Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՆ ՈՒ ԻՆՉՊԵՍԸ՝ ԵՎ ԻՆՉՈՒՆ

Հոկտեմբեր 23,2003 00:00

ԻՆՉՆ ՈՒ ԻՆՉՊԵՍԸ՝ ԵՎ ԻՆՉՈՒՆ Խոսում ենք տարբեր բաների ու տարբեր ոլորտների, տարբեր բնագավառների մասին: Միմյանց չենք լսում ու չենք ուզում միմյանց հասկանալ: Մինչդեռ երկիրը նախեւառաջ գերխնդիր, հետո նպատակ պետք է ունենա, որ ըստ դրա էլ որոշի իր լուծելիք խնդիրներն ու դրանց ճանապարհները (միջոցները) գտնի ու գնա առաջ: Մենք ամեն հաջորդ քայլն անելիս ջնջում ենք նախորդը. մենք վերադարձի երկիր չենք թողնում ու փորձում ենք արմատներն էլ վերացնել, որ հեշտ լինի ու արդարացում լինի դաշտագլորի մեր անսկզբունք ու անիմաստ վազվզուքին: Մինչդեռ մեր երկիրն ու իշխանությունները ի վիճակի չեն վերահսկել եւ սեփական նպատակների համար ծառայեցնել իրենց քաղաքացիների գիտելիքները: Որովհետեւ կարեւորը դա չէ, կարեւորը «նվիրումն» է, որ մեր պարագայում ուղղակի թարգմանվում է «իմ մարդը»՝ նա, ում ես եմ հացի տեր դարձրել կամ ով ինձնից կախման մեջ է ոտքից գլուխ, ուրեմն ինչ գործ ասեմ՝ կանի ու հարց չի տա: Իսկ դա հղի է ամեն ինչ՝ երկիր, հող, հայրենիք, անհատ կորցնելու վտանգով: Ու ոչ մի հույս էլ չես կարող դնել էս խորհրդարանի վրա, որովհետեւ նախ դու չես ընտրել, իրենք են նշանակել, հետո՝ իրենք իրենց խնդիրները նախ պիտի լուծեն, հետո հիշեն մնացածներին եւ վերջապես՝ ոչ ոք չի ուզում ոչինչ փոխել: Ու Ազգային ժողովում ոչինչ այլեւս տեղի չի ունենալու՝ ոչ լավ, ոչ վատ: Ուղղակի մարդ չկա այնտեղ, ում հետ հաշվի նստեն: Նախորդն էլ էր էսպես: Որեւէ բանի անընդունակ: 27-ից հետո ասում էին՝ խելքի չենք եկել: Հետո ասացին՝ հենց մի բան անենք՝ նախագահը կցրի խորհրդարանը: Հետո, երբ ցրելու ժամկետներն անցան, ասացին՝ հլը թողեք տեսնենք մենք մեր գլուխ ինչ ենք անում, նոր… Հետո էլ… Ինքներդ ավելի լավ գիտեք: Ու բոլոր խորհրդարանները իրենց անհայտ ընդերքում նախապատրաստում են …նախագահի հրաժարական, որովհետեւ այդպես ավելի հեշտ է՝ եւ քո աչքում, եւ քեզ նախկինում ու ապագայում «ընտրողի» աչքում քո հեղինակությունն է բարձրանում, եւ քեզ նշանակողի համար էլ քո գինը՝ իսկ ինչու ոչ: Եվ խորհրդարանը իրականում վերածվում է տոնավաճառի, որտեղ վաճառողներն էլ, գնորդներն էլ իրար լավ գիտեն ու իրական առեւտուրը անտեսանելի է, որովհետեւ իշխանությունը նույնպես անտեսանելի է, բայց զգալի: Մեր խորհրդարանը միայն մի հարց կարող է լրջորեն քննարկել ու որոշում ընդունել՝ թե ինչու բոլոր ջրային նավերը անուններ ունեն, իսկ օդայինները՝ ոչ: Թեեւ դրա համար էլ խելք ու միտք է անհրաժեշտ ու դա էլ ի վիճակի չեն լինի: Եվ մեր ընդդիմությունն էլ շատ անհասկացող ընդդիմություն է: Երբ նախագահը նրանց «Մոսկա» կոչեց, բնավ էլ վիրավորանք չէր, այլ ընդհակառակը, նախագահն ամեն ինչ անում էր ընդդիմության հարգանք-պատիվը, կշիռ-քաշը բարձրացնելու ու նրանց հետ համագործակցելու համար, որովհետեւ նա, բնականաբար, նկատի ուներ իտալացի հայտնի քաղաքագետ Գաէտանո Մոսկային (1858-1941), որը էլիտոլոգիայի հիմնադիրներից է, Թուրինի եւ Հռոմի համալսարանների պրոֆեսոր: Նախագահը այդ նշանավոր ու խելացի մարդու հետ համեմատեց նրանց: Այսինքն՝ գնահատեց նրանց արածը որպես էլիտայի առաջացման, գործունեության կազմակերպման, նշանակության ու ազդեցությունների բացահայտման ոչ միայն որպես տեսական խոշոր մասնագետների, այլեւ ռեալ իշխանության գալու պրակտիկ գործիչների: Իսկ նրանք չհասկացան. նախագահն էլ հերթական անգամ ձեռքը հուսահատ թափ տվեց ու անցավ իր գործին: Իսկ էլ ի՞նչ կարող էր անել իր անհասկացող ընդդիմության համար: Երկրի միակ տղամարդը՝ իր իսկ խոստովանությամբ: Եվ իր մերձավոր ու հեռավոր շրջապատի միահամուռ պնդմամբ: Թեպետ տղամարդու համար ավելի կարեւոր է ոչ թե այն, թե ով եւ երբ է ուզել, որ նա դառնա իր առաջին տղամարդը, այլ այն, թե ով եւ երբ է ուզելու, որ նա դառնա իր… վերջինը: Եվ ընդհանրապես՝ թե ինչպիսին է լինում իշխանությունը, հիմնականում որոշում է ընդդիմությունը: Նորմալ երկրներում: Նորմալ երկրներում իշխանությունն ու ընդդիմությունը ոչ թե պայքարում են միմյանց դեմ, այլ աշխատում են իրենց ծրագրերով նվաճել ժողովրդի վստահությունը ու արժանանալ նրա ընտրությանը: Այսինքն՝ պայքար կա, բայց պայքարը ոչ թե ուրիշին ոչնչացնելու ու հերքելու, մերժելու ու վերացնելու բացասական լիցքեր է պարունակում, այլ՝ սեփականը հաստատելու, համոզելու ու ապացուցելու դրական լիցքեր: Եվ ընտրությունը լինում է ոչ թե վատից լավին, այլ լավից լավին ընտրելու համար: Իշխանության ու ընդդիմության գործողությունները փոխպայմանավորված են, նույնիսկ եթե մի կողմը մարտավարությունը փոխի ու սկսի պայքար հանուն, մյուս կողմը շարունակելու է ընդդեմ պայքարը ու ստացվելու է, որ ոչինչ չի ստացվում: Պարզապես ոմանք որպես իշխանություն են աշխատում, ոմանք էլ՝ որպես ընդդիմություն: Համատարած գործազրկության ֆոնի վրա: Պարզապես 27-ից հետո ինչ-որ բան պիտի լիներ, որ չեղավ՝ հանցագործությունը պիտի բացահայտվեր ամբողջությամբ, կատարողներն ու կազմակերպիչները պիտի պատժվեին օրենքի ամբողջ խստությամբ: Եվ երկրում պիտի հաստատվեր նորմալ կենսոլորտ՝ պիտի դադարեինք միմյանց մեջ թշնամի ու մեղավոր որոնելը, պիտի ջանայինք ցավն ու կորուստը հաղթահարել ու դադարեինք անպատժելիությունը դրոշ դարձրած՝ փողոցներում իրականացնել օրենսդիրների վերացրած մահապատիժները: Իսկ հիմա ամեն ինչ թողնված է ինքնահոսի՝ բոլորն առաջնորդվում են ինքնապահպանության բնազդով՝ ով ինչպես կարողանում է: ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել