Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապերը» դարձավ նոր Վահան Հարությունյան

Նոյեմբեր 06,2003 00:00

«Ապերը» դարձավ նոր Վահան Հարությունյան Ասել է թե, նա էլ վաստակեց ապագայում Ռոբերտ Քոչարյանի ենթաշտաբներից մեկը ղեկավարելու իրավունքը Ինչպես եւ սպասվում էր՝ Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով մեղադրողները երեկ կայացած դատական նիստում ոչ միայն հակված չեն եղել վերանայել նախաքննությամբ ամբաստանյալ Արմեն Սարգսյանին առաջադրված մեղադրանքը, այլեւ՝ իրենց մեղադրական ճառում դատարանից պահանջել են նրան դատապարտել 15 տարվա ազատազրկման: Ա.Սարգսյանի պարագայում մեղադրողները հաշվի չեն առել նույնիսկ դատաքննության ընթացքում ապացուցողական նշանակություն ունեցող հանգամանքների շուրջ, մասնավորապես Ա.Սարգսյանի շահերն անմիջականորեն շոշափող, ի հայտ եկած հակասությունները, որոնք, ըստ օրենքի, մեղադրողները պարտավոր էին մեկնաբանել հօգուտ ամբաստանյալի: Բայց 15 տարի ազատազրկումը, իհարկե, ՀՀ Քրեական օրենսգրքով 17-99 հոդվածի 1 եւ 3 կետերով առաջադրված մեղադրանքի համար նախատեսված առավելագույն պատժաչափը չէ, ուստի՝ մեղադրողներն իրենց պահանջը հանգիստ խղճով մարդասիրական քայլ կարող են որակել, թեեւ դատավորների խորհրդի շրջաբերականով, որը պարտադիր է կիրառման համար, վաղուց արդեն մեղադրողներին արգելվել է իրենց մեղադրական ճառերում կոնկրետ պատժաչափ պահանջել: Այդուհանդերձ, երեկ եւս մեկ անգամ ի ցույց դրվեց դատարանի վրա դատախազների կողմից ճնշում գործադրելու ամենաանմեղ մեթոդներից մեկը: Ինչ վերաբերում է մյուս ամբաստանյալներին, ապա մեղադրողները նրանց նկատմամբ ավելի ներողամիտ վերաբերմունք են դրսեւորել, ճիշտ այնպես, ինչպես դա եղել էր դեռ քրգործի նախաքննության ընթացքում՝ բանդիտական խմբի կատարած հանցագործությունների փաստով հարուցված քրգործերը կարճելու պարագայում: Բացառություն էր, թերեւս, միայն սպանության անմիջական կատարող Ջոն Հարությունյանը, որի համար եւս պահանջվել է 15 տարի ազատազրկում: Մեղադրողները հարմար գտան Ֆելիքս Առուստամյանին դատապարտել 12 տարի ազատազրկման՝ նկատի ունենալով, որ նա հրաժարվել էր սպանության իրագործումից, իսկ Գեղամ Շահբազյանին, որը քրգործի նյութերով սպանության նախապատրաստման անմիջական համակարգողն էր՝ 11 տարվա ազատազրկման: Բանդիտների պարագլուխ Հովհաննես Հարությունյան-«Ապերին», որը սպանության անմիջական կազմակերպիչն էր, մեղադրողներն առաջարկեցին դատապարտել ընդամենը 7 տարի ազատազրկման՝ նկատի ունենալով, որ նա հանցավոր խմբի բացահայտման գործում «բացառիկ ծառայություններ է մատուցել»: Ոչինչ, իհարկե, որ նա երկար ժամանակ հետախուզման մեջ էր գտնվել եւ ոչ թե կամովին էր հանձնվել: Նրան ի հայտ էին բերել «օպերատիվ հետախուզական միջոցառումների» արդյունքում: ՀՀ գլխավոր դատախազության այս տրյուկը նոր չէ եւ հիշեցնում է ժամանակին Վահան Հարությունյանի նկատմամբ ցուցաբերած ներողամտությունը, որը պայմանավորված էր բացառապես Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք տալով: Ի դեպ, ամբաստանյալ Գրիգոր Պետրոսյանի՝ «Մըզդըրի» հանդեպ մեղադրողները նույնքան բարի չգտնվեցին, թեեւ նա այս սպանության գործում «Ապերի» ունեցած դերակատարումից շատ հեռու էր եղել եւ, ամբաստանյալների վկայությամբ, սպանության հետ անմիջական կապ չէր ունեցել: Այդուհանդերձ, նրա համար էլ պահանջվեց 7 տարի ազատազրկում: Ընդ որում՝ այն հոդվածը, որով «Ապերին» եւ «Մըզդըրին» մեղադրանք էր առաջադրված, սահմանում է նվազագույն պատժաչափ 8 տարի ժամանակով: Իսկ ահա Լյովա Հարությունյան- «սանահոր» համար, ի դեպ, որը եղել էր Տ.Նաղդալյանին սպանելու գաղափարը հղացողն ու դրա կատալիզատորը, որը նաեւ հայտնի է որպես ԱԱՆ գործակալ՝ «Ժուչոկ» մականվամբ, մեղադրողները պահանջեցին 1 տարվա ազատազրկում եւ ճիշտ այդքան էլ՝ հանցագործությանն օժանդակելու մեղադրանքով մյուս ամբաստանյալների համար: Վերջիններս, իմիջիայլոց, դատարանի համապատասխան վճիռը հրապարակվելուց հետո կարող են հենց դատարանի դահլիճից ազատ արձակվել: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել