Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ԿԱՄ ՊԱՅՔԱՐԵ՛Ք, ԿԱՄ ՄԻ՛ ԲՈՂՈՔԵՔ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՑ

Մարտ 12,2004 00:00

ԿԱՄ ՊԱՅՔԱՐԵ՛Ք, ԿԱՄ ՄԻ՛ ԲՈՂՈՔԵՔ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՑ Խորհուրդ է տալիս ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը Մարտի 1-ից Հայաստանում սկսել է գործել Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը: Նորանշանակ օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը «Առավոտի» խնդրանքով անդրադառնում է Եվրոպայի խորհրդի առաջ Հայաստանի ստանձնած պարտավորություններին: ԵԽ ԽՎ-ն առաջարկել է, որ մինչեւ Այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին օրենքի ընդունումը՝ 2004-ի հուլիսի 1-ը, զինվորական ծառայությունից խուսափած երիտասարդները, որոնք շարունակում են մնալ բանտերում եւ մեկուսարաններում, ազատ արձակվեն: «Նախ, ես համաձայն չեմ այդ իմպերատիվ տոնի հետ, որն առկա է նման փաստաթղթերում,- ասաց տիկին Ալավերդյանը,- ըստ էության, նման ձեւակերպումները կոռեկտ չեն: Երկրորդ, ոչ մեկը մեզնից չպետք է պահանջի այս կամ այն հարցում այս կամ այն կերպ վարվել: Պահանջը պետք է մեկը լինի՝ բարելավել օրենսդրական այն դաշտը, որի պատճառով Եհովայի վկաները հայտնվել են այն իրավիճակում, որում կան: Ի վերջո, ինչու են նրանք բանտում. էականը սա է: Այսինքն, մենք պետք է վեր հանենք, արդյոք դա եղած օրենքի, իրավունքի ոտնահարում է, որը պետք է ուղղել: Իմ ասածը սոփեստություն չէ: Իսկ հարցադրումը շատ կարեւոր է եւ պահանջում է պետական մարմիններից գտնել եւ տալ դրա լուծումը, եթե դա օրենքի տեսքով պետք է լինի, ուրեմն՝ կիրառել այն: Կարծում եմ, հենց առաջին օրերին մենք կանդրադառնանք այդ հարցերին»,- խոստացավ օմբուդսմենը: Բայց Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում այսօրվա ամենամեծ եւ հրատապ խնդիրը նա համարեց հասարակության իրավական գրագիտության ցածր մակարդակը. «Անպաշտպան են բոլորը: Մարդիկ տեղյակ չեն ոչ իրենց իրավունքներին, ոչ պարտականություններին: Չինովնիկը մեծ մասամբ իր պարտականությունը չի կատարում հենց այն պատճառով, որ շատ լավ գիտի՝ դիմացինը տեղյակ չէ իր իրավունքներին: Այստեղ մենք մեծ անելիքներ ունենք: Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գոյության փորձը ցույց է տվել, որ ամենախոշորամասշտաբ գործունեությունն այս ոլորտում կարող է ի չիք դառնալ կամ անհաջողության մատնվել, եթե հասարակությունը իրավագիտակցություն չունի»: Մեր այն դիտարկմանը, թե մեր իրականության մեջ օրենքը շրջանցելը հաճախ պարտադրվում է հենց իշխանական համակարգի վերնախավի՝ «վերեւների», ճնշմամբ, տիկին Ալավերդյանը հակադարձեց. «Լավ եք ասում. «վերեւից» ճնշում են, իսկ ներքեւից՝ ոչ: Ինչո՞ւ: Բա դա ֆիզիկայի օրե՞նք է: Թող ներքեւից էլ ճնշեն: Ես ապահովելու եմ առաջին հերթին հենց այդ բարոյական ճնշումը, որը, ցավոք, մեզ համար ներքեւից ճնշել է դառնում: Եկեք խոստովանենք, որ այսօր բարոյական նորմը ճնշում չի գործադրում օրենք կիրառողների վրա: Մենք պետք է հասկանանք, որ «շան գլուխն այստեղ է թաղված» եւ այդ ռեսուրսը մենք չենք օգտագործում»: Անդրադառնալով այն հարցին, թե իր նշանակման դեպքում էլ ՀՀ նախագահը նկատի չառավ ԵԽ ԽՎ բանաձեւում արված առաջարկը, որով նպատակահարմար էր համարվել, որ ՀՀ նախագահը այդ հարցում նկատի ունենա խորհրդարանական ուժերի, այդ թվում՝ նաեւ ընդդիմության կարծիքը, ինչը չի արվել, Լ. Ալավերդյանը նկատեց. «Ընդդիմությունն իր կարծիքը հայտնել է այնքանով, որքանով ասել է՝ ում ուզում եք նշանակեք: Ի վերջո, նաեւ այդ ընդդիմության մասնակցությամբ է համապատասխան օրենքն ընդունվել: Եվ ընդդիմությունը դեռահասի նեղացկոտության փոխարեն կարող էր ջանք թափել այդ օրենքը բարելավելու կամ չընդունելու համար: Նախագահն առաջնորդվել է օրենքի անցումային դրույթով: Ինչ վերաբերում է իմ անկախ գործելու հնարավորությանը, ապա՝ ես միանգամայն ազատ եմ եւ կարող եմ անկախ գործել: Մյուս կողմից, մեղքը չի կարելի միշտ բարդել ճնշումների վրա: Է, մի ճնշվեք, եթե չեք ուզում ճնշվել՝ պայքարեք կամ հրաժարվեք այդ բեռը կրելուց»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031