Լրահոս
Օրվա լրահոսը

«ԷՍ ՄԵՐ ԵՐԿԻՐՆ Է, ԻՆՉ ԿՈՒԶԵՆՔ՝ ԿԱՆԵՆՔ»

Ապրիլ 29,2004 00:00

«ԷՍ ՄԵՐ ԵՐԿԻՐՆ Է, ԻՆՉ ԿՈՒԶԵՆՔ՝ ԿԱՆԵՆՔ» «Գիշերվա 1-ին ծածկոցը ձեռքիս եկա ոստիկանատան մոտ, մտածում էի՝ տամ որդուս, որ չմրսի: Ներս չթողեցին, ներքեւում՝ պատի մոտ կանգնած, լսում էի որդուս գոռոցները, իսկ ես ոչ մի բան չէի կարող անել, հետո աշխատակիցները եկան ինձ այդտեղից հեռացրին»: Արտասվելով պատմում է Արտաշատի շրջանի Շահումյան գյուղի բնակիչ, 73-ամյա Էմմա Գրիգորյանը: Ապրիլի 23-ին նրա որդուն՝ Գրիշա Վիրաբյանին, ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու համար ոստիկանները տարել են Արտաշատի ոստիկանատուն, հինգ ժամ ծեծելուց հետո գցել են մեկուսարան, իսկ ապրիլի 24-ին շտապօգնության մեքենայով տարել են հիվանդանոց, որտեղ բժիշկները նրան վիրահատել են՝ հեռացնելով ձախ ամորձին: 45-ամյա Գրիշա Վիրաբյանը մանկավարժ-պատմաբան է, ապրում է Արտաշատի Շահումյան գյուղում, ունի երկու անչափահաս դուստր: Նա ՀԺԿ վարչության անդամ է: Երկու տարի առաջ աշխատում էր ՀՀ կառավարությունում՝ վարչապետի աշխատակազմում: Գրիշան այժմ գտնվում է Արտաշատի հիվանդանոցում: Ըստ նրա, եղելությունը հետեւյալն է. քրեականում աշխատող ծանոթ օպերի միջոցով իրեն հրավիրել են ոստիկանություն՝ զրույցի։ Ոստիկանության քրեականի պետի՝ Հովիկ Մովսիսյանի մոտ հասնելուն պես հարցրել են. «Գրիշա, էդ ի՞նչ իշխանափոխություն ես անում, մարդկանց միտինգի ես տանում, նախագահ ես փոխում»: Բանը հասել է հայհոյանքներին։ Հետո, Գրիշայի պատմելով. «Ասում եմ՝ Հովիկ, ինձ ճանաչում ես, չէ՞, խոսելուդ տոնը փոխիր, մի հայհոյիր: Նորից հայհոյեց եւ մոտեցավ ինձ: Ոտքով հարվածեց կողքիս եւ երկու անգամ բռունցքով խփեց դեմքիս: Ես ափերից դուրս եկա, ինքնապաշտպանական բնազդս աշխատեց. սեղանին կաբել կար դրած, վերցրի խփեցի, պարզվեց հեռախոսի լիցքավորման սարքն է, որը պոկվեց եւ կպավ աչքի տակին: Էդ րոպեին քրեականի տղերքը ներս մտան, ինձ տարան մյուս սենյակ ու սկսեցին ծեծել: Եկավ վարչության պետի տեղակալ Աշոտ Կարապետյանը: Հենց ներս մտավ՝ թքեց վրաս. «Բոմժե՛ր, ի՞նչ եք ուզում, էս երկիրը, մեկ է, չեք կարող փոխել»: Տեսավ, որ բոթասներով եմ, կրունկներով սկսեց խփել մատներիս, բոլորին դուրս հանեց, ինքը մենակ էր: Ես իրեն զգուշացրի, որ կողքիս չխփի: Սկսեց կողքիս խփել։ Ձեռքին սեյֆի մեծ բանալի կար, դրանով էր խփում կողքիս, ոտքերիս արանքին: Տեսավ, որ խփելուց բռնում եմ, կանչեց տղաներին, ասաց՝ ձեռնաշղթա հագցրեք: Հետեւի կողմից ձեռնաշղթաներ հագցրին՝ պինդ սեղմելով: Ինքը թողեց դուրս եկավ, շտապօգնության մեքենա կանչեցին, որպեսզի որոշեն՝ խմած եմ, թե ոչ: Շտապօգնության բժշկուհին ասաց, որ խմած չեմ: Նրան թույլ չտվեցին օգնել ինձ: Ինձ ծեծել են այնքան, մինչեւ քրեականի պետը գնացել է Երեւան, աչքի տակ երկու կար են դրել, վերադարձել է: Ապրիլի 23-ի ժամը 20-ից մինչեւ ապրիլի 24-ի 01:30-ը ծեծում էին: Քրեականի պետը եկավ, տեսավ, որ շատ վատ եմ, բայց ոչ ոք օգնություն ցույց չէր տալիս: Էդ ժամանակ ես արդեն գիտակցությունս կորցնում էի: Օպերներից մեկը՝ Բաղդասարյան Մանվելը, տեսավ, որ վատ եմ, ձեռնաշղթաներս մի քիչ թուլացրեց։ Հետո ասացին, որ դատախազությունից եկել են քննիչը եւ փաստաբանը: Ես չկարողացա ցուցմունք տալ: Էդ ժամանակ միլպետը մոտեցավ: Ասացի՝ կողքս վատ է, տարեք ռենտգենի: Բերեցին հիվանդանոց: Այստեղ բժիշկ Ռոբերտ Լիլոյանը նայեց ինձ, բայց ոչ մի օգնություն ցույց չտվեց: Զանգեց միլիցիայի բաժին, չգիտեմ՝ ինչ ասացին, մի թուղթ տվեց, որ վտանգավոր բան չկա: Նորից տարան բաժին, հետո իջեցրին մեկուսարան: Մեկուսարանում երեք ժամ գոռացել եմ, ոչ ոք չէր մոտենում, հետո մահճակալից իջա, սողալով մի կերպ հասա դռանը, սկսեցի ոտքով հարվածել, հերթապահի օգնականը եկավ, ասացի՝ վատ եմ, բժիշկ կանչեք: Նորից շտապօգնության նույն բժիշկը եկավ, ցավազրկող սրսկեց, քնեցի: Առավոտյան ցավերից նորից սկսեցի կանչել, շտապօգնությունով բերեցին հիվանդանոց: Ինձ վրա քրեական գործ են հարուցել, վիրահատությունից հետո խափանման միջոցը փոխել են եւ ստորագրություն են վերցրել չբացակայելու մասին: Նրանք ինձ լավ գիտեին, հիմա էլ անընդհատ խոսք են գցում, որ չբողոքեմ»,- պատմությունն ավարտում է Գրիշա Վիրաբյանը: «Բժիշկներով խորհրդակցելուց հետո որոշվեց կատարել ձախակողմյան փոշտահատում, որ մաշկի տակ հավաքված արյունը կամ արյունազեղումը շուտ ցրվի: Երեւանից էլի բժիշկներ կային, ամորձու հետին պատը ամբողջությամբ պատռված էր, մակամորձու հետ միասին, որտեղից դուրս հոսեց չորս հարյուր գրամ մակարդուկ: Ոչ մի կենդանի բջիջ չկար, լրիվ ջնջխված էր՝ քայքայված»,- պատմեց Արտաշատի հիվանդանոցի ուրոլոգ, վիրահատությունն իրականացրած բժիշկ Գարիկ Համբարձումյանը: Ըստ բժշկի՝ տեսականորեն հնարավոր է, որ մի հարվածից նման բան պատահեր: Սակայն Գրիշայի մարմնի կապտուկներից ակնհայտ է, որ նրան ծեծել են մինչեւ ուժասպառություն: Վնասված է նաեւ Գրիշա Վիրաբյանի ձախ կողը: Առայժմ ոստիկանությունը այս փաստի առթիվ որեւէ պաշտոնական հաղորդագրությամբ կամ մեկնաբանությամբ հանդես չի եկել: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Նյութն ամբողջությամբ կարդացեք www.hetq.am172ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել