Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո» կամ «ոչ»՝ ինչի՞ն

Մայիս 20,2003 00:00

«Այո» կամ «ոչ»՝ ինչի՞ն Անցած կիրակի Շվեյցարիայում անց է կացվել հանրաքվե: Դա այդ երկրի համար սովորական, առօրյա երեւույթ է՝ պետությունը հաճախ, երբեմն տարին մի քանի անգամ, «խորհրդակցում» է իր քաղաքացիների հետ այս կամ այն հրատապ խնդրի շուրջ: Տվյալ դեպքում հանրաքվեի էր դրվել 9 հարց: Դրանց թվում կան խնդիրներ, որոնք հրատապ են բազմաթիվ երկրների համար, նաեւ՝ մեր: Օրինակ, պե՞տք է արդյոք մոտակա 5 տարում փակել ատոմակայանները: Կամ՝ անհրաժե՞շտ է արդյոք 3 անգամ կրճատել բանակը: Հանրաքվեի դրված են նաեւ հարցեր, որոնք մեզ համար «եվրոպական էկզոտիկա» են թվում: Ասենք, կարելի՞ է արդյոք ազատել շվեյցարացիներին իրենց տանը կից ստորգետնյա նկուղ սարքելու պարտականությունից՝ հնարավոր միջուկային հարձակումից պաշտպանվելու համար: Կամ՝ պե՞տք է արդյոք տարին 4 կիրակի արգելել ավտոմոբիլային տրանսպորտի երթեւեկությունն ամբողջ երկրում: Սակայն ուշագրավ է ոչ այնքան հարցերի բովանդակությունը, որքան հանրաքվեի ճիշտ ընտրված ձեւը: Քաղաքացիների առաջ դրված են կոնկրետ հարցեր, որոնք պահանջում են հստակ պատասխաններ՝ «այո» կամ «ոչ»: Մինչդեռ Հայաստանում հանրաքվեի է դրված Սահմանադրության ինչ-որ «բարեփոխված տարբերակ», որի «դեմ» կամ «կողմ» պետք է քվեարկեն հարյուր հազարավոր քաղաքացիներ, բայց որի բովանդակությանը հազիվ թե ծանոթ է մի 100 հոգի: Բայց չէ՞ որ մենք էլ կարող էինք ձեւակերպել մի քանի հարց եւ քաղաքացիներից ակնկալել հստակ պատասխաններ: Երբ քվեարկության օրն ընտրողի ձեռքին է հայտնվում քվեաթերթիկ, այդ փաստաթղթում պետք է լինեն կոնկրետ հարցադրումներ: Օրինակ. – դուք համաձա՞յն եք, որ նախագահը առանց վարչապետի առաջարկության նշանակի եւ ազատի գլխավոր դատախազին, – դուք համաձա՞յն եք, որ նախագահն իրավունք ունենա լուծարել ԱԺ-ն՝ խորհրդարանի ընտրվելուց մեկ տարվա ընթացքում, – դուք համաձա՞յն եք, որ նախագահի պաշտոնանկության հարցը կախված լինի Սահմանադրական դատարանի եզրակացությունից: Եվ այսպես շարունակ: Այդ դեպքում քաղաքացիները «այո» կամ «ոչ» կասեն ոչ թե «սահմանադրական բարեփոխումներին» ընդհանրապես, այլ ամեն մի կոնկրետ փոփոխությանը, որը նշված կլինի քվեաթերթիկում: Մնում է հուսալ, որ հաջորդ նախագահը, որը, վստահաբար կարելի է ասել, նույնպես կցանկանա մտնել Հայոց պատմության մեջ որպես «սահմանադրական բարեփոխիչ», կդիմի սահմանադրական հանրաքվեի հենց այս ձեւին: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել