Լրահոս
Օրվա լրահոսը

«Խանութներ խլելու» դատը սկսվեց

Փետրվար 21,2004 00:00

«Խանութներ խլելու» դատը սկսվեց ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանում երեկ լսվեց ՀՀ գլխավոր դատախազության հայցն՝ ընդդեմ Կադաստրի պետական կոմիտեի, «Արիտիկ» ՍՊԸ-ի եւ Մաշտոցի 7 հասցեի 13 սեփականատերերի։ Այս պատմությունն արդեն հասցրել ենք «Առավոտի» ընթերցողներին։ Ընդամենը հիշեցնենք, որ շինության սեփականատերերն իրենց տարածքները օրինական առուվաճառքի պայմանագրով ձեռք են բերել «Արիտիկից», սակայն դատախազությունը պահանջում է պետությանը վերադարձնել արդեն պատրաստ ու աշխատող երկհարկանի խանութները, որովհետեւ խախտվել է «Արիտիկի» եւ քաղաքապետարանի միջեւ կնքված պայմանագիրը՝ կառույցի 57,7%-ն անհատույց հանձնել պետությանը։ Դատախազության հայցում մեկ պահանջ կար՝ անվավեր ճանաչել կադաստրում գրանցում ստացած սեփականության իրավունքի վկայականները։ Սեփականատերերը փորձեցին ճշտել, թե «երբեւէ պետությունը հանդիսացե՞լ է վիճարկվող անշարժ գույքի, այն է՝ կիսակառույց այդ շինության սեփականատերը եւ իրավական ի՞նչ ակտով»։ Հայցվորի ներկայացուցիչ Ալեքսան Սիրունյանը պարզաբանեց. «Քաղաքապետարանի եւ «Արիտիկի» միջեւ կնքված պայմանագրով շինության 57,7%-ը պետք է պատկաներ պետությանը, բայց ընկերությունը սեփականության իրավունքն ամբողջ տարածքի վրա գրանցել էր մինչեւ շինության ավարտը»։ Ե՞րբ է հայտնաբերվել պայմանագրի խախտումը՝ պարզվեց, պայմանագրային պարտավորությունների կատարման վերջնաժամկետից 6-7 ամիս անց։ «Ինչո՞ւ պետությունը ժամանակին անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել, որի դեպքում կբացառվեր այս խայտառակ վիճակը»,- հայցվորին ուղղված հարցին Ա. Սիրունյանը պատասխանեց. «Այդ հարցին կարող է պատասխանել քաղաքապետարանը»,- եւ միջնորդությամբ խնդրեց վերջինիս ընդգրկել դատական նիստերին, որպես ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ։ Դատավոր Անատոլի Մաթեւոսյանը նկատեց, որ Ա. Սիրունյանը լիազորված չէ «պահանջատեր» դարձնել ում ուզի, առանց նրանց գրավոր միջնորդության։ «Իսկ ի՞նչ գիտեք, քաղաքապետարանն ունի՞ պահանջ» դատավորի հարցին դատախազության ներկայացուցիչը պատասխանեց. «Դե, որ ներկայանա, հավանաբար՝ կունենա, քաղաքապետն է այս հարցը բարձրացրել դատախազությունում»։ Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Մարտիրոսյանից «Առավոտը» հետաքրքրվեց. ճիշտ չի՞ լինի պատասխանատվությունը կրել միայնակ, քանի որ սեփականատերերի գույքի գրանցումը կատարել է իր ներկայացրած պետական մարմինը, հետեւաբար պատասխանատվությունն էլ միայն իրենց վրա է, նա պատասխանեց. «Մեղավորն «Արիտիկ» ըկերությունն է, որը չի կատարել պայմանագրով հանձն առածը, իսկ մենք հայցը չենք ընդունել, մեր գրանցումն անօրինական չէ, մենք տվել ենք օրինական փաստաթղթեր ու ես դա կապացուցեմ»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել