Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՓՈԽԻ՞ ՄԵՐ ԿՅԱՆՔԸ

Օգոստոս 24,2003 00:00

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՓՈԽԻ՞ ՄԵՐ ԿՅԱՆՔԸ Մայիսի 25-ից (ԱԺ ընտրություններից հետո) անցել է 3 ամիս եւ դրանից մի փոքր ավելի պակաս ժամանակ էլ գործում է կոալիցիոն կառավարությունը։ Կոալիցիոն կառավարության ձեւավորումից անմիջապես հետո «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը մեր թերթին տված հարցազրույցում ասաց, թե կոալիցիան 100 օր հանգիստ կաշխատի եւ ընդդիմությունը այդքան ժամանակ հանգիստ կթողնի կառավարությանը։ Իսկ թե հետո ինչ կլինի՝ պրն Բազեյանը չասաց, բայց մասնավորեցրեց, որ կառավարությունից պահանջներ պետք է ունենա ամբողջ հասարակությունը։ Իսկ Վիկտոր Դալլաքյանը վստահեցրեց, թե կոալիցիան երկար կյանք չի ունենա եւ որ մի քանի ամսից կսկսվեն «բազարի հետ կապված ռազբորկաները»։ Առայժմ կոալիցիոն կառավարությունն աշխատում է եւ ինչ-որ չափով նրա բախտը բերել է՝ ամառային գրեթե կիսամեռ սեզոն, քաղաքական պասսիվություն եւ կառավարության գործունեության մասին ոչ լավ, ոչ էլ վատ խոսք առայժմ չի հնչում։ Այնուամենայնիվ, ժամանակն առաջ է գնում եւ սեպտեմբերի 21-ին կնշվի կառավարության 100 օրը։ Մի փոքր առաջ անցնելով, երեկ փորձեցինք ճշտել, թե կոալիցիայի անդամ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ի՞նչ են մտածում իրենց իսկ կառավարության արածի ու չարածի մասին։ ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի գնահատմամբ՝ կառավարության անդամ կուսակցությունների միջեւ անցած ժամանակահատվածում հակասություններ չեն եղել. «անցած ժամանակահատվածն աչքի ընկավ ավելի հանդարտ ընթացքով ոչ միայն քաղաքական կյանքում, այլեւ՝ տնտեսական։ Այդ առումով, թերեւս, մեծ իրադարձություններ դեռեւս տեղի չեն ունեցել։ Կարծում եմ, ճիշտ կլինի, անկախ օրերի քանակից, նոր ձեւավորված կառավարության գործունեության գնահատականը տրվի, ասենք, 2003-ի վերջին, կամ 2004-ի տարեսկզբին։ Նախ այն պատճառով, որ նոր բյուջեն պետք է ներկայացվի եւ՝ նաեւ, մի քանի ամսվա ընթացքում կարելի է գործունեության արդյունքները տեսնել եւ ամփոփել կոնկրետ թվերով։ Սա մի կողմից։ Մյուս կողմից, կարծում եմ, այս կառավարության գործունեությունը չի տարբերվի նախորդ կառավարության գործունեությունից, հաշվի առնելով ոչ միայն այն հանգամանքը, որ կառավարության կազմի զգալի թվով անդամներ, այդ թվում նաեւ վարչապետն, անփոփոխ են, այլեւ այն, որ նախորդ կառավարության ձեւավորման մեջ դերակատարություն ուներ հանրապետական կուսակցությունը»։ ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանի գնահատականը հայրենի կառավարության գործունեությանը եւս խիստ դրական էր։ Ըստ այդմ, կոալիցիայի անդամների միջեւ որեւէ հակասություն չկա. «100 օրն այնպիսին է, ինչպիսին որ պետք է լիներ, հակասություններ չկան, կան քննարկումներ եւ մոտեցումների համաձայնեցում»։ Մեր հարցին՝ ընդդիմության կողմից որեւէ քննադատական խոսք զգացե՞լ է կոալիցիան, պրն Շահգելդյանը պատասխանեց. «եղել են նորմալ քաղաքակիրթ հարաբերություններ եւ՝ երեւի, ընդդիմությունը եւս այս ժամանակահատվածը դիտարկել է որպես աշխատանքային հարյուր օր»։ ՀՅԴ հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ներկայացմամբ Դաշնակցությունը պատրաստվում է կառավարության գործունեության 100-րդ օրը հանդես գալ մամուլի ասուլիսով եւ գնահատական տալուց բացի՝ հաշվետվություն ներկայացնել կատարվածի մասով։ Արմեն Ռուստամյանի կարծիքով, հաշվետվությունը «լրացուցիչ խթան է, որպեսզի կառավարություններն անընդհատ զգան հասարակության վերահսկողությունը»։ Ըստ պրն Ռուստամյանի, կոալիցիայում «լուրջ հակասությունների մասին խոսելու հիմք չկա, այո, եղել են տարաձայնություններ, տարբեր մոտեցումներ, որովհետեւ կուսակցությունները, ի վերջո, տարբեր կարծիքներ ունեն տարբեր խնդիրների վերաբերյալ, եւ համաձայնեցնելու անհրաժեշտություն միշտ առաջանում է։ Համակարգող խորհրդի նիստերն անցնում են բավականին բուռն քննարկումների, բանավեճերի մթնոլորտում, որովհետեւ շատ հարցեր կան, որոնք հարկավոր է համաձայնեցնել եւ խնդիրներ էլ կան, որոնք առաջին անգամն են այդպիսի մակարդակով քննարկվում։ Ի վերջո, մենք կոալիցիայի մեջ ենք մտել լուրջ պատասխանատվություն ստանձնելով եւ այդ հավաքական պատասխանատվության խնդիրը շատ կարեւոր է եւ այն պարտավորեցնում է»։ Ուզում ենք հուսալ, որ այս «հավաքական պատասխանատվության» արդյունքը կարճ ժամանակում կզգան նաեւ միայնակ կենսաթոշակառուներն ու սոցիալապես անապահովները։ Օրերս մի միայնակ թոշակառու կին, որի կենսաթոշակը 5 հազար դրամ է (30 օրվա համար, հարգելի պաշտոնյաներ) խնդրում էր ինձ, որ պաշտոնյաներին հայտնեմ, թե այդքան գումարով ապրել չի լինում։ Կոալիցիան իր ծրագիրն ինչ-որ չափով սոցիալական է համարում եւ կարեւորում է աղքատության կրճատումը։ Եթե սա միայն թուղթ եւ դատարկ նախադասություն չէ, ուրեմն կենսաթոշակը պետք է ավելացնել ոչ թե 20 կամ 200 դրամով, այլ՝ մի քանի անգամ։ Եթե դա տեղի չունենա, «հավաքական» պատասխանատուներից ո՞վ պատասխան կտա։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել