Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵՐԱԿԱՏԱՐՎԱԾՆ ԷԱԿԱՆ ՉԷ,

Փետրվար 04,2004 00:00

ԹԵՐԱԿԱՏԱՐՎԱԾՆ ԷԱԿԱՆ ՉԷ, ԳԵՐԱԿԱՏԱՐՎԱԾՆ Է ԿԱՐԵՎՈՐ Նախատեսվածի համաձայն, երեկ կառավարությանը հաշվետվություն ներկայացրին Հարկային պետական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը եւ Մաքսային պետական կոմիտեի պետ Արմեն Ավետիսյանը: Երկուսի հաշվետվություններն էլ կազմված էին մանրակրկիտ՝ առանձին հարկատեսակներից, ծառայողական քննություններից ընդհուպ մինչեւ գերատեսչությունների կողմից հրատարակված տեղեկատվական գրքույկների քանակի վերաբերյալ տվյալները: Երկուսն էլ պլանի գերակատարման վերաբերյալ թվեր ներկայացրին: Ընդ որում, նկատի ունենալով «Առավոտի» հրապարակումները, իր տվյալները ներկայացնելիս Արմեն Ավետիսյանը մի քանի անգամ շեշտեց, որ «սրանք են պաշտոնական թվերը, պլանը գերակատարվել է, այլ թվեր էին հրապարակվել»: «Առավոտի» հիշեցմանը, թե «այլ թվերից» մեկն էլ մաքսատուրքի ցուցանիշն է եւ հարցին, թե ինչու է դա թերակատարվել, պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Մաքսատուրքի պլանավորումը խիստ պայմանական պլանավորում է մեր պետբյուջեի մեջ»: Ըստ նրա, չնայած տնտեսական աճին, տարեցտարի այդ հարկատեսակի պլանը պակասեցվում է, որովհետեւ, մի շարք միջպետական պայմանագրերի համաձայն, շատ սուբյեկտների արտոնություն է տրվում (չլինի՞ ընդհանրապես պետք չէ պլանավորել այս հարկատեսակը- Ա. ՈՒ.): Եվ չնայած հարկատեսակի պլանը պակասեցվում է, տնտեսությունն էլ աճում է, այնուամենայնիվ, շարունակվում է թերակատարվել: Այս տարի՝ 10 տոկոսով: Մաքսային կոմիտեի պետի կարծիքով, շատ ավելի հեշտ է Ավելացված արժեքի հարկի պլանավորումը. «վարչարարությունն այնտեղ ավելի խիստ է տարվում»: Իհարկե, հեշտ է. ԱԱՀ-ի հաշվարկումն ու գանձումն առանձնապես մեծ մտավոր աշխատանք եւ ճկուն խելք չի պահանջում թե հարկային, թե մաքսային մարմիններից, ավելին, դժվար է տնտեսվարողի հետ անթույլատրելի համաձայնությունների գալը: Պարոն Ավետիսյանն, այնուամենայնիվ, խոստովանեց, որ «թերակատարման համար մաքսային կոմիտեի թերացումն էլ կա»: Բայց նշեց նաեւ, որ պլանի գերակատարումը հաջողվել է արդյունավետ վարչարարության կիրառման, ինչ-որ նոր էֆեկտների օգտագործման շնորհիվ: Ի դեպ, մաքսային վարչարարության կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ «Առավոտը» հրապարակում է պատրաստում: Կարելի է համարել, որ հարկային մարմինների գերխնդիրը շահութահարկի ցուցանիշը բարելավելն է: Տնտեսական աճի պայմաններում այս ուղղակի հարկատեսակի թերակատարումն անընդունելի է: Պարզվում է, դեկտեմբերի համար 3 միլիարդի շահութահարկն, իրոք, անիրատեսական թիվ էր, եւ «Առավոտի» կանխատեսումը ճիշտ էր այդ առումով: Երեկ պարոն Ցոլակյանը նշեց, որ 1.9 միլիարդ են հավաքել, որը, ըստ նրա, ամսական միջին ցուցանիշից շատ չի տարբերվում: Եթե նույնիսկ ընդունենք, որ անցած տարվա մակարդակն ապահովվել է, էլի գոհանալու բան չկա, որովհետեւ տնտեսության աճի պարագայում այս հարկատեսակն ուղղակի պարտավոր է աճել: Պարոն Ցոլակյանը եղավ հարկային ծառայության առաջին պետը, որը խնդիրը վերլուծեց առանց ավելորդ բարդույթների. «գործարարները իրենց շրջապատել են լավ մասնագետներով, իսկ լավ մասնագետները նաեւ խելացի են»: Այսինքն, պարզ է, որ գործարարները ցանկանում են շահույթները թաքցնել, հարկահավաքների խնդիրն էլ դրանք հայտնաբերելն է, իսկ «դրա համար պետք են մասնագիտական հմտություններ, ճկուն միտք»,- իրավացիորեն նշեց հարկային ծառայության պետը: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել