Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՃԱՌՔՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է, ՔԱՆԴԵԼԸ՝ ՈՉ

Հոկտեմբեր 18,2003 00:00

ՎԱՃԱՌՔՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է, ՔԱՆԴԵԼԸ՝ ՈՉ Ֆադեյ Սարգսյանը «հանձնեց» Լեզվի ինստիտուտը «Երբ ռեստորան-սրճարան են կառուցում, ասում եք՝ լավ չի, հիմա վեհարան է ու էլի ասում եք՝ լավ չի, իսկ ի՞նչն է լավ»,- երեկ պարզաբանելով ԳԱԱ Լեզվի ինստիտուտի շուրջ ծավալված աղմուկը, հընթացս զարմացավ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը։ Նա համաձայն էր, որ քանդելը միշտ ընդվզում -վրդովմունքի առիթ է դառնում, բայց «այս հարցը կռվի թեմա չէ», որովհետեւ «Լեզվի ինստիտուտի շենքը պատմական արժեք չներկայացնող ու վթարային վիճակում գտնվող շենք է»։ Գլխավոր ճարտարապետը «տեղական մոտեցում» համարեց ինստիտուտի գիտնականների որակումները տարբեր ատյաններին, քանի որ «մարդկանց վտարելու խնդիր չկա, գիտնականներն ընդամենը պետք է տեղափոխվեն Գրականության ինստիտուտի շենք»։ Փոխարենը, երբ բացվի Կաթողիկե եկեղեցու ճակատն ու կառուցվեն նոր եկեղեցին ու վեհարանը, «քաղաքի սրտում կվերականգնվի պատմամշակութային լանդշաֆտ, որը 1937 թվականին ծածկվել էր Լեզվի ինստիտուտի կառուցմամբ»։ Պարոն Սարգսյանն անձամբ այս նախագծի կողմնակիցն է երկու պատճառով. նախ՝ «մենք առաջնորդվում ենք Երեւանի գլխավոր հատակագծով», բացի այդ, «եզակի դեպք է, որ քաղաքաշինության խորհուրդը միաձայն հավանություն է տվել ծրագրին, իսկ իմ գործընկերների կարծիքն ինձ համար կարեւոր է»։ Մի կարեւոր հանգամանք էլ նրա համար այն է, որ Երեւանում ակնառու դառնան միջնադարյան հուշարձանները, եւ «մենք ինչ-որ բան ունենանք ցույց տալու հին քաղաքից»։ Իսկ հնարավո՞ր է նույն տրամաբանությամբ ինչ-որ ժամանակ քանդվի Սուրբ Զորավոր եկեղեցին շրջափակող շենքերից մեկը։ Գլխավոր ճարտարապետը հարցն ընդունեց որպես առաջարկ, ինչը, «եթե հնարավոր լինի՝ անպայման կանենք»։ Փորձեցինք ճշտել նաեւ, թե նոր վեհարանի շենքն է՞լ է նախատեսվել գլխավոր հատակագծով։ Պարզվեց՝ ոչ, «դա հայտի խնդիր է»։ Ն. Սարգսյանի կարծիքով, «շենքում կան սեփականաշնորհված տարածքներ՝ ռեստորան, սրճարան, եւ Մայր աթոռը դեռ պիտի կարողանա համապատասխան բանակցություններով նրանց ծախսերը հոգալ»։ Իսկ գիտնականների տեղափոխման խնդիրն ավելի քան դժվար է։ Սեպտեմբերի 11-ին «Առավոտը» ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանից այս հարցի կապակցությամբ ստացավ պատասխան, որ «վերջին տարիներին շատ ոտնձգություններ են եղել, որպեսզի գրավվի Լեզվի ինստիտուտի շենքը, բայց կարողացել ենք այն պահպանել, որովհետեւ Գիտության մասին օրենքով ակադեմիան ոչ մի շենք վաճառելու իրավունք չունի»։ Սակայն տառացիորեն նույն օրերին ԳԱԱ նախագահը համաձայնություն է տալիս շենքի հիմնահատակ քանդմանը։ Որոշումն օրենքի սահմաններում է. օրենքը թույլ չի տալիս վաճառել ակադեմիական շենքը, բայց քանդելու մասին ոչինչ չի ասում։ Սակայն երկու դեպքում էլ այն օտարվում է ակադեմիայի հաշվեկշռից։ Իհարկե, մի վերապահում ԳԱԱ նախագահն արել է, Լեզվի ինստիտուտի շենքի դիմաց պահանջելով Գր. Լուսավորչի 15 հասցեում տեղակայված Գրականության ինստիտուտի շենքը։ Վերջին 10-12 տարիներին շենքում տեղակայվել են տարբեր կազմակերպություններ՝ «Ա1+» հեռուստաընկերությունն ու «Այբ-ֆե» օրաթերթը, ԱԻՄ-ը, մանկական մի հիմնադրամ եւ այլն։ Ֆ. Սարգսյանի դրած պայմանով շենքը պետք է իրենց տան բոլոր այդ կազմակերպություններից ազատված ու վերանորոգված, որին համաձայնել են կառավարությունում։ Երեկ Ֆադեյ Սարգսյանից տեղեկացանք, որ Գրականության ինստիտուտի շենքն իր տարածքով ավելի մեծ է՝ 2087 քմ, իսկ Լեզվի եւ Տնտեսագիտության ինստիտուտները միասին այժմ զբաղեցնում են 1012 քմ տարածք։ «Այնպես որ կարող ենք շենքի մի մասը վարձակալությամբ տալ»,- ասաց ակադեմիայի նախագահը։ Նրա համար «ցավալի է կորցնել Լեզվի ինստիտուտի շենքը», բայց մխիթարված էր, որ «հետ կբերենք Գրականության ինստիտուտի շենքը»։ Նրա ասելով, իր որոշմանը համամիտ են Լեզվի եւ Տնտեսագիտության ինստիտուտների տնօրենները։ Նաեւ համոզված էր, որ այս խնդրի լուծումից երկու կողմերն էլ բավարարված կմնան։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել