Լրահոս
Օրվա լրահոսը

Կոկոն «մթերք» կտանի Ֆրեզնո

Հոկտեմբեր 01,2003 00:00

Կոկոն «մթերք» կտանի Ֆրեզնո Տեղի ռադիոկայանի հայկական ռադիոժամի տնօրենը Երեւանում է 1918 թվականից Ֆրեզնոյի հայերը ռադիոյով հնարավորություն ունեն լսելու հաղորդումներ իրենց մայրենի լեզվով։ «Մեղավորը» կիրակի օրերին եթեր հեռարձակվող Հայկական ռադիոժամն է, որի տնօրենն այժմ Գրիգոր ավագ սարկավագ Քեհեյանն է։ Ողջ Ֆրեզնոն նրան գիտի իբրեւ Կոկո։ «Շատ ուրախ պիտի ըլլամ, որ հայրենիքիս մեջ ալ ինձ Կոկո ըսեն, որովհետեւ Գրիգորներ շատ կան, իսկ Կոկոն՝ մեկը»,- մեր հանդիպման սկզբում «զգուշացրեց» հայկական ռադիոժամի տնօրենը։ Արդեն երրորդ անգամ նա Հայաստանում է, այժմ՝ Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի հրավերով։ 2004թ. մայիսից Կոկոն պատրաստվում է համագործակցել Հանրային ռադիոյի հետ (արդեն հանդիպել է տնօրեն Արմեն Ամիրյանին) եւ հոգեւոր-մշակութային հաղորդումներ պատրաստել, որոնցում հնարավոր կլինի կենդանի շփումը ունկնդիրների հետ։ Կոկոն տեղեկացրեց, որ 60 հազարանոց հայաբնակ կենտրոն Ֆրեզնոյում ամեն կիրակի, ժամը 11-ին հայերը սիրով են սպասում իր վարած հաղորդաշարին, ուր արծարծվում են տեղացիներին հուզող ամենատարբեր հարցեր, հնչում են շարականներ, հայկական պարեղանակներ եւ այլն։ Կարճ ասած՝ Կոկոյի վարած հաղորդումը հոգեւոր-մշակութային է։ «Ունինք քահանաներ ու քահանահայրեր, որոնք օրվա պատգամն են տալիս»,- ավելացրեց ավագ սարկավագը, նշելով, որ արդեն 23,5 տարի հայկական ռադիոժամը գոյատեւում է իր անձնական ծախսերով ու օժանդակությամբ։ Կոկոյի հաղորդումից անմիջապես հետո ֆրեզնոյահայերը հնարավորություն ունեն մեկ ժամ ունկնդրելու ավետարանչականների պատրաստած հաղորդումը, այնուհետեւ՝ Դաշնակցության։ Յուրաքանչյուր շաբաթ 3 ժամանոց հաղորդում են պատրաստում նաեւ տեղի հայկական համալսարանի ուսանողները՝ հայկական ուսումնասիրությունների ամբիոնի ուժերով։ Ըստ Կոկոյի, Ֆրեզնոյի երիտասարդությունը, շնորհիվ Ֆրեզնոյում գտնվող 4 եկեղեցիների (երկու առաքելական, երկու բողոքական) եւ հայկական ռադիոժամի, ապահովագրված է ոչ հայեցի սովորություններից եւ աղանդներից։ Եվ յուրաքանչյուր երիտասարդ հասկանում է, որ «եթե իր հայրն ու մայրը այդ եկեղեցին են պսակվել, ինքն այդ եկեղեցին է մկրտվել, ուրեմն պարտավոր է դավանել նույն եկեղեցին»։ Կոկոն չբացառեց, որ երբեմն լինում են Եհովայի վկաների որոգայթում ակամա հայտնվածներ, սակայն շուտ են դարձի գալիս ու ամուսնանում Առաքելական եկեղեցով։ Հայկական ռադիոժամի տնօրենը տեղեկացրեց, որ համազգային տոների մասին էլ են հաղորդումներ պատրաստվում։ Ֆրեզնո վերադառնալուն պես նա մտադիր է մի մեծ հաղորդում էլ նվիրել Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին, քանի որ հոբելյանը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մակարդակով։ Ըստ Կոկոյի, Ֆրեզնոյի Առաքելական եւ Ավետարանչական եկեղեցիների միջեւ արդեն 25-30 տարի է՝ դավանաբանական վեճեր չկան, թեեւ հիշեց, որ «ժամանակին երկու կղերները նույնիսկ իրար բարեւ չէին տալիս»։ Ներկայումս ամեն ինչ հարթվել է եւ ավանդույթ է դարձել, օրինակ, «Էջմիածնի թեմին քահանաները տանել Կիլիկիո թեմեր, ուր պատարագ տված են, եւ հակառակը»։ Կոկոն՝ Գրիգոր ավագ սարկավագ Քեհեյանը գտնում է, որ ռադիոժամը վարելը «նվիրական գործ է, ամբողջ կյանքիս համար պիտի շարունակեմ»։ Համոզված է, որ նույն կարծիքի են նաեւ հայաստանյան կոլեգաները։ Կոկոն, որ «բավականին մեծ մթերք (նյութեր) ունի Հայաստանից», Ֆրեզնո վերադառնալուն պես կներկայացնի տեղի հայ ռադիոունկնդրի դատին։ Վերջիններիս ուրիշ անակնկալ էլ է սպասվում։ Ըստ հայկական ռադիոժամի տնօրենի, հոկտեմբերը մշակութային ամիս է, իսկ դա նշանակում է՝ բազմաթիվ բովանդակալից հաղորդումների ծնունդ։ Կոկոյի ամենամեծ ցանկությունը Հայաստանը բարգավաճ ու հզոր տեսնելն է. «97-ին, երբ եկա Հայաստան, ցավալի վիճակ էր։ Բայց հույսս չէի կտրած, վստահ էի, որ հայրենիքումս պիտի լավ լինի»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել