Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ-ՈՒՄ ՄԵՐՈՆՔ ԱՇԽԱՏԵՑԻՆ ԱՌԱՆՁԻՆ

Հոկտեմբեր 07,2003 00:00

ԵԽ-ՈՒՄ ՄԵՐՈՆՔ ԱՇԽԱՏԵՑԻՆ ԱՌԱՆՁԻՆ Այդ պատճառով էլ Երեւանում առանձին ասուլիսներ տվեցին ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության մանդատների ճանաչման հարցն այդպես էլ չդրվեց օրակարգում եւ հարցը չքննարկվեց։ Ստրասբուրգից վերադարձած հայ խորհրդարանականնները ճիշտ կանեին, եթե համատեղ ասուլիս հրավիրեին եւ միասնական ուժերով ներկայացնեին ԵԽ ԽՎ-ում իրենց կարկառուն հաջողությունները։ Սակայն պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը երեկ առանձին էր ասուլիս հրավիրել, պատվիրակության անդամ, «Արդարություն» խմբակցությունը ներկայացնող Շավարշ Քոչարյանը՝ առանձին։ Արդյունքում տպավորություն ստացվեց, թե պատվիրակության անդամների միջեւ ինչ-ինչ տարաձայնություններ կամ հակասություններ են եղել։ Թեպետ կողմերն առանձին-առանձին հերքեցին իրենց միջեւ որեւէ հակասություն, բայց Տիգրան Թորոսյանի հետեւյալ գնահատականից հետո առավել քան պարզ էր՝ մերոնց ջուրը Ստրասբուրգում մի առվով չի հոսել. «Գավառամտությունը տեղին մոտեցում չէր ԵԽ-ում աշխատելու համար, մենք պարտավոր էինք ԵԽ-ում աշխատել միասին։ Սա պետք է լուրջ մոտեցումների տեղիք տա»։ Մեր ունեցած տվյալներով, միասին աշխատելու հնարավորուոթյունից հենց պրն Թորոսյանն է զրկել պատվիրակության անդամներին, օրինակ՝ Թուրքիայի պատվիրակության հետ նա միայնակ է հանդիպել, կամ՝ ԵԽ ԽՎ ղեկավարության հետ 15 րոպեանոց հանդիպման ժամանակ 15 րոպե ինքն է խոսել եւ, մյուսները զրկվել են այդ պահին խոսելու հնարավորությունից։ Երեկ, սակայն, Տիգրան Թորոսյանն ասում էր. «մենք պարտավոր ենք միասնական լինել այնտեղ եւ միասնական աշխատել։ Թեեւ, կան նաեւ այլ մոտեցումներ։ Որեւէ մեկն իրավական առումով պարտավորված չէ ինչ-որ շրջանակներում գործելու։ Սա է խնդիրը, ամեն մեկը ինքն է ընտրում իր ճանապարհը։ Ի վերջո, երկիրը մեկն է եւ պատվիրակությունը երկրինն է։ Պատվիրակությունը ո՛չ իշխանություններինն է, ո՛չ էլ ընդդիմությանը։ Եվ այս հանգամանքը պարտավոր ենք բոլորս հաշվի առնել։ Որեւէ խնդիր չկա, ամեն մեկս կարող ենք առանձին որեւէ խնդիր ներկայացնել։ Բայց՝ ի վերջո, հաշվետվությունը փաստերի վրա պիտի հիմնվի»։ Այս անգամ էլ պարզվեց, որ այլ երկրների պատվիրակները կրկին չեն հասկացել մերոնց «առանձին աշխատելու» հայկական սովորությունը։ Ե՛վ Շավարշ Քոչարյանը, ե՛ւ Տիգրան Թորոսյանը գտնում են, որ ընտրական գործընթացներին ԵԽ-ն շատ լուրջ է մոտենում։ Եթե Շավարշ Քոչարյանը գտնում է, որ մեր պատվիրակության լիազորությունների ճանաչումը ոչինչ չի նշանակում եւ Եվրոպայի խորհրդի ԽՎ-ն ցանկացած պահի կարող է վեր հանել ընտրությունների հարցը, ապա Տիգրան Թորոսյանն այն կարծիքին է, որ ընտրությունների մասին եվրոպացիների տեսակետը հայտնի է եւ այդ տեսակետը փոփոխելու ցանկություն չկա, որ «ինչ եղավ-եղավ, մնում է առաջիկայում ընտրությունները հաջող կազմակերպել»։ Հետաքրքիրն այն է, որ 1995-ից ի վեր վերոհիշյալ միտքը իշխանական թեւն արդարացնում է, քաջ գիտակցելով, որ դրանք սոսկ բառեր են եւ առաջին իսկ ընտրության դեպքում՝ հանուն իշխանությունը պահպանելու բնազդի եւ գիտակցության, տեղի են ունենալու նույն կեղծիքներն ու «մենթալիտետ»-ային մնացած իրադարձությունները։ Մյուս կողմից, եթե զուտ տեսականորեն պատկերացնենք, որ նույն կեղծիքների արդյունքում իշխանափոխություն տեղի ունեցած լիներ եւ Տիգրան Թորոսյանը եւս պատգամավոր լիներ ու մեկներ ԵԽ, այդ դեպքում ե՞ւս պիտի ասեր՝ դե լավ, ինչ եղավ-եղավ, եկեք նոր ընտրություններն արդար անցկացնենք։ Հարավային Կովկասում ժողովրդավարության հարցի քննարկման հարցը թերեւս կսկսվի հունվարին, այսինքն՝ երբ ավարտված կլինեն Ադրբեջանի եւ Վրաստանի ընտությունները։ Սա ճիշտ տարբերակ էր եւ եթե Արմեն Ռուստամյանը ժամանակին մտավախություն ուներ, որ մինչեւ այդ երկրների ընտրությունները կայացվելիք քննարկման ողջ թափը կուղղվեր Հայաստանի վրա, քանի որ ժողովրդավարության բնութագրողը ընտրություններն են, ապա Տիգրան Թորոսյանը գտնում է. «մենք քայլեր չենք արել այդ հարցը հետաձգելու համար, քանի որ մեզ համար անցանկալի չէր այդ հարցի քննարկումը։ Այո, ակնհայտ է, որ կխոսվի նաեւ ընտրությունների բարդությունների մասին, բայց անցած ժամանակացույցում զգալի աշխատանքներ են կատարվել։ Մենք ավելի շատ դրական ընթացքի մեջ ենք, քան մեր հարեւանները»։ Թերեւս, զգալի աշխատանք ասելով պրն Թորոսյանը նկատի ունի 6-րդ արձանագրության վավերացումը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել