Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԻԼԼԵՐԸ ՌԵՎԵՐԱՆՍ ԱՐԵՑ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Օգոստոս 24,2003 00:00

ՔԻԼԼԵՐԸ ՌԵՎԵՐԱՆՍ ԱՐԵՑ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻՆ Պնդում է Տիգրան Նաղդալյանի ընկեր Վահան Հովհաննիսյանը – Դուք այն մարդկանց թվում եք, ովքեր համոզվածություն ունեն, որ Տիգրան Նաղդալյանի սպանության պատվիրատուն հենց Արմեն Սարգսյանն է: Որտեղի՞ց այդպիսի համոզվածություն, առավել եւս, որ դատական վերջին նիստին սպանությունն անմիջականորեն կատարած Ջոն Հարությունյանը հրաժարվեց իր նախաքննական ցուցմունքներից: – Ինչ վերաբերում է այդ սուբյեկտին՝ Ջ.Հարությունյանին, ապա՝ անկախ դատավարության ընթացքից, հստակ է, թե նրան ինչ է սպասվում: Նա կորցնելու բան չունի, իսկ նրա ցուցմունքում ես առեւտուր անելու պատրաստակամություն նկատեցի: Դա ոչ թե ցուցմունք էր, այլ՝ հայտարարություն, որ կարող է ցանկացած տիպի ցուցմունք տալ, կախված այն բանից, թե ով՝ ինչպիսի վերաբերմունք ցույց կտա: Այդ վարքագիծը որոշակի ռեւերանս էր Արմեն Սարգսյանի կողմնակիցներին: Ես ընդհանուր առմամբ համաձայն եմ այն տրամաբանությանը, որ շարադրված է մեղադրական եզրակացությունում, թեեւ չեմ պատրաստվում հանդես գալ դատախազության շահերի պաշտպանի դերում: Մեղադրականում կարող են ինձ համար էլ անհամոզիչ պահեր լինել, մասնավորապես, թե ինչպես է տեղի ունեցել Ջ.Հարությունյանի ձերբակալությունը, արդյո՞ք նրա ցուցմունքները ծայրից-ծայր ինքն է գրել: Չեմ պատրաստվում դա պնդել, կամ՝ հերքել: Ես ուշադրություն եմ հրավիրում այլ բանի վրա. այն, որ Ջ.Հարությունյանն է սպանությունը կատարել՝ որեւէ մեկը չի կասկածում, ինչպես նաեւ այն, որ Արմեն Սարգսյանը մեղադրվում է կազմակերպիչ լինելու մեջ, չի բխում Ջ.Հարությունյանի ցուցմունքից: Վերջնական ճշմարտությունն այն չէ, ինչ դատարանի դահլիճում ասելու է այս կամ այն մարդը: Ինձ ոչ թե դատական պրոցեսն է հետաքրքիր, այլ՝ այն, թե ինչ է տեղի ունեցել, այն փաստերը, որոնք շարադրված են եւ այս կամ այն չափով հաստատված են: Իսկ դրանք անձամբ ինձ բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ սպանությունը հղացվել է Սարգսյանների ընտանիքի պատերի ներսում: – Ի՞նչ հիմքեր ունեք այդպես պնդելու: – Ես կարող եմ հարցադրումներով հաստատել իմ պնդումը. գործի նյութերում կա փաստ, որ սպանությունից երկու օր հետո, արդեն դեկտեմբերի 30-ին, Արմեն Սարգսյանը մարդասպաններին առաջին վճարումն է իրականացրել: Ընդ որում, դա վիճարկելի չէ եւ Արմեն Սարգսյանն էլ հետագայում խոստովանում է, թե ինչի համար է վճարել: Ես հասկանում եմ, որ ինչ-որ մեկը կարող է համարել, որ սպանությունից հետո վճարելը դեռեւս սպանություն պատվիրել չէ: Բայց, ուշադիր եղեք. ամսի 30-ին Արմեն Սարգսյանը վճարում է, հունվարի առաջին կեսին նրա եղբայր Արամ Սարգսյանի՝ «27»-ի գործով, շահերի պաշտպան Օլեգ Յունոշեւը, բնականաբար, իր վստահորդի պատվերը կատարելով՝ սարսափելի զրպարտություններով լի ասուլիս է տալիս Տիգրանի եւ նրա սպանության մասին, մեղադրելով նրան, որպես «27»-ի մեղավորներից մեկը: Ես այստեղ կապ եմ տեսնում: Նման տասնյակ հարցադրումներ կարելի է անել Արմեն Սարգսյանի՝ մինչ օրս տված ցուցմունքների միջեւ առկա հակասությունների եւ Արամ Սարգսյանի վարքագծի հիման վրա: Օրինակ, երբ «Ապերի» նկատմամբ հետախուզում է սկսվում, Ա.Սարգսյանն ու նրա կողմնակիցներն ասում են, թե իրենց հարազատներից ոչ ոք չի հետախուզվում, հետո ասում են, որ նա բարեկամ չէ, հետո, թե բարեկամ է, բայց մոտ չէ: Իսկ պարզվում է, որ շատ էլ մոտ է, տուն գնալ-գալ է ունեցել եւ այլն: – Արդյո՞ք, տրամաբանական է, երբ որպես պատվիրատուի, Ա.Սարգսյանին վերագրված սպանության մոտիվը՝ Տ.Նաղդալյանի մասնագիտական գործունեության հետ կապված վրեժխնդրությունն է համարվել, երբ քրգործում տող անգամ չկա, որով որեւէ մեկը կփաստի, թե Ա.Սարգսյանը երբեւէ դժգոհություն է հայտնել Տ.Նաղդալյանի գործունեությունից, առավել եւս, մտադրություն ունեցել այդ պատճառաբանությամբ նրան սպանել: – Ես պարտավո՞ր եմ իրենց փոխարեն մոտիվ փնտրել: Ի դեպ, առայժմ միակ բանը, որ քիչ թե շատ աշխատում է Սարգսյանների օգտին՝ դա է: Իրոք, մի շարք նորմալ մարդկանց մոտ հարց է առաջանում՝ ո՞րն էր մոտիվը, ի՞նչ իմաստ ուներ: Ինձ մոտ էլ է այդ հարցն առաջանում: Մոտիվը հոգեբանական հասկացություն է, կամայական մեկնաբանություն ենթադրող: Ես էլ կարող եմ հնարավոր մի քանի մոտիվներ ասել, որոնք նորմալ մարդուն տարօրինակ կթվան: Օրինակ, այդ ընտանիքը վերջին երեք տարում շատ բան է կորցրել, տարբեր հոգեվիճակում է գտնվել, քան մեր շուրջն ապրող նորմալ մարդիկ: Այդ ընտանիքում որեւէ քայլ կատարելու համար կարող են այլ մոտիվներ լինել, քան որեւէ այլ քաղաքացու մոտ: Ես չեմ պատրաստվում քննարկել մոտիվները եւ չեմ համարում, որ եթե ես չեմ կարող այդ մոտիվներն ամենայն ճշգրտությամբ վերարտադրել, ուրեմն փաստը տեղի չի ունեցել: Կամ՝ ի՞նչ մոտիվներ ուներ Արամ Սարգսյանը 99-ի վերջին համառորեն Տիգրան Նաղդալյանին «27»-ում ներգրավելու համար: Մարդիկ այնքան սկսեցին այդ վարկածի մասին իրենք իրենց մեջ խոսել, որ ես չեմ բացառում, որ կոլեկտիվ տրանսի ժամանակ իրենք էլ սկսել են իրենց հավատալ: – Արմեն Սարգսյանին առաջադրված մեղադրանքի թույլ օղակներից մեկն էլ քիլլերների ղարաբաղյան ծագում ունենալն է: Արդյո՞ք Ա.Սարգսյանը, եթե անգամ Տ.Նաղդալյանի սպանությունը պատվիրելու ցանկություն ունենար, կդիմեր ղարաբաղցի անասնապահների օգնությանը: – Չեմ կարծում, թե դա թույլ օղակներից մեկն է: Անկախ նրանից՝ դա տրամաբանական է, թե՞ ոչ, բայց այդ մարդն առանց կողմնակի ճնշումների ընդունել է, որ մարդասպաններին վարձատրել է: – Նրա պաշտպանները հակված են պնդելու, որ դա, պարզապես, շանտաժ եւ շորթում է եղել: – Դրսում նրանք առյուծ են, երբ բռնվում են, ասում են՝ վախեցանք: Թե ինչու են բերել Ղարաբաղից, ես չէ, որ պետք է պատասխանեմ: Ով բերել է, թող նա էլ պատասխանի: Կան տասնյակ փաստեր, որոնք այս կամ այն կերպ իրար հետ կապվում են, եւ այդ փաստերն ամբողջությամբ Արմեն Սարգսյանի դեմ են: Իսկ նրա խոստովանությունը, ոչ ոք կասկածի չի ենթարկում: Ոչ Արամ Սարգսյանը, ոչ նրա կողմնակիցները սրա վերաբերյալ որեւէ բանական բացատրություն չեն տվել: Երբ որ տան, երբ փաստերի եւ բացատրությունների ուրիշ շղթա կառուցեն, հնարավոր է, որ մեկ տոկոսի ցանկություն առաջանա լսել այդ բացատրությունները: Բայց այսօր այդ իմաստով քննարկման թեմա չեմ տեսնում: Հարցազրույցը վարեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել