Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՒՐԻՇ ԵԼՔ ՊԱՐԶԱՊԵՍ ՉԷՐ ՄՆՈՒՄ»

Հոկտեմբեր 07,2003 00:00

«ՈՒՐԻՇ ԵԼՔ ՊԱՐԶԱՊԵՍ ՉԷՐ ՄՆՈՒՄ» Բացահայտ է՝ մեր միջից դուրս պիտի մղենք:Ու՞մ, ի՞նչը դեռեւս չենք որոշել: Չենք կողմնորոշվել: Բայց պետք է, որովհետեւ էսպես իսկապես շարունակել հնարավոր չի ու չի կարելի: Եվ խնդիրը ոչ միայն երկրի, հայրենիքի, պետության շարունակությունն է, այլ՝ ինքներս մեր: Պիտի գտնենք մեր միջի չգիտեմ ինչը, որը պետք է ինչ գնով էլ լինի՝ մեր միջից դուրս մղենք, որ փրկվի մեր եսը, մեր հոգին, մենք: Էս երկիրը: Այլապես արդեն հրաժեշտ տալու ժամանակն է: Բոլորին ու ամեն ինչին: Ու փրկությունը միայն դա է մնում: Եթե հասկանանք, որ այսպես ապրել այլեւս անհնար է: Եթե գոնե կարճ ժամանակով խիզախություն ունենանք նայելու մեր ճակատագրի աչքերի մեջ ու տեսնելու կյանքը ինչպես որ է, ոչ այնպես՝ ինչպես մեզ ցուցադրվում է տարբեր ալիքներով, գրվում է տարբեր թերթերում, այլ այնպես, ինչպես պարզապես ապրվում է: Իսկ որ կա ուրիշ կյանք եւ որ ուրիշներն էլ անցել են այս ճանապարհը, գիտեն նրանք, ովքեր ելք են որոնում: Եվ հետո աշխարհում դեռ գրվում են գրքեր ու երբեմն էլ կարդացվում, նաեւ՝ հասկացվում: Հարուկի Մուրակամի. «Ոչխարների որսը»: Ու նրանց երկրներում գոնե գիտեն ինչն ինչոց է, ով ում մեջ է: Ինչպես: Ինչու: Գիտեն նաեւ դրա հետեւանքները: «Ոչ մեկին աշխարհում Ոչխարը դեռ չի երջանկացրել: Եվ այն պատճառով, որ մարդու կյանքի չարն ու բարին Ոչխարի համար իմաստազրկվում են»: Ու հենց այդ պատճառով նրանք գիտեն նաեւ որոնելու իմաստն ու գինը. «Իսկ ես անընդհատ մտածում եմ. վեր կենամ, հավաքվեմ-գնամ ինչ-որ բան որոնելու: Բայց ահա դժբախտությունը՝ ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ԻՆՉ-ը պիտի փնտրեմ: Իմ հայրը որոնել է ամբողջ կյանքում: Հիմա էլ է շարունակում որոնել: Սպիտակ Ոչխարի մասին պատմությունները ես լսել եմ համարյա թե օրորոցից»: Նրանք գիտեն նաեւ փրկության ձեւն ու միջոցը: Թեկուզեւ կյանքի գնով. «-Կարճ ասած՝ ես մեռա՝ Ոչխարին ներսումս ունենալով: Սպասեցի՝ մինչեւ նա խոր քուն մտնի, պարանը նետեցի առաստաղի տակի գերանի վրայով եւ գլուխս մտցրի օղակի մեջ: Այնպես որ՝ կենդանին փախչել չհասցրեց: -Իսկ մեռնելը պարտադի՞ր էր: -Ուրիշ ելք պարզապես չէր մնում: Մի օր էլ ուշանայի, Ոչխարն ամբողջովին ինձ կտիրեր: Դա իմ վերջին շանսն էր»: Իսկ հիմա նայենք մեզ: Մեր կյանքին: Մեր հարմարվողականությամբ մենք գերազանցել ենք դինոզավրերին: Նրանք չհաղթահարեցին իրենց վիճակված փորձությունները եւ որպես տեսակ վերացան կամ փոխակերպվեցին: Մենք հիմա ճիշտ նրանց վիճակում ենք. ովքեր վերացել են ու մեր կողքին են իբրեւ հիշողություն, դեռ կարող են պահպանել դինոզավրերի հպարտ կերպարանքը, իսկ մենք նույնիսկ չենք էլ գիտակցում, որ հանուն կեցության՝ փոխակերպվում ենք ինչ-որ անորոշ ու անհայտ (ամենայն հավանականությամբ իր անպետքության պատճառով վերացող) տեսակի, որը արդեն բանական արարած չէ, եւ դեռ չի վերածվել անասունի. «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ»: Մենք կատարելագործվել ենք՝ մենք սովորել ենք կառավարել մեր հիշողությունը՝ հիշել ու մոռանալ ինչ ու ինչպես, ում ու ինչքան պետք է կամ պետք չէ: Մենք դա անում ենք ազգովի: Մեր մի քանի տարի առաջվա առաջնորդները ներկա ղեկավարների հետ համեմատության մեջ ներկայանում են իբրեւ միամիտ, կյանքից կտրված, անհիմն ու անհավանական ռոմանտիկներ, որ նվազագույնը զրկված էին իրենց հինգ զգայարանների հետ հաղորդակցվելու հնարավորությունից, որովհետեւ նրանք տեսնում-լսում-շոշափում էին բոլորովին այլ մի երկիր եւ իրենք իրենց ու բոլորիս համոզում էին, որ հենց այդ երկրում ենք ապրում: Իսկ երկիրը այլ էր. մենք պարզապես ժամանակ չունեցանք մեր միջի ցորենը որոմից զատել ու մեր մեջ մեզ սկսեց հաղթել սեւն ու սպիտակը չտարբերակող, իմաստազրկած Ոչխարը, ու մինչեւ նրա վերջնական հաղթանակը համարյա անելիք չի մնում… Մեզ սկսեց բոլորովին չզարմացնել (մենք ընդարմացել էինք ստի, սարսափի ու երեսպաշտության հորձանքում) ցինիզմը, կեղծիքը, շանտաժը: Եվ երբ այդ ամենը արդեն համատարածի էր վերածվել, սպիտակ ագռավի կարգավիճակում հայտնվեցին նրանք, ովքեր փորձում էին հիշեցնել սիրո, նվիրումի, հավատարմության, ավանդույթների, սկզբունքների, պարտքի, պատասխանատվության մասին: Համատարած անհավատության մեջ նրանք հիշեցնում են աղանդավորների, որ հավատ են փորձում հաստատել: Մենք վաղուց արդեն միմյանց չենք վստահում, մենք հանդուրժում ենք միմյանց, որովհետեւ դեռ հասկանում ենք միմյանց անհրաժեշտությունը տեսակի պահպանության մեր հարկադիր պայքարում: Ընդամենը: Մենք ամեն օր կաթիլ առ կաթիլ պիտի դուրս մղենք մեր միջի ստրուկին, որպեսզի դադարենք լինել պատենավոր մարդ, որի միակ մտահոգությունը՝ հանկարծ մի բան չպատահին է: Այլապես Ոչխարն արդեն տիրում է մեզ եւ մեզ տրված ամենավերջին շանսը կորած հնարավորությունների ցուցակում արդեն գրող էլ չի լինի, որովհետեւ մենք նույնիսկ ուրանում ենք հիշողության մեր իրավունքը՝ որոշ օրերի դեպքում կյանքի համար վտանգավոր համարելով: Եվ գուցե արդեն կյանքը պետք է մեզնից պաշտպանել: ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել