Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Նոյեմբեր 11,2003 00:00

ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԵԽ ԽՎ մոնիտորինգի խմբի փարիզյան նիստում քննարկվել է Հայաստանի մասով երկրորդ զեկույցը, որի մանրամասները երեկ ներկայացրեց ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը։ Հասկանալի է, որ եվրոպացիներին առաջին հերթին հետաքրքրում են ընտրությունները։ Ըստ Արմեն Ռուստամյանի, եվրոպացիները կրկնում են իրենց գնահատականները. «օրինակ, նախագահական ընտրությունները չեն համապատասխանել եվրոպական չափանիշներին մի շարք կարեւորագույն կետերով, սակայն նաեւ ասվում է, որ կեղծիքները չեն կազմակերպվել ի օգուտ մեկ թեկնածուի։ Տարբեր թեկնածուների շատ ներկայացուցիչներ խախտումներ են կատարել ի նպաստ իրենց կողմից պաշտպանված թեկնածուի։ Կեղծիքների քանակը չի ունեցել այն չափը, որպեսզի հարցականի տակ դրվեն ընտրությունների վերջնական արդյունքները։ Չկա կասկածանք ընտրությունների իրական հաղթողի վերաբերյալ»։ Ըստ պատգամավորի, հետընտրական գործընթացների հետ կապված եվրոպացիները «խիստ եւ կոշտ ձեւով» հարց են դրել վերացնել վարչական կալանքի պրակտիկան. «վարչական օրենսգիրքը փոխել այնպես, որ վարչական կալանքը, որը սովետական ռեժիմի մնացորդ է համարվում, պետք է վերացվի»։ Խոսվում է նաեւ հանրահավաքների անցկացումը կարգավորելու մասին։ Ընտրությունների մասով, ըստ Արմեն Ռուստամյանի, արձանագրվել է որոշակի բարելավում՝ նախագահականի հետ համեմատած։ Որպես առանցքային հարցեր նշվել են արձանագությունների կեղծումները, քվեատուփերի լցոնումները, առեւանգումները եւ այլն։ Մոնիտորինգի խումբը Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների ընթացքը եւ արդյունքները քննելուց հետո եկել է այն եզրակացության, որ «ընտրական օրենսգիրքը» փոփոխությունների կարիք ունի մի շարք կետերով, մասնավորապես, ընտրական հանձնաժողովների ձեւավորման եւ դիտորդների կարգավիճակի եւ դերի հարցը հաշվարկման խնդիրներով։ Փարիզում կայացած մոնիտորինգի խմբի զեկույցի քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Ղարաբաղի հիմնահարցին։ ԵԽ ԽՎ-ի կողմից այս հարցով զեկուցող նշանակված Թերի Դեւիսն իր այցի հետաձգման վերաբերյալ կրկին պարզաբանում է տվել։ Ըստ նրա՝ Ղարաբաղի հարցը շատ զգայուն եւ նուրբ խնդիր է եւ իր այցելության ճանապարհը որոշելը մեծ պրոբլեմ էր դարձել։ Ինչպես Ղարաբաղ գնալ՝ Ադրբեջանի՞ց, թե՞ Հայաստանից։ Ըստ պրն Ռուստամյանի, առաջին տարբերակի դեպքում ադրբեջանական կողմը չի երաշխավորում պրն Դեւիսի անվտանգությունը, երկրորդ տարբերակն էլ մերժում են նույն ադրբեջանցիները՝ վիրավորվում են։ Ի դեպ, ադրբեջանական «525» թերթը երեկ մեկնաբանել է պրն Ռուստամյանի այս պարզաբանումները հետեւյալ կերպ. «ուրեմն հայ պատգամավորն ընդունում է, որ Ղարաբաղը վերահսկվում է Հայաստանի զավթիչ բանակի կողմից»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել