Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետն իջնում է փողի վրայից

Սեպտեմբեր 03,2003 00:00

Քաղաքապետն իջնում է փողի վրայից Ընդ որում` նախագահի «գործուն» համաձայնությամբ Ժամանակին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին «երեսով տալը», թե փողի վրա նստած՝ բյուջեից փող է ուզում, այսօր ակնհայտ արդյունքներ է տալիս. ներկա քաղաքապետ Երվանդ Զախարյանը ոչ միայն փող չի ուզում (հասկանալի է, քաղաքի համար), այլեւ քաղաքի համար փող հավաքելու լծակներն է բաշխում համայնքներին: Ինչպես ասում են, աչքից էլ, աչքացավից էլ: Երեկ իր պաշտոնավարման երկու ամսվա կապակցությամբ տրված ասուլիսում քաղաքապետն ասաց. «Երեւանի կարգավիճակն ինձ չի անհանգստացնում: Որ չունի բյուջե, էլի չի անհանգստացնում»: Մայրաքաղաքի հարցերին հետամուտ լինել եւ դրանք լուծել, ըստ քաղաքապետի, լրիվ հնարավոր է «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքով եւ ՀՀ նախագահի հրամանագրերով: Մասնավորապես, գույքահարկը ֆիզիկական անձանց մասով եւ հողի հարկը համայնքներին հանձնելուց հետո այժմ հերթը իրավաբանական անձանց գույքահարկինն է: Այդ նախագծին Ռ. Քոչարյանն արդեն իր «դաբրոն» տվել է: Դե, եթե ամեն ինչ նախագահի ձեռքի տակով պետք է անցնի, «Երեւանի մասին» օրենքն իսկապես ավելորդ է թվում: Ե. Զախարյանը նախաձեռնել է նաեւ քաղաքի ստորգետնյա անցումները, կանաչ գոտիները, ոռոգման ցանցը թաղապետարաններին հանձնելու գործընթացը: Քաղաքապետարանին կմնա միայն վերահսկողության ֆունկցիան: «Ավելի քան համոզված եմ, որ այդ հարցերով թաղապետարաններն ավելի լավ կզբաղվեն»,- ասաց քաղաքապետը: Իսկ Երեւանի խնդիրներն այսօր օրիգինալ լուծումներ են ստանում: Չե՞ն կարողանում բնակիչները վճարել ջեռուցման դիմաց, պարտքե՞ր են կուտակում, ոչինչ, քաղաքապետը խոստանում է, որ այս տարի հետեւողական կլինի եւ այդ բնակիչները ջեռուցում չեն ունենա: Այսօր արդեն քաղաքը 6,5 մլրդ դրամի պարտք ունի գազ մատակարարող ձեռնարկություններին, որից 4 մլրդ-ը՝ «Հայռուսգազարդին»: Այս տարի մտածելու են ոչ միայն առանձին շենքերի, այլեւ առանձին բնակարանների ջեռուցման լոկալ համակարգի մասին: Նախնական հաշվարկներով, այդ դեպքում յուրաքանչյուր բնակարանի ջեռուցումը կարժենա 200-400 դոլար: Պրն Զախարյանի հետեւողականությունը իհարկե կերեւա աշնան վերջին, երբ կսկսվի է ջեռուցման սեզոնը: Ավելի յուրօրինակ լուծում է սպասում Աջափնյակի վթարային շենքերին: Իրականում դրանց խնդիրները լուծվելու են… տրամվայների միջոցով, որոնք «միանշանակ կհանվեն», եթե Սեյսմիկ ծառայությունը ուսումնասիրությունների արդյունքում պարզի, որ դրանց երթեւեկությունը բացասաբար է ազդում շրջակայքի վթարային շենքերի վրա: Հետաքրքիր է, իսկ երկրաշարժերի՞ն ինչպես են համոզելու, որ շրջանցեն այդ շենքերը: Գուցե, այնուամենայնիվ, ավելի արդյունավետ կլինի շենքե՞րն ամրապնդել: Ժամանակավոր լուծում է սպասում նաեւ փողոցային առեւտրին: Այն այդպիսին էլ մնալու է, ուղղակի տանիք է ունենալու: Տանիք՝ բառացիորեն: Մշակվում են թեթեւ կոնստրուկցիաներով հատուկ կառույցներ, որոնք կտեղադրվեն սեպտեմբերի 15-ից փողոցային առեւտրի համար տրամադրվելիք եւ պատշաճ տեսքի բերված առանձին տարածքներում: Փաստորեն՝ քաղաքապետը չի խոստանում վերացնելերբեմն հակասանիտարական բնույթ կրող փողոցային առեւտուրը, այլ, իր բնորոշմամբ, «մրցակցություն» է ստեղծում շուկաների համար: «Մրցակցություն» է սպասում, ըստ քաղաքապետի, հանրապետության կարեւորագույն կառույցի՝ Հյուսիսային պողոտայի երկու հողակտորների համար, որոնց աճուրդի մասին շուտով հայտարարություն կլինի: Միամտություն է կարծել, թե այս քաղաքապետի օրոք նման տարածքներում իրոք աճուրդ է լինելու եւ տերերը վաղուց որոշված չեն. քաղաքապետն է փոխվել, գլխավոր ճարտարապետն էլ հո նույնն է մնացել: Իսկ պողոտայի կառուցման հարցում, պրն Զախարյանը համաձայնեց լրագրողի հետ, արագացնելու խնդիր կա, որպեսզի հասցնեն այն ավարտել նախօրոք որոշված ժամկետում՝ մինչեւ 2006 թ. չորրորդ եռամսյակ: Քաղաքապետին չի անհանգստացրել նաեւ մետրոպոլիտենի երթեւեկության արժեքի բարձրացումը, քանի որ դեռեւս տրանսպորտի նախարարությունում պաշտոնավարելիս նա առաջարկել է այդ բարձրացումը: Ուղեւորները, միեւնույն է, 50 դրամ էին տալիս եւ այդ 10 դրամն, ըստ Ե. Զախարյանի, գնում էր վաճառողի կամ ում գրպանն ասես: Իսկ գուցե այդպես ավելի՞ լավ էր. վաճառողները գոնե ռեալ օգտվում էին այդ գումարից: Թե չէ հիմա այդ հավելյալ 10 դրամները, մեկ է, ոչ մետրոյի հարցերն են լուծելու, ոչ՝ բյուջեի: Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել