Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՆՏԵՍՎԵԼ

Հունիս 06,2003 00:00

ՕՐԵՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՆՏԵՍՎԵԼ Խորհրդարանական քարոզարշավը եւս անցավ զանգվածային օրինախախտումներով, եւ դրանք կանխելու կոչված պատկան մարմինները հերթական անգամ դրսեւորեցին անգործություն: Օրինակ՝ գրեթե բոլոր հեռուստաընկերությունները քարոզարշավի ընթացքում խախտեցին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը, ըստ որի՝ նաեւ թեկնածուների հետ հարցազրույցները պիտի պարտադիր ուղեկցվեին «Նախընտրական քարոզչական հաղորդում» կամ «Քաղաքական գովազդ» լուսագրով: Սակայն մինչ այժմ որեւէ մեկը դրա համար տուգանքի չի ենթարկվել: Թեեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը երեկ մեր հարցին ի պատասխան հայտնեց, թե անդրադառնալու են այդ խնդրին, ու նաեւ ընդգծեց նույն խնդիրը, որն արծարծվել էր նախագահի ընտրության ընթացքում էլ: Խոսքը քարոզչության օրենսդրական սահմանման բացակայության մասին է, որ հնարավորություն է ընձեռում կամայական մեկնաբանություններով գնահատել, թե տվյալ հաղորդումն իր ազդեցությամբ քարոզչակա՞ն է. թե՞ ոչ: Նշենք, որ պրն Ամալյանը չի համարում, թե քարոզչական էին «Հայլուրից հետո», «Այցեքարտ», «Խոսք», «Օր», «Հեռանկար» եւ նման հաղորդաշարերով պատգամավորության թեկնածուների հետ հարցազրույցները, որոնք էլ, ի դեպ, չեն ունեցել համապատասխան լուսագրեր: «Ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի մի դրույթ որեւէ մեկնաբանության տեղիք չի կարող տալ՝ օտարերկրյա քաղաքացիներին արգելված է ընդգրկվել նախընտրական քարոզչության մեջ: Սակայն Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի կարծիքը «Հզոր Հայրենիք»-ի բուկլետում էր, իսկ Ռուսաստանի «Կյանքի» կուսակցության ներկայացուցիչ Հ. Օհանյանը քարոզեց հօգուտ ՀԺԱՄ-ի: Ամենակարեւորը՝ թեեւ «Ընտրական օրենսգրքի» 112 հոդվածի համաձայն նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուն իրավունք ունի ծախսել նվազագույն աշխատավարձի 5 հազարապատիկը, իսկ կուսակցությունը՝ 60 հազարապատիկը չգերազանցող գումար, ակնհայտ է, որ առնվազն որոշ կուսակցությունների՝ ՀՀԿ-ին, «Օրինաց երկրին», ՀՅԴ-ին, ՀԺԱՄ-ին եւ այլոց, այդ գումարը բավական չէր լինի անգամ իրենց իրականացրած հեռուստատեսային քարոզարշավի ծախսերը փակելու համար: Էլ ավելորդ է խոսել այլ ծախսերի մասին՝ ասենք, միայն «Օրինաց երկրի» հանրահավաքի մասնակիցներին 30 հազար շապիկներ տրամադրելու համար անհրաժեշտ կլիներ առնվազն 60 հազար դոլար: Ուստի՝ նախընտրական ծախսերի մասով էլ է ակնհայտորեն ոտնահարված օրենքը: Լիակատար խառնաշփոթ ստեղծեց ԿԸՀ այն պարզաբանումը, ըստ որի՝ ստացվում էր, թե վարչապետը եւ կառավարության անդամները պետական մարմինների աշխատակիցներ չեն, ուստի եւ կարող են անարգել շարունակել քարոզարշավը: Հիշեցնենք, որ «Ընտրական օրենսգրքի» 111 հոդվածը հստակ պահանջ է առաջադրում. «Այն թեկնածուները, ովքեր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ են, գրանցման պահից մինչեւ ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումն ազատվում են իրենց պաշտոնական պարտականությունները կատարելուց»: Սակայն վարչապետը, պաշտպանության նախարարը կամ Երեւանի քաղաքապետը, չնայած ԿԸՀ-ի պարզաբանմանը, այնուամենայնիվ, թերեւս իրենց համարում էին պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ, քանի որ լրագրողներին միշտ փորձում էին վստահեցնել, թե քարոզչությամբ զբաղվում են աշխատանքից հետո կամ ընդմիջման ժամերին: Թեեւ, իհարկե, սա էլ էր յուրօրինակ «ջայլամություն»: ՀՅԴ համամասնական ցանկում ընդգրկված պաշտոնյաներն արտաքուստ առավել օրինապաշտ էին եւ հայտարարեցին, թե արձակուրդ են վերցրել: Բայց մեկ էլ պարզվում էր, որ նրանք, այնուամենայնիվ, շարունակում են կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: Եվ Լեւոն Մկրտչյանն, ասենք, ընդունում էր Իրանի կրթության եւ գիտության նախարարին, Արտաշես Թումանյանը՝ ծանոթանում «Լինսի» հիմնադրամի գումարներով իրականացվող ծրագրերի կատարման ընթացքին, եւ այլն: Առանձին անդրադարձի է կարոտ օրենսգրքի այն դրույթի ոտնահարումը, որն արգելում է թեկնածուներին, կուսակցություններին տալ կամ խոստանալ զանազան ապրանքներ ու ծառայություններ: Թեեւ ընտրակաշառքի անհերքելի փաստերը եւս զանգվածային էին՝ ԿԸՀ-ն քննեց միայն 1-2 դեպք եւ դրանցից որեւէ մեկի առնչությամբ չդիմեց դատախազությանը: Ընդ որում՝ առանձնապես չծանրացան անվճար իրավաբանական ծառայություն բացելու խոստման վրա, որն արձանագրված էր «Օրինաց երկրի» թեկնածուի նախընտրական բուկլետում՝ նաեւ այն պատճառաբանությամբ, թե՝ ավելի մեծ բաների վրա ենք աչք փակել, սա ի՜նչ է, որ: «Օրինաց երկիրը», որի մեծամասնական թեկնածուներն ամենաարտառոց ընտրակաշառքներն էին բաժանում այս ընտրարշավի ընթացքում՝ իբրեւ կուսակցության դիրքորոշում էր ներկայացնում ընտրակաշառքների ամենաթունդ քննադատությունը: ՀՌԱԿ-ն իր հերթին էր քննադատում «Օրինաց երկրի» ընտրակաշառքները, թեեւ այդ ավանդական կուսակցությանը եւս մեղադրում էին համակարգիչ-ընտրակաշառքներ բաժանելու մեջ (մի լրագրող ենթադրեց, թե 5 տոկոսը չանցնելուց հետո՝ այժմ այդ համակարգիչները գուցե հավաքե՞ն դպրոցներից): Նշենք, որ «Ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի համաձայն՝ ընտրական հանձնաժողովները պիտի հսկեն նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանումը եւ խախտումների դեպքում դիմեն իրավասու մարմիններին: Մինչդեռ այդ հանձնաժողովները, որոնց լիազորությունների ժամկետներն ավարտվում են մեկ ամսից՝ գրեթե լիովի՛ն անտեսեցին իրենց այդ պարտավորությունը: Սակայն ումի՞ց ենք պահանջում վերահսկել օրենքի պահանջների կատարումը, եթե այդ ընտրական հանձնաժողովներից բարձրագույնի՝ ԿԸՀ-ի անդամ Պավել Եդիգարյանը հրապարակավ է հայտարարում. «Ընտրությունների արդյունքներն ու օրենքները չեն ամենակարեւորը հասարակություն ու պետություն կայացնելու համար»: Թերթերից մեկը կատակել էր, թե «Օրինաց երկրի» հոլովակի «Դուք ուզո՞ւմ եք ապրել իրավական պետությունում» հարցը մի հատված է ավիաընկերության գովազդից, որի ամբողջ տեքստն այսպիսին է. «Դուք ուզո՞ւմ եք ապրել իրավական պետությունում՝ ուրեմն օգտվեք մեր ավիաընկերության ծառայությունից»: Օրենքի պահպանումը վերահսկելու կոչված անձանց նման հայտարարությունների ծանոթանալուց հետո մտածում ես, որ իրոք՝ իրավական պետությունում ապրելու միակ ելքն այդ խորհրդին հետեւելն է: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել