Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՏԱՐԱԾ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ Է

Սեպտեմբեր 06,2003 00:00

ՀԱՄԱՏԱՐԱԾ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ Է Օրերս անդրադարձել էինք մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում բացօթյա խաղահրապարակների անմխիթար վիճակին։ Այս խնդիրներով երկար տարիներ շփվել ենք դպրոցների տնօրենների, ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ։ Որպես կանոն, առաջինները արդարանում են, թե դասերն անցկացնում են մարզադահլիճներում՝ այդպես էլ չյուրացնելով, որ աշնանն ու գարնանը, երբ դրսում տաք եղանակ է, դասերը պետք է անցկացնել դրսում: Մարզադահլիճ կարելի է մտնել միայն խոր աշնանը եւ այդ ժամանակ դասավանդել արդեն մարմնամարզության ուսումնական նյութը, շարժախաղերը։ Իսկ առարկայի պատասխանատուներն էլ սովորաբար չեն պայքարում իրենց իսկ մասնագիտության հեղինակության համար, յոլա գնում։ Ավելին, դպրոցներ կան, որտեղ մարզադահլիճներն էլ իրենց բուն նպատակին չեն ծառայում, այլ ոչ մի տեղ չերեւացող վարձավճարով տրվում են արեւելյան մարտարվեստների բազմաբնույթ, երբեմն կասկածելի խմբերի, պարային համույթների։ Հայը արտակարգ իրավիճակներում պատրաստ է երեխայի համար հոգի ու կյանք տալ։ Բայց հաճախ մտքի ծայրով անգամ չի անցկացնում իր զավակի հիվանդությունը, տկարությունը կանխարգելելու մասին։ Իսկ երեխայի առողջության պահպանման ու ամրապնդման ամենակարճ ուղիներից եւ ձեւերից մեկն էլ հենց ֆիզկուլտուրա առարկայի ճիշտ դասավանդումն է դպրոցում։ Չարածի համար արդարանալու հազար պատճառ կարելի է գտնել։ Բայց գլխավորը վերահսկողության իսպառ բացակայությունն է։ Խորհրդային տարիներին լուսավորության նախարարության համակարգում եւ դրանից դուրս հատուկ կառույցներ կային, որ զբաղվում էին ֆիզկուլտուրայի դասավանդման գործով։ Օրինակ, նախարարությունում ֆիզկուլտուրայի առանձին բաժին կար իր աշխատակիցներով, գործում էր նաեւ առանձին մեթոդկաբինետ, որի պարտականությունը դպրոցական մրցումներ, մարզական միջոցառումներ կազմակերպելն էր։ Անկախացումից հետո այս բոլորը վերացավ։ Հիմա ամեն բան դրված է դպրոցի տնօրենի եւ ֆիզկուլտուրայի ուսուցչի բարեխղճության վրա։ Եվ համաձայնեք, որ տնօրենների մի մասը այս ամենի մասին չգիտի ու սխալ պատկերացում ունի ֆիզկուլտուրա առարկայի նշանակության ու կարեւորության մասին։ Մեղքի պակաս բաժին չունեն նաեւ ֆիզկուլտուրայի որոշ ուսուցիչներ, որոնք ոլորտի ձախողման ակտիվ մասնակից են։ Անակնկալ մտեք դահլիճ ու կտեսնեք, որ հենց ուսուցիչներն առանց մարզահագուստի են, չունեն պլան-կոնսպեկտ, աշակերտները դպրոցական համազգեստով հենց այնպես ֆուտբոլ են խաղում, իսկ աշակերտուհիները նստարանին նստած դասաժամն են «սպանում» կամ բակում զբոսնում են։ Ինչ վերաբերում է մարզագույքին, դպրոցներն, իրոք, տարիներով ոչինչ չեն ստանում։ Եթե ուսուցիչը կարողացավ համոզել ծնողներին՝ դրամ կհավաքեն ու դասարանի համար լավագույն դեպքում գնդակ կգնեն։ Ու վերջ։ Վերը նկարագրվածը համատարած անտարբերության արդյունք է՝ հորիզոնական եւ ուղղահայաց։ «Ներքեւները» չեն ուզում աշխատել, «վերեւները»՝ պահանջել ու վերահսկել։ Ինչպես դիպուկ նկատեց Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պրոֆեսոր, գիտությունների դոկտոր Ռաֆայել Մելիքսեթյանը. «Պատահական չէ, որ ԿԳ նոր նախարարն առայսօր իր ոչ մի հրապարակային ելույթում ֆիզիկական կուլտուրա բառն անգամ չի ասել»։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել