Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ կանանց փորձի փոխանակում

Մարտ 20,2004 00:00

Հայ կանանց փորձի փոխանակում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժինը երեկ կազմակերպել էր «Կանանց միջազգային ամսվա ֆորում», որի ընթացքում տարբեր ոլորտների ներկայացուցիչ մոտ երկու հարյուր հայուհիները պատմում էին միմյանց իրենց աշխատանքային հաջողությունների եւ անհաջողությունների մասին: Oրվա սկզբում, երբ «Կանայք արտաքին քաղաքականությունում» թեման սահունորեն վերածվեց «Ընտանեկան բռնություններ եւ թրաֆիկինգ» չնախատեսված թեմայի քննարկմանը, բուռն բանավեճ ծավալվեց բռնությունների ենթարկված կանանց համար ապաստարաններ ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջեւ: Այդ հ/կ-ների եւ նրանց ղեկավարների անունները իրենց խնդրանքով չենք նշում, քանի որ, ինչպես նկատեց նրանցից մեկը. «Ապաստարան պահելը եւ բռնությունների ենթարկված կանանց ոչնչից մարդ դարձնելը, երեխաներին մանկապարտեզով, դպրոցով, իսկ կնոջն աշխատանքով, տանիքով ապահովելն, իհարկե, սուրբ գործ է, բայց միեւնույն ժամանակ վտանգավոր, եւ ինչ-որ առումով կոնֆիդենցիալ»: Իսկ բանավեճն առնչվում էր ահա թե ինչին. ապաստարաններից մեկի «տիրուհին» գտնում էր, որ դրանք մեր մենթալիտետին հարիր չեն, այդ պատճառով իր մոտ գրեթե չեն գալիս բռնության ենթարկված կանայք, քանի որ առնվազն մեկ ամիս հետո, միեւնույն է, պետք է հեռանան: Իսկ մի քանի օր, առավել եւս՝ մեկ ամիս տանը չեղած կնոջը ոչ մի հայ տղամարդ տուն չի ընդունի: Մի ուրիշ, ավելի բազմափորձ «տիրուհի», պնդում էր հակառակը. «Եթե կինը հստակ որոշել է, որ հեռանում է այնտեղից, որտեղ իր համար դժոխք էր, ապա մենք պետք է աջակցենք այնքան ժամանակ, որքան պետք է նրան՝ ոտքի կանգնելու համար»: Ֆորումը բաժանված էր մի քանի բաժինների՝ «Կանայք ներքին քաղաքականությունում», «Կանայք լրատվությունում», «Կանայք բիզնեսում» եւ «Կանայք իրավապահ մարմիններում»: Այս բաժնում ելույթով հանդես եկած իրավաբան Զարուհի Դանիելյանը համոզված էր, որ կարիերա անելու նպատակ ունեցող կանանց իրավունքները ՀՀ-ում չեն ոտնահարվում սեռական խտրականության իմաստով: Նա հստակեցրեց իր միտքը, ասելով, որ նպատակին հասնելու համար հարկավոր է երեք բան՝ ցանկություն, պատրաստվածություն, շանսերի հավասարություն, եւ ինքը չգիտի որեւէ կնոջ, որն ունենալով այս երեքը, չի հասել իր նպատակին միայն նրա համար, որ կին է: Զարուհու այս միտքը դահլիճում միանշանակ չընդունվեց: Բիզնեսում հաջողություն գրանցած երիտասարդ գործարարուհի Լուսինե Սարգսյանը, որը «Կոկա Կոլա» ընկերության կովկասյան բաժնի պատասխանատուներից է, ներկա կանանց տվեց օրվա խորհուրդը՝ «եղեք թույլ, կանացի, նուրբ, բայց միայն՝ աշխատանքից հետո, իսկ աշխատանքի ժամանակ մոռացեք թուլության եւ կանացիության մասին»: Մեր կողմից ավելացնենք՝ եթե խոսքը չի վերաբերում արտաքինին: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել