Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՂԱԴՐՈՂՆԵՐԸ ՄԵԶ ԽԱԲԵԼ ԵՆ»

Հոկտեմբեր 28,2003 00:00

«ՄԵՂԱԴՐՈՂՆԵՐԸ ՄԵԶ ԽԱԲԵԼ ԵՆ» Պնդում է «27»-ի գործում Դեմիրճյանի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Աշոտ Սարգսյանը – «27»-ի գործով մեղադրողներն իրենց ճառում մեղադրեցին տուժողների ներկայացուցիչներին, թե նրանց վարքագծի պատճառով դատավարության վերջին փուլում ամբաստանյալները փորձեցին ձերբազատվել որոշ սպանություններից: Արդարացի՞ կշտամբանք էր արդյոք: – Ինձ թվում է՝ Յունոշեւն ու Եղիազարյանը պետք է արձագանքեն մեղադրական ճառում հնչած վարկաբեկիչ այդ արտահայտությանը, թե դաշինք էին կազմել մարդասպան Նաիրի Հունանյանի հետ: Ես կասեի, թե մեղադրողներ Ավետիսյանի եւ Փիլոյանի «կոալիցիան» ավելի վնասեց այս գործին, քանի որ վկաների կրճատումներից հետո ամբաստանյալները հասկացան, որ իրենց տրված խոստումներն իրականանալու են: Այն է՝ դատաքննությունն ավարտվելու է միայն այս 5-ի շրջանակներում, առանց ընդլայնվելու: Դատաքննությունը մեղադրողների պատճառով ձգձգվեց այնքան ժամանակ, որ ուժի մեջ մտնի նոր «Քրեական օրենսգիրքը», Հայաստանը վավերացնի 6-րդ արձանագրությունը եւ վերացվի մահապատիժը: – Մեղադրող Գագիկ Ավետիսյանը հայտարարեց, թե իրենք ձգտում էին արագացնել դատաքննությունը, որ մինչեւ 6-րդ արձանագրության վավերացումը հնչեր դատավճիռը, սակայն տուժողների ներկայացուցիչները ձգձգեցին եւ խոչընդոտ դարձան այդ նպատակի իրականացման համար: – Վերջին շրջանում Գագիկ Ավետիսյանի բոլոր ելույթները խիստ տարբերվում են այն ամենից, ինչ նա իրականացնում է դատարանում: Նման արտահայտություններով փորձում է հասարակությանը համոզել, թե իբր իրենք էին շահագրգռված արագացման մեջ, հիմա էլ՝ իբր շահագրգռված են ավելի խիստ պատիժ առաջարկելու՝ մենք ենք խանգարում (այսինքն, լավությո՞ւն են արել, կարող էին մեղմ պատի՞ժ էլ առաջարկել): Բայց արձանագրություններ կան. տուժողների ներկայացուցիչները չեն 4 ամիս շարունակ մի ամբաստանյալի՝ Նաիրի Հունանյանին քննել, պարզել նրա կենսագրության, ընտանիքի, ուսանողական շրջանի, Թուրքիա այցի հետ կապված բոլոր հանգամանքները: Մեղադրական ճառում արտացոլված չէր այդ ամիսների քննությունից անգամ մեկ տող: Արմեն Մխիթարյանի հարցաքննությունը տեւեց 2 օր, Ռազմիկ Մարտիրոսյանինը՝ եւս 2 օր, Հայկ Բաբուխանյանինը՝ 4 օր, երբ նախաքննությունը նրան չէր առաջադրել որեւէ մեղադրանք: Մինչդեռ Մուշեղ Մովսիսյանին «27»-ին օժանդակելու մեղադրանք էր առաջադրված, եւ Էդիկ Գրիգորյանն անգամ դատարանում ցուցմունք տվեց, թե ըստ Նաիրի Հունանյանի՝ Մուշեղ Մովսիսյանն էր ԱԺ գալու իրենց օգնության: Սակայն նրա հարցաքննությունը տեւեց 15 րոպե: Հիշեցնեմ, որ Հայկ Բաբուխանյանին հարցաքննել էին մինչեւ ընտրությունները, երբ ակնհայտորեն ցուցում էին ստացել ձգձգել դատաքննությունը, իսկ Մուշեղ Մովսիսյանը հարցաքննվեց ընտրություններից հետո: Եվ եթե Գագիկ Ավետիսյանն այժմ ասում է, թե շահագրգռված էին ապահովել քննության օպերատիվությունը՝ բացե՛ք, կարդացե՛ք արձանագրությունները եւ կհամոզվեք, որ միայն մեկ նիստ տեւել է իր եւ ամբաստանյալ Կարեն Հունանյանի երկխոսությունը: Վերջինս անհեթեթ վարկած էր առաջադրել, թե իր վրա ազդում են ճառագայթներով եւ Ավետիսյանը մեկ օր հարցնում էր, թե ինչպիսի ազդեցություններ են իրագործվում: Կորյուն Փիլոյանի հայտնվելուց հետո Գագիկ Ավետիսյանը հանկարծ առարկեց առերես հարցաքննություն անցկացնելու միջնորդության դեմ, թե դա ՔԴՕ-ով նախատեսված չէ: Այնինչ 2 տարվա ընթացքում բազմիցս մասնակցել է առերես հարցաքննությունների: Հիմա հասկացել եմ, որ մեղադրողները խաբել են մեզ: Մեզ այն ժամանակ թվում էր, թե մեղադրողները ոչ թե պատվեր են կատարում եւ իրենց հարցաքննությամբ եւ միջնորդություններով ցանկանում ձգձգել, այլ իրոք շահագրգռված են, որ օբյեկտիվ եւ ամբողջական քննություն լինի, դատարանում լուսաբանվեն բոլոր բացերը, որոնց չեն անդրադարձել նախաքննության ընթացքում: – Եթե անգամ ընդունենք, որ վկաների կրճատմամբ մեղադրողներն իրոք ցանկանում էին ավարտել դատավարությունը մինչեւ մահապատժի լիակատար վերացումը՝ էլի անհասկանալի կմնա, թե ուր է շտապում դատարանն այժմ: Ինչո՞ւ սահմանափակվեց ապացույցների հետազոտումը, ինչո՞ւ տուժողների ներկայացուցիչներին բավարար ժամանակ չի տրամադրվում ճառերին նախապատրաստվելու համար: – Պատճառները մի քանիսն են: Պարզվեց, որ Նաիրի Բադալյանի դատաքննական ցուցմունքներն ավելի հակասական են, քան նախաքննականը: Բացի այդ՝ դատաքննությամբ հերքվեց, թե զենքերն այնպես են բերվել ԱԺ, ինչպես իրենք են նկարագրում: Եվ այս ամենը բերեց մի վտանգավոր շեմի, թե կարող են լինել ավելի մեծ բացահայտումներ: Դատաքննական գործընթացն ավելի արագացավ, երբ տեղեկացան, թե ԱԺ-ում շրջանառության մեջ է օրենքի նախագիծ, որով մի քանի հոդվածներով ցմահ ազատազրկման դատապարտված մարդիկ իրավունք չեն ունենա ներման արժանանալ կամ պայմանական-վաղաժամկետ ազատ արձակվել: Ամեն ինչ կանեն, որ մինչեւ այդ օրենքն ուժի մեջ մտնելը կարդան դատավճիռը: Եվ ամենակարեւորը՝ նոյեմբերի վերջին Ղարաբաղի բանակցային գործընթացն արագանալու է եւ, իմ կարծիքով, դատաքննության արագ ավարտելը կապված է այդ հարցի հետ: «27»-ի գործը ոսկորի պես է կանգնած նրանց կոկորդին: ՇարունակելիԶրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել