Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ ՕՐԵՆՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

Ապրիլ 16,2004 00:00

Փորձը
ցույց է տալիս, թե ընդդիմությունը կարող է խոսել «կարմիր հեղուկի» կամ «վարչակարգի
ողնաշարը ջարդելու մասին», սակայն իշխանությունն է իրականում ե՛ւ արյուն
հեղում Բաղրամյան պողոտայում, ե՛ւ ջարդում մարդկանց: Ու փորձում է այս ամենն
արդարացնել՝ վկայակոչելով «Ոստիկանության մասին» օրենքը:
Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվեց, թե «ստեղծված իրավիճակի վտանգավորությունից» ելնելով, «մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու նպատակով՝ ոստիկանության աշխատակիցները «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով, հարկադրված էին ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ կիրառել»: Մի կողմ թողնենք, թե այդպես էլ պարզ չդարձավ՝ խաղաղ ցուցարարներն ի՞նչ վտանգ էին ներկայացնում մարդկանց կյանքին եւ առողջությանը, ու անդրադառնանք 2001-ի մայիսի 16-ին ընդունված «Ոստիկանության մասին» օրենքին, որի թռուցիկ ընթերցանությունն իսկ վկայում է, թե Բաղրամյան պողոտայում ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերն իրականացված գործողության ընթացքում խախտվել են դրա բազմաթիվ դրույթներ:

Հոդված 3-ը սահմանում է, որ ոստիկանության գործունեությունը հիմնվում է «անձի իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու» սկզբունքների վրա: Թե Բաղրամյան պողոտայում ինչպես հարգվեց սահմանադրական իրավունքը՝ խաղաղ ցույցեր անցկացնելու վերաբերյալ, կամ ջարդարարները արդյոք հիշո՞ւմ էին մարդկանց արժանապատվության մասին՝ կարիք չունի մեկնաբանման:

Հոդված 5-ի համաձայն՝ ոստիկանությունը պարտավոր է ձերբակալված անձանց «իրական հնարավորություն ընձեռել օգտվելու իրավական օգնություն ստանալու իրենց իրավունքից», նաեւ «տեղյակ պահել նրանց հարազատներին, աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմին՝ նրանց գտնվելու վայրի մասին: Անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել նրանց բժշկական եւ (կամ) այլ օգնություն ցույց տալու»: Որ օրենքի այս պահանջներից եւ ոչ մեկը չի պահպանվել՝ վկայում են ապրիլի 13-ին բազմաթիվ մարդկանց բողոքները, որոնք չգիտեին իրենց հարազատների գտնվելու վայրի մասին: Բացի այդ էլ՝ փաստաբաններին թյուրիմացության մեջ էին գցում ոստիկանության բաժանմունքներում, թե իրենց մոտ չկան բերման ենթարկվածներ: Հրապարակված վկայություններ կան նաեւ այն մասին, որ բժշկական օգնություն վիրավորներին ցուցաբերվել է ուշացումով:

Հոդված 12-ի համաձայն՝ հասարակական կարգը պահպանելիս ոստիկանությունը պարտավոր է օժանդակել պատգամավորներին, երբ «վտանգված է նրանց կյանքը, առողջությունը, պատիվն ու արժանապատվությունը»: Իսկ այդ օրը ոստիկաններն իրենք էին վտանգում պատգամավորների առողջությունն ու պատիվը:

Ըստ հոդված 29-ի՝ «ոստիկանության աշխատակիցը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ հրազեն գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել դրանք գործադրելու մասին՝ բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու եւ իրավախախտումը դադարեցնելու համար»: Մինչդեռ նախազգուշացումն անելն ու ջրանետ մեքենաների մոտենալն իրականացվել է գրեթե րոպեի տարբերությամբ:

Հոդված 31-ով սահմանվում է, թե որ դեպքերում կարող են գործադրվել հատուկ միջոցներ՝ ռետինե մահակներ, ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ, ջրանետեր, էլեկտրահարող սարքեր եւ այլն: Եվ նախատեսված 9 դեպքերից միայն 2-ի պարագայում կարելի է վերապահությամբ ասել, թե դրանք համապատասխանում են նրան, ինչ այդ օրը կատարվում էր Բաղրամյան պողոտայում: Ասենք, թույլատրվում է հատուկ միջոցներ գործադրել «ցուցաբերվող անհնազանդությունը հաղթահարելիս կամ դիմադրությունը խափանելիս»: Սակայն խնդիրն այն է, որ նախ կիրառվել են հատուկ միջոցնել, եւ հետո ցուցադրվել միայն դիմադրություն: Հատուկ միջոցները թույլատրելի են նաեւ «տրանսպորտի, կապի եւ այլ կազմակերպությունների աշխատանքը կազմալուծող զանգվածային անկարգությունները եւ խմբակային գործողությունները խափանելիս»: Սակայն արդյոք խաղաղ ցույցը կարելի՞ է գնահատել իբրեւ «զանգվածային անկարգություն»: Եվ արդյոք պողոտայի մի հատվածի փակումը տրանսպորտի աշխատանքի կազմալուծո՞ւմ է: Ի դեպ, պողոտան առավել հիմնավոր փակվել էր հենց իրավապահների ջանքերով, որոնք տեղադրել էին փշալարեր:

Նշենք, որ «Ոստիկանության մասին» օրենքի համաձայն՝ «օրենքով չնախատեսված դեպքերում ոստիկանության աշխատակցի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ հրազենի գործադրումը կամ սահմանների անցումով դրանց գործադրումն առաջացնում է պատասխանատվություն»: Իսկ ոստիկանության գործունեության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է դատախազությունը: Սակայն միամտություն կլիներ հույս հայտնելը, թե դատախազությունն ուշադրություն կդարձնի ոստիկանների կողմից օրենքի սահմաններն անցնելու փաստերին, երբ արդեն իսկ ամենաբարձր մակարդակով ազդարարվեց, թե ոստիկանների գործողություններն իբր օրինաչափ էին, համարժեք եւ արժանի խրախուսանքի:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել