Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլ մահն ո՞ւմ շունն է»

Հուլիս 17,2003 00:00

«Էլ մահն ո՞ւմ շունն է» Երեկ Կոմիտասի անվան պանթեոնում հավաքվել էին Համո Սահյանի գրչակից ընկերներն ու նրա արվեստի երկրպագուները՝ հարգելու բանաստեղծի հիշատակը։ Տասը տարի առաջ, հուլիսի 16-ին Համո Սահյանը հրաժեշտ տվեց իր երկրային կյանքին, թողնելով հարուստ գրական ժառանգություն։ Այսօր նա հանգչում է Սերգեյ Փարաջանովի եւ Մհեր Մկրտչյանի կողքին։ Ասմունքող Սիլվա Յուզբաշյանը հիշում էր. «Ես բախտ եմ ունեցել Սահյանի հետ ճամփորդել, ոչ ավել, ոչ պակաս՝ երկու անգամ կտրել-անցնել Ատլանտյան օվկիանոսը եւ ամբողջ Ամերիկան ոտքի տակ տալ։ Համոն հետաքրքիր մարդ էր, բացառիկ անձնավորություն։ Որպես բանաստեղծ ես չէ, որ պետք է գնահատական տամ։ Համոն մեր գրականության ոսկե ֆոնդում իր տեղն ու դերն ունի։ Համոզված եմ, որ դեռ գալու են Համո Սահյանի ժամանակները։ Ցավոք, բանաստեղծը միշտ վախ ուներ, կասկածանքի փուշը շարունակ ծակում էր իրեն։ Անհանգստանում էր, թե գիտատեխնիկական հեղափոխության այս դարում երիտասարդներն ի՞նչ պիտի իմանան մաճն ու արորն ինչ են, կամն ինչ է։ Նաեւ քարի պես լռել գիտեր։ Ինձ հատկապես զարմացնում էր նրա եւ Վահագն Դավթյանի մտերմությունը։ Այն հիշեցնում էր Թումանյանի ու Աղայանի կապվածությունը։ Ասում են՝ Համոն բնության երգիչ էր, իսկ իմ կարծիքով մեծ մարդերգակ էր»։ ԵՊՀ դասախոս Կիմ Աղաբեկյանն էլ հիշեց բանաստեղծի՝ կյանքում ունեցած դժվարությունները, այնուհետեւ նրա պոեզիան նմանեցրեց Բակունցի աշխարհին. «Եվ դա ոչ միայն աշխարհագրական տարածքով է պայմանավորված, այլեւ նրանց հոգեկերտվածքով։ Զանգեզուր աշխարհում ամեն թփի տակ մի Քրիստոս է աղոթում, մանավանդ իր՝ Սահյանի ստեղծած աշխարհում։ Համո Սահյանի ամենակարեւոր հատկանիշներից մեկը իր իսկ նկատմամբ ունեցած անկեղծությունն էր եւ մտահոգությունը, որ արդիական է նաեւ այսօր»։ Կ. Աղաբեկյանը նկատի ուներ բանաստեղծի հայտնի տողը՝ «Նույնն է երախը վիշապի, սրա՞նք են երկրիս տերերը, աղոթեմ՝ մահս շտապի»։ Իր գործընկերոջը լրացրեց Սամվել Մուրադյանը (ԵՊՀ դասախոս)։ Նա համոզված է, որ Համո Սահյանի պոեզիայում անափ լավատեսություն կա ու հուսադրում. «Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է»։ Երեկ Համո Սահյանի պոեզիայով էր ներշնչված նույնիսկ Կոմիտասի անվան պանթեոնի վարիչը՝ Գրիշա Հունանյանը, որ նախքան միջոցառումը չզլացավ լրագրողների համար Սահյանի ստեղծագործություններից կտորներ արտասանել։ Դժգոհեց, որ «կանաչապատման վարչությունը ջուր չի տալիս։ Հուլիսի 16-ն է ու այգին այս տարի ընդամենը երկու անգամ է ջուր ստացել, այն էլ կիսատ-պռատ։ Մի աշխատող ունենք, դույլով քիչ ու միչ փորձում է վերակենդանացնել հայոց մեծերի գերեզմաններին ցանված ծաղիկները»։ Նա նաեւ ափսոսանքով նկատեց, որ շատ շատերի գերեզմաններին այսօր այցի եկողներ չկան։ Անգամ պակասել են Հրաչյա Ներսիսյանին ու Վահրամ Փափազյանին այցելողները, հազվադեպ են գալիս, այն էլ թատրոնի մարդիկ։ Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը չէր մասնակցում միջոցառմանը՝ Ֆրանսիայում էր։ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել