Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԺԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

Ապրիլ 12,2003 00:00

ՈՒԺԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ «Այս պատերազմը պետք է կանխի պատերազմը Մերձավոր Արեւելքում: Մենք միայն հաղթանակ ենք սպասում: Հաղթանակ, որը ոչ միայն Ամերիկայի, այլեւ մնացած բոլոր երկրների ցանկությունն է»,- նման խոսքերով 2003 թվականի մարտին Ջ. Բուշը հայտարարեց իրաքյան պատերազմը սկսելու մասին: Սակայն դրանից հետո տեղի ունեցածը վկայում է, որ «այս պատերազմը» ոչ միայն չի կանխի մերձավորարեւելյան խաչաձեւ բախումները, այլեւ կարող է հրահրել քաղաքակրթությունների աննախադեպ պայքարը: Ու թեւ ԱՄՆ հաղթանակին ոչ ոք չի կասկածում, դրա մեջ շահագրգռված են նախեւառաջ այն պետությունները, ովքեր սկսել են պատերազմը: Որքան էլ տարօրինակ է, բայց միջազգային կազմակերպությունների ետնաբեմերում ու հրապարակային վայրերում կազմակերպած դիվանագիտական քաշքշուկները անհրաժեշտ էին ոչ թե ԱՄՆ-ին ու նրա դաշնակից Մեծ Բրիտանիային, այլ մնացած բոլորին: Քանի որ այն բանից հետո, երբ առաջին անգամ հայտարարվեց «ով մեզ հետ չէ, նա մեր դեմ է», ավելի ու ավելի է ակնհայտ դառնում` ԱՄՆ-ն իր միակողմանի որոշմամբ միտք ունի կարգուկանոն հաստատել ոչ միայն Եվրասիայի արեւելքում, այլեւ ողջ աշխարհում: Այդ կարգը ոչ մի կերպ չի համապատասխանում մինչ այդ գործող միջազգային իրավունքի նորմերին եւ ամենեւին էլ չի բխում նույնիսկ ավանդաբար ամերիկանամետ երկրների շահերից: Երբ 2001 թվականի աշնանը ԱՄՆ-ն գնաց պատերազմելու Աֆղանստանի դեմ, բոլորը փորձեցին հասկանալ այդ քայլը եւ քչերը նկատեցին, որ «ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարը» նեղացվեց մինչեւ «ԱՄՆ հակաահաբեկչական գործողություն»: ԱՄՆ-ի դիվանագիտական այս «թերացումը» ներեցին. ԱՄՆ-ն բարոյական լուրջ հարված էր ստացել եւ նրան տվեցին իրավիճակը Աֆղանստանում շտկելու հնարավորություն: Եթե ելնենք հայտարարված պատճառաբանություններից, ապա Իրաքի դեմ պատերազմը պետք է համարենք միջազգային ահաբեկչության դեմ պայքարի տրամաբանական շարունակություն: Սակայն Հուսեյնի ռեժիմի դեմ ուղղված կանխարգելիչ հարվածն այսօր շատերին է գրգռում: Հարված այն բանի համար, որ այս ռեժիմը կարող էր երբեւէ կիրառել այդպես էլ չհայտնաբերված քիմիական զենքը: ԱՄՆ-ն ժողովրդավարության խորհրդանիշն էր ինչպես իր քաղաքացիների, այնպես էլ դրսի մարդկանց համար: Սակայն այսօր նրա վարած քաղաքականության մեջ չկան մյուսների հետ առանձնապես հաշվի նստելու նույնիսկ մնացորդային երեւույթներ: Հանգամանք, որը կարող է լրջագույն խնդիրներ առաջացնել նախեւառաջ ԱՄՆ-ի համար իր այդ անքննելի առաջնորդ դառնալու ճանապարհին: Ուժը առաջ է բերում հակազդեցություն, ուժը շատ փոփոխական ու անկայուն կատեգորիա է: Իրաքյան իրադարձությունները դարձան միջազգային հարաբերությունների ճգնաժամի նախանշանը, ինչի հետեւանքները կարող են արտահայտվել բոլորի վրա: Ուստի մոտալուտ նոր աշխարհակարգի եւ միջազգային փոխհարաբերությունների հետյալթյան նորմերի արմատական փոփոխությունների մասին խոսում են ամենուր, այդ թվում նաեւ Հարավային Կովկասի երկրներում: Ինչպես սովորաբար, նախեւառաջ վերլուծում են ԱՄՆ գործողությունների նկատմամբ երեք երկրների պաշտոնական շրջանակների դիրքորոշումները: Հետաքրքիր է, որ Վրաստանի եւ Ադրբեջանի փորձագետներն ու վերլուծաբանները կասկածանքով են մոտենում իրենց իշխանությունների ԱՄՆ-ին սատարելու նպատակահարմարությանը, իսկ հայկական վերլուծական շրջանակներում պնդում են, որ իր ավանդաբար ցցուն ռուսամետության պատճառով Հայաստանը հերթական անգամ բաց թողեց գլոբալ քաղաքական գործընթացին ինտեգրվելու հնարավորությունը: Ի՞նչ է նշանակում իրաքյան պատերազմը եւ ինչի՞ կարող է այն հանգեցնել. այս խնդիրները քննարկվեցին «Պատերազմ Իրաքում – 2003» ինտերնետ-կոնֆերանսի ընթացքում, որը կազմակերպել էր Հետաքննող լրագրողների ընկերակցության «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը եւ որին մասնակցում էին տարածաշրջանի երեք երկրների վերլուծաբանները: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ քննարկման ընթացքում արտահայտած տեսակետներից: Ալեքսանդր Ռուսեցկի – Տարածաշրջանային անվտանգության հարավկովկասյան ինստիտուտ (Վրաստան) «Ինչո՞ւ ենք դեմ Իրաքում ռազմական գործողություններին: Որովհետեւ դա նպաստում է քաղաքական կլոն-ռեժիմների ստեղծմանը, սպառում է ժողովրդավարական արժեքները, Հուսեյնը հերոս է դառնում, իսկ հետագայում բազմաթիվ մուսուլմանների կողմից նաեւ կսրբացվի: Որովհետեւ ֆաշիստամետ Ճապոնիայի ատոմային ռմբահարումն ու հուսեյնյան Իրաքի ռմբահարումը նույն բանն են: Որովհետեւ դրանով համատարած անպատժելիության եւ քաոսի հնարավորություն է ստեղծվում: Որովհետեւ դա նպաստում է մահապարտ ահաբեկիչների «բազմացմանը»: Ինքնասպաններ, որոնք կսպառնան մեզանից յուրաքանչյուրին: Որովհետեւ Բուշի ուսերի վրա հենվելով` մեր կառավարիչները կարող են կրկնել իրենց սխալը եւ հրահրել «սառեցված բախումների» ակտիվացումը եւ այլն»: Դավիթ Հովհաննիսյան – ԵՊՀ դոցենտ, արտակարգ եւ լիազոր դեսպան (Հայաստան) «ԱՄՆ-ն իր առջեւ դրել է աշխարհի եւ միջազգային հարաբերությունների այնպիսի մոդելի ձեւավորման խնդիր, որը լիովին կհամապատասխանի ուժերի իրական հարաբերակցությանը: Նոր մոդելը պետք է արտացոլի աշխարհի միաբեւեռությունը, այն պետք է տա համաշխարհային կենտրոնից ղեկավարելու ռեալ հնարավորություններ: Սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ արտաքին քաղաքականությունը հակասում էր ներքին քաղաքականությանը, եւ ինչպես միշտ նման դեպքերում պետք է արմատապես տրանսֆորմացվեր: Հայտարարված թիրախը` միջազգային ահաբեկչությունը, չունի կոնկրետ ուրվագծեր, եւ այդ պատճառով օգտակար չէ որպես նշանակետ: Դա «իր մեջ ներքաշող համակարգ է», չունի ինստիտուցիոնալ կենտրոնի անհրաժեշտություն: Այդ պատճառով էլ նրա դեմ պայքարելը շատ դժվար է, ահաբեկչության դեմ պատերազմում հաղթանակը երբեք շոշափելի եւ վերջնական չի լինի: Եթե անգամ առասպելական Բեն Լադենը ձերբակալվի, պայքարը չի ավարտվի: Սեպտեմբերի 11-ի համար մեղավորներին պատժելու ամերիկյան հասարակության պահանջը պետք է կոնկրետ բավարարվի: Հենց այդ նպատակի համար լավագույնս հարմար են իզգոյ երկրները. սկզբում Աֆղանստանը, հետո Իրաքը: Դրա հետ մեկտեղ մշակութային եւ քաղաքակրթական առաջնորդության տեսանկյունից, տնտեսական եւ բազմաթիվ այլ հարցերում (բացի ռազմաքաղաքականից) ԱՄՆ-ի, որպես համաշխարհային առաջնորդի, դերը անվիճելի չէ»: Նուգզար Գոգորիշվիլի – բախումնաբան (Վրաստան) «Մեզ ի՞նչն է մտահոգում. նպատակին հասնելու համար ընդհանրապես ռազմական գործողությունների վարո՞ւմը, թե՞ Սադամ Հուսեյնի դեմ ուղղված հակաիրաքյան դաշինքի կոնկրետ գործողությունները: Ողջ աշխարհում իրադարձությունների նման զարգացմանը սպասում էին մեկ տարի շարունակ: Ինչո՞ւ այդ դեպքում, երբ դեռ կարելի էր որոշում կայացնել ու չհասնել ռազմական բախումների, միջազգային հանրությունը իրեն նույնքան ակտիվ չէր պահում, որքան այսօր: Ինչո՞ւ իրաքյան պատերազմի այսօրվա թշնամիները լռում էին 2001 թվականին: Չէ՞ որ այն ժամանակ Աֆղանստանում էլ էին զոհվում մարդիկ: Թե՞ նրանք ուրիշներ էին, ահաբեկիչներ, որոնք սպանում են իրենց տարածքներից դուրս: Իսկ Սադամը, եթե սպանում էլ է, ապա իր տա՞նն է դա անում: Հուսեյնի ռեժիմի վերացումը պետք է բխեր միջազգային ժողովրդավարական հանրության շահերից: Ինչո՞ւ ունենալով այնպիսի կառույցներ, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԵԽ-ն, ԵԱՀԿ-ն, այդ հանրությունը չօգտագործեց իր հնարավորությունները Սադամ Հուսեյնին Հաագայի տրիբունալի առջեւ կանգնեցնելու համար: Դրա համար պատճառները բավարար էին: Եթե ոչ ոք չի խառնվում այլ պետության ներքին գործերին (նույնիսկ այն ժամանակ, երբ քիմիական զենքի կիրառմամբ եղեռն է իրագործվում սեփական քաղաքացիների դեմ), ապա ոչ լրիվ տասը տարիների ընթացքում Սադամ Հուսեյնը երկու անգամ զավթողական պատերազմ է վարել հարեւան պետությունների դեմ: Առաջինը Իրանի դեմ էր, տեւեց ութ տարի, երկրորդը` Քուվեյթի դեմ պատերազմը, հաջողվեց դադարեցնել ութ ամիս հետո՝ շնորհիվ հենց միջազգային դաշինքի (դրսից ուժի) միջամտության»: Սուրեն Բաղդասարյան – արեւելագետ, պատմական գիտությունների թեկնածու (Հայաստան) «ԱՄՆ ռազմական գործողությունները կարող են հանգեցնել մերձավորարեւելյան սահմանների արմատական վերաձեւման: Վաշինգթոնում դեռ չեն որոշել՝ ինչ պետք է անել Իրաքի հետ պատերազմն ավատելուց հետո: Գործողությունն սկսելուց դեռ շատ առաջ ուղենշվում էր միասնական ժողովրդավարական Իրաքի ստեղծումը: Ամերիկացիները բազմիցս հայտարարել են, որ շահագրգռված են Իրաքի ամբողջականության պահպանմամբ: Սակայն, փորձագետների կարծիքով, Սադամ Հուսեյնի բռնապետության տապալումից հետո երկրի ամբողջականությունը պահպանել չի հաջողվի: Բանն այն է, որ Իրաքում փաստորեն չկան ուժեր, որոնք շահագրգռված են միասնական պետության պահպանմամբ: Իրաքում բնակվող սուննիթների, շիիթների եւ քրդերի շահերը տրամագծորեն հակադիր են, նրանց ոչինչ չի կապում: Միակ ուժը, որն ունակ է պահպանել Իրաքի ամբողջականությունը, Սադամի ռեժիմի նման խիստ բռնապետությունն է: Քրդերը երազում են անկախ Քրդստանի մասին, շիիթներն ունեն իրանյան կողմնորոշում, իսկ սուննիթները, որոնց բռնապետությունը քիչ հետո կտապալվի ամերիկացիների հարվածներից, պարզապես այլեւս չեն կարողանա տիրապետել երկրի իրավիճակին: Փորձագետների կարծիքով քաղաքացիական պատերազմը թույլ չտալու համար, պատերազմ, որը կարող է ապակայունացնել աշխարհի նավթարտահանող հիմնական տարածաշրջանը, ամերիկացիները կարող են այնուամենայնիվ գնալ Իրաքի բաժանմանը: Ընդ որում, քրդերը դե ֆակտո կստանան անկախություն, շիիթյան շրջանները կդառնան Իրանի բաժինը, իսկ սուննիթներով եւ քրիստոնյաներով բնակեցված շրջանները կանցնեն Իսրայելի հովանավորության տակ: ԱՄՆ դիրքերի անորոշությունը ըստ ամենայնի կապված է նաեւ այն բանի հետ, որ ամերիկացիներին դեռ չի հաջողվում Իրաքի ապագայի մասին պայմանավորվածություններ ձեռքբերել տարածաշրջանային խոշոր դերակատարների` Թուրքիայի եւ Իրանի հետ: Սրանք էլ են պնդում հաշվի առնել իրենց շահերը: Անկարային նախեւառաջ անհանգստացնում է Իրաքի հյուսիսում ապագա քրդական ինքնավար շրջանի հարցը: Քրդական առաջնորդները բազմիցս հայտարարել են, որ Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումից հետո մտադիր են հասնել անկախության: Իսկ Իրանը, թեեւ համարվում է տարածաշրջանում ԱՄՆ հիմնական թշնամին, Իրաքի դեմ գործողության նախօրեին կարողացավ հասնել հատուկ ծառայությունների մակարդակով Վաշինգթոնի հետ սերտ համագործակցության: Առանց Թեհրանի օգնության, ամերիկացիների համար ծայրաստիճան դժվար կլինի գործել մարտունակ շիիթներով բնակեցված Հարավային Իրաքում: Փորձագետների կարծիքով, Իրաքի ապագայի հարցը որոշելիս ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Իրանի կարծիքի հետ»: Ռաուֆ Ռաջաբով – բախումնաբան (Ադրբեջան) «Եվ այսպես, ինչ վերաբերում է շիիթներին եւ Իրաքի հարավին` հետագայում այս ամենը Իրանին բաժին հասնելու պայմանով, ինչպես նաեւ Իրաքի հյուսիսին եւ քրդերին, որոնք «հնարավոր է» կստեղծեն անկախ պետություն, կարող եմ ասել հետեւյալը. 1. Իրաքն ինչպես եղել, այնպես էլ կլինի տարածապես ամբողջական: 2. Իրանը եւ Հյուսիսային Կորեան մտնում են «չարիքի առանցքի մեջ» եւ ԱՄՆ-ն իր դաշնակից Մեծ Բրիտանիայի հետ այս հանգամանքը անվավեր չեն ճանաչել: 3. Թուրքիան շատ ճիշտ եւ հավասարակշռված է գործում նման աշխարհաքաղաքական իրավիճակում (10 մլն քրդեր ապրում են Թուրքիայում): Եթե նայենք այս տարածաշրջանի քարտեզին, ապա կտեսնենք, որ քրդական խնդիրը կապ ունի Իրաքի, Իրանի, Թուրքիայի, Սիրիայի եւ մասամբ Հարավային Կովկասի շահերի հետ: Եկեք չմոռանանք որոշ երկրների այս խաղաքարտը օգտագործելու ցանկությունը: Այդ պատճառով եւ Եվրոպային, եւ այս տարածաշրջանի երկրներին պարզապես ձեռնտու է, որ Թուրքիան Իրաքի հյուսիսում լինի կայունության երաշխավորը (բնականաբար, միջազգային հանրության հսկողության տակ եւ Եվրախորհրդի ու ՆԱՏՕ-ի որոշումների առկայության դեպքում): 4. Ինչ վերաբերում է Իրանին, ապա այս երկիրը ձգտելու է իր հարեւանների հետ խնդիրները լուծել ոչ թե ռազմանավերի ու ինքնաթիռների, այլ բանակցությունների միջոցով: Հետաքրքիր է, որ Իրաքը, Իրանը, Սիրիան եւ Հյուսիսային Կորեան Ռուսաստանի դաշնակիցներն են: Վերջերս հաճախ են հիշատակում Ս. Հանտինգթոնի քաղաքակրթությունների բախման մասին կոնցեպցիան: Ահա այստեղ էլ ենք մենք հայտնվել տարբեր ճամբարներում: Իրաքյան պատերազմի հետեւանքներն արտահայտվում են նաեւ մեր տարածաշրջաններում: 1985 թվականից հետո առաջին անգամ Ռուսաստանն անցկացրեց զորավարժություններ Հյուսիսային Կովկասում եւ Հեռավոր Արեւելքում»: ԼԱՈՒՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Կոնֆերանսի նյութերին ամբող-ջապես կարող եք ծանոթանալhttp ://www.hetq.am/ru/r-forum.html

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել