասարակական ապրելակերպի, երկու ժողովուրդներն էլ շատ նման են։ «Իրոք, ես Հայաստանում ինձ օտար չզգացի, քանի որ ավանդույթներով ու սովորույթներով իսկապես շատ նման ենք: Դամասկոսից Երեւան այցելելիս նույն զգացողությունը ունեցա, ինչ, ասենք, Հալեպ այցելելիս: Այսինքն, ես ինձ զգացի ինչպես Սիրիայի մի նահանգում: Միակ տարբերությունը, որ գտա, դա լեզվի տարբերությունն է, եթե լեզուն էլ նունը լիներ՝ ոչ մի տարբերություն չէի զգա»: Ֆայեզ Աբսին ունի մի աղջիկ եւ երկու տղա։ Մեծ տղան ու աղջիկը ամուսնացած են Սիրիայում, իսկ փոքր տղան Երեւանում է, սովորում է Սլավոնական համալսարանում՝ միաժամանակ կրթություն ստանում Սիրիայում: Ի դեպ, պարոն Աբսին չափազանց ազգային մոտեցում է որդեգրել դիվանագիտական առաքելությունների մեկնելիս: Նա մինչ Հայաստանում ծառայության անցնելը հիմնականում աշխատել է արաբական երկրներում՝ նպատակով, որ իր երեխաները կարողանան սովորել ու մտածել արաբերեն: Տիկին Աբսին դիվանագիտական առաքելությունների ժամանակ մշտապես ուղեկցում է ամուսնուն: Այդ առաքելությունների ժամանակ էլ կինը մշտապես ընդգրկված է լինում դեսպանատան ներքին աշխատանքում, զբաղվում հասարակական գործունեությամբ, իհարկե, այդ գործունեությունը ավելի ակտիվ ծավալել է արաբական երկրներում: Հայաստանում, հաշվի առնելով լեզվի խնդիրը, փոքր172ինչ պասիվացել է։ Աստված բոլորիս միանման է ստեղծել Պարոն Աբսին այն համոզումն ունի, որ սովորական մարդկանց հետ շփումները մեծ դեր են խաղում տվյալ երկրում փոխհարաբերությունների հաստատմանը, այդ երկրի սովորույթներին արագ հարմարվելուն եւ, ինչու չէ, դիվանագիտական առաքելություն իրականացնելիս։ Անձամբ ինքը այս ընթացքում հասցրել է ծանոթանալ ու նույնիսկ մտերմանալ շատ հայ ընտանիքների հետ, այս դեպքում էլ թերեւս միակ անհարմարությունը լեզվի խնդիրն է: Ասեմ, որ դեսպան Աբսիի համար աշխատանքի ընթացքում եղած զվարճալի դեպքերն էլ կապված են հատկապես լեզուների չիմացության հետ: «Դիվանագիտական աշխատանքում շատ հաճախ խոսում ենք թարգմանչի օգնությամբ, իրար ժպտում ենք՝ չհասկանալով անգամ, թե ինչ ենք մեկմեկու ասում: Ամենազվարճալին Իսպանիայում էր, երբ փորձում էի որեւէ այլ լեզվով, ասենք, անգլերեն խոսել իսպանացիների հետ։ Իրենք, միեւնույն է, շարունակում էին խոսել միայն իսպաներեն»: Պարոն Աբսիի դիտարկմամբ, դիվանագիտական ծառայությունը հնարավորություն է տալիս ոչ միայն ծանոթանալ տարբեր ժողովուրդների ավանդույթներին, այլեւ նույնիսկ որոշակիորեն ընդօրինակել այդ ավանդույթներից ինչ172որ բաներ: «Իմ եզրակացությամբ, մարդն, առհասարակ, մարդ է իր մտածողությամբ, իր բնավորությամբ եւ իր համագործակցությամբ եւ ոչ թե կրոնից, ազգից, մաշկի գույնից ելնելով: Աստված մեզ բոլորիս ստեղծել է միանման եւ բոլորս էլ մեռնելու ենք, այսինքն բոլորս հավասար ենք Աստծո առաջ։ Ես ցանկանում եմ, որ սերն ու խաղաղությունը տիրի, որպեսզի ողջ աշխարհում լինի խաղաղություն, քանի որ բոլորիս Աստված է ստեղծել եւ սատանան է մեր մեջ չարը մտցրել: Ուրեմն շրջվենք դեպի Աստված՝ այդ բարի հոգին, որպեսզի համերաշխություն եւ փոխըմբռնում լինի բոլոր մարդկանց միջեւ»: Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել