Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻ ԳԼԽԱՏԵՔ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ»

Փետրվար 21,2004 00:00

«ՄԻ ԳԼԽԱՏԵՔ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ» Երեկ համալսարանի բակում այդպիսի կարգախոսով էին հավաքվել մի քանի տասնյակ ուսանողներ «Զինապարտության մասին» կառավարության հեղինակած օրենքի նախագիծը մեծ շանսեր ունի իրավական ուժ ստանալու, եթե հաշվի առնենք, որ օրենսդիրների մեջ փոքրաթիվ են գիտության եւ՝ ընդհանրապես, մտավոր աշխատանքի հետ կապ ունեցող անձինք: Իսկ այդ փոքրաթիվների հիմնական մասն էլ ԱԺ օրենսդրական աշխատանքները բոյկոտող ընդդիմությունից է: Գուցե հենց այդ պատճառով երեկ ԵՊՀ դիմաց հավաքված բազմաթիվ ուսանողները, թեեւ հաստատ էին իրենց մտադրություններում՝ անել ամեն հնարավորն ու անհնարինը այս օրենքի ընդունումը թույլ չտալու համար, բայց վերջնական հաղթանակին խիստ կասկածում էին: «Դիմում ենք ԱԺ, որ կամ չընդունի այս նախագիծը, կամ ընդունի այնպիսի փոփոխություններով, որոնք գիտությանը վնաս չեն տա, չեն կազմալուծի այժմ գիտությամբ զբաղվող երիտասարդության բանակը՝ զինված ուժերը մի քանի հարյուր մարդով ավելացնելու համար: Մենք սաղմնային փուլում գտնվող առաջարկներ ունենք, որոնք կարելի է մշակել: Ասենք, բուհերում վերականգնել ռազմական ամբիոնները, եւ բուհն ավարտող երիտասարդը կպատրաստվի որպես հայոց բանակի սպա, եւ անհրաժեշտության դեպքում կգնա ծառայելու որպես սպա, եւ ոչ թե անցնի ժամկետային զինծառայության»,- «Առավոտին» ասաց ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Առաքելյան Արտակը: «Եթե կառավարությունն ու ժողովրդի ընտրյալները չլսեն ժողովրդի ձայնը, կանենք համապատասխան հետեւություններ: Դեռ ցույցեր եւ երթեր չենք անում, դրանք կանենք, եթե խորհրդարան մտնի օրինագիծը: Եթե ետ կանչվի օրինագիծը, մենք հաճույքով կգնանք մեր լսարանները, այստեղ սառելու փոխարեն: Դասախոսական կազմը մեզ հետ համամիտ է: Մասնավորապես, ֆիզֆակում երկուշաբթի օրը պետք է գումարվի գիտխորհրդի արտահերթ նիստ, որպեսզի ռեկտորին կարծիք հայտնեն: Լավ կլինի մյուսներն էլ անեն, եւ ռեկտորն արդեն ոչ թե իր անձնական կարծիքը կհայտնի, այլ ամբողջ բուհի»,- կարծում է ֆիզֆակի երրորդ տարվա ասպիրանտ Գալստյան Արթուրը: «Դասադուլ կանենք այնքան, մինչեւ ԱԺ-ում որոշեն, որ այդ օրենքը սխալ է, սպառնում է մեր գիտությանը, եթե տանեն բանակ, նրանց 99%-ը չի շարունակի ուսումը: Ասում են, թե դրանով պայքարում են կոռուպցիայի դեմ: Պայքարում են համակարգը ոչնչացնելո՞վ: Բանակում էլ է կոռուպցիան շատ, դե թող բանակն էլ փակեն»,- առաջարկում է ռադիոֆիզիկայի երրորդ կուրսի ուսանող Վահան Վարդանյանը: Ուսանողները ստորագրահավաք էին անում մի փաստաթղթի տակ, որում հարցեր էին առաջադրել օրինագծի հեղինակներին: Մասնավորապես՝ «ինչպե՞ս է բակալավրը երկու տարի պահպանելու իր գիտելիքները, որ հետո շարունակի ուսումը», «արդյո՞ք բանակին այդքան անհրաժեշտ են այն մի քանի հարյուր զինվորը, որոնց հաշվին կգլխատվի մեր գիտությունը», «մի՞թե այդքան անզոր են կոռուպցիայի դեմ պայքարողները, որ այսպես են պայքարում, դա նման է՝ փայտոջիլից ազատվելու համար ամբողջ տունը այրելուն»: Ստորագրահավաքին ակտիվորեն մասնակցում էին նաեւ աղջիկները, որոնք խոստովանում էին՝ «տղաները ավելի խելոք են, քան մենք»: Մաթեմատիկայի ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողուհիներ Մարգարիտա Մանուկյանն ու Նվարդ Դավթյանը համոզված էին, որ բուհն ավարտելուց հետո գիտությամբ զբաղվողները հիմնականում տղաներն են, եւ՝ թեկուզ երկու տարով, նրանց հեռացումը գիտական շրջանակներից կբերի մեծ կորուստների: Սակայն նրանք հույս չունեին, որ իրենց բողոքի ակցիան ինչ-որ բանի կբերի՝ «ինչ որոշել են, այն էլ անելու են»: Ամենահետաքրքիրն այն էր, որ համալսարանի բակում հավաքվածների շարքերում կային հակառակ կարծիքն ունեցող երիտասարդներ: Օրինակ, ռադիոֆիզիկայի ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Գոռ Ավետիսյանն ասաց. «եթե պետք է, օրհասական պահ է, պետք է գնանք: Ես անձամբ անցնում եմ մագիստրատուրա համարյա անվճար, բայց կողմ եմ այս օրենքին: Մեր 60-70 հազարանոց բանակի համար երկու հազարը քիչ թիվ չի»: Հարցիս՝ «հիմա օրհասակա՞ն պահ է», նա վստահ պատասխանեց՝ «այո, ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին քաղաքականության առումով օրհասական պահ է»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել