Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻ՞ՍՏ՝ ՈՃՐԱԳՈՐԾԻ ԽՑՈՒՄ

Հոկտեմբեր 07,2003 00:00

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻ՞ՍՏ՝ ՈՃՐԱԳՈՐԾԻ ԽՑՈՒՄ Հայտարարությունների եւ տարօրինակ միջնորդությունների առատությամբ երեկ աչքի ընկավ «Հոկտեմբերի 27»-ի գործով հերթական դատական նիստը: Նախ Նաիրի Հունանյանը հայտարարեց, որ իր գրագրությունները գրաքննության ենթարկելու ավանդույթը հին շրջանից է գալիս։ Ամբաստանյալը օրինակ բերեց մամուլում տպագրված 2003թ. փետրվարի 13-ի Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանի հետեւյալ միտքը՝ «Նաիրի Հունանյանին ոչինչ չի պատահել»։ Հիշեցնենք, որ հանրության շրջանակներում տարատեսակ լուրեր էին պտտվում նրա անձի հետ կապված։ Ամբաստանյալը երեկ հայտարարեց, որ փետրվարի 11-13-ը գտնվել է հացադուլի մեջ, որից կտրուկ վատացել է առողջական վիճակը։ Հետաքրքիր է, Ն. Հունանյանը դժգոհեց, որ իր մեկուսացումը լավ չի կազմակերպված եւ նույնիսկ հայտնեց, որ ապրիլի 18-ին նշանակված դատական նիստից մեկ օր առաջ ինքն արդեն գիտեր, որ Վռամ Գալստյանի հիվանդության պատճառով նիստը հետաձգվելու է։ Իսկ հերթական սկանդալն այն էր, որ հայտնեց, թե սեպտեմբերի 3-ին, 4-ին նամակներ է ուղարկել վարչապետին, Արթուր Բաղդասարյանին, Վահան Հովհաննիսյանին եւ «մի խոսակցությունից հետո Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը սահմանափակեցին Դաշնակցության մուտքը խորհրդարան»։ (Ոչ ոք չփորձեց ճշտել, թե այդ առեղծվածային ձեւակերպման տակ ինչ է թաքնված): Հունանյանը նաեւ դատարանին հայտնեց, որ իր պաշտպանին դատախազություն են կանչել, ստորագրություն վերցրել։ Պաշտպանը հաստատեց, որ իրեն հրավիրել են լուրերի կապակցությամբ, թե ինչ-ինչ փաստաթղթեր է դուրս հանել մեկուսարանից եւ զգուշացվել է դրա համար։ Ստացվեց, որ ամբաստանյալը պաշտպանի վրա գործ էր տվել եւ արդյունքում պաշտպանին կանչել էին դատախազություն։ Ի դեպ, մեր ձեռքի տակ է Նաիրի Հունանյանի ոտանավորը, որը նվիրված է իր պաշտպան Սամվել Մարտիրոսյանին: Այստեղ կան հետեւյալ տողերը. «Ու թող որ խոսքս պարտք դառնա հիմա, իջնի ձեր հոգու, ձեր խղճի վրա, գործս կենդանի օրինակ դառնա, իջնի ու մնա ձեր աչքի առաջ։ Եկել եմ, որ ձեր աչքի արցունքը իմ ձեռքով սրբեմ ու ընդմիշտ կտրեմ»։ Մեղադրող Կորյուն Փիլոյանի գնահատմամբ, «ոճրագործության կազմակերպիչը իր վարքագծով շարունակում է ահաբեկչությունը եւ փորձում է իր անձը ներկայացնել ինչ-որ քողի տակ»։ Տուժողի շահերի ներկայացուցիչ Սուրեն Սուրենյանցին այլ բան էր մտահոգում. «Կարելի է ենթադրել, որ ձեր խցում է եղել Անվտանգության խորհրդի հերթական նիստը»՝ նկատի ունենալով Ն. Հունանյանի խուցը: Նա փորձեց ճշտել, թե ինչպիսի խոսակցություն է եղել։ Ամբաստանյալն ավելի խճճեց քարտերը, հայտնելով, որ եղել է բանավեճ եւ ինքը մասնակցել է որպես բանակցությունների կողմ։ Տուժողի ներկայացուցիչը հարցրեց, թե ինչու է ամբաստանյալը դիմել ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանին, երբ կար երկրորդ փոխնախագահ էլ, ամբաստանյալը հայտնեց, որ դիմել է կոալիցիայի երեք անդամներին՝ կոչ անելով դուրս գալ Քոչարյանի ազդեցությունից։ Ի դեպ, Քոչարյանի «ազդեցության» մասին։ Ամբաստանյալը համաձայն չէր լրատվամիջոցների՝ իրեն ներկայացնելու ձեւին, երբ իրեն կոչում են «թիվ մեկ ամբաստանյալ» (բառակապակցությունը օգտագործում են միայն պետական լրատվամիջոցները)։ Այս կապակցությամբ հայտարարեց, որ եթե ինքը թիվ մեկ ամբաստանյալն է, ապա Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը թիվ մեկ թշնամին են։ Հերթական ներկայացման պահին մի վրիպում թույլ տվեց ամբաստանյալը, ասելով. «Կան պաշտոնյաներ, որ օգնում են ինչ-որ բան դուրս հանել, փայլուն օրինակ էր «կոչը»։ Սակայն այս հայտարարությունը կարծես դատարանը լուրջ չընդունեց, չնայած տուժողի մեկ այլ ներկայացուցիչ՝ Արամազդ Զաքարյանը պահանջում էր՝ կամ պիտի հերքվի, կամ հաստատվի, թե ովքեր են մտնում մեկուսարան եւ ինչ են խոսում։ Դատավոր Սամվել Ուզունյանը ուշադրություն հրավիրեց օրենսդրական բացի վրա, ասելով, որ չկա մի կետ, որտեղ այցելությունների մասին նշված լիներ, որ պետք է տեղեկացվի նաեւ դատավորը։ Ամբաստանյալը միջնորդեց փորձագետ հրավիրել Կարեն Դեմիրճյանի փորձաքննությունների եզրակացությունների պահով, ասելով, որ հորինվել են վնասվածքների տրամաչափերը, որ իրենք հարվածել են ոտքին, մինչդեռ վնասվածքը առկա է գլխին։ Իսկ Արմենակ Արմենակյանի պարագայով նա միջնորդեց դատարան հրավիրել ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանին, նաեւ ԱԺ ճաշարանի աշխատակիցների, որոնք նախաքննության մարմնի կողմից չեն քննվել։ Ն. Հունանյանը ուզում է ապացուցել, որ Արմենակյանը գտնվելիս է եղել ոչ թե կարմիր նախասրահում, այլ ԱԺ ճաշարանի փոքր սրահում։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել