Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնաժողովը հստակեցրեց չկատարվող պահանջները

Մայիս 01,2004 00:00

Հանձնաժողովը հստակեցրեց չկատարվող պահանջները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ որոշել է հստակեցնել կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարման որակի պահանջները։ Դրանք մինչ այդ էլ կային ու ամրագրված էին Ջրային օրենսգրքով, կառավարության որոշումներով եւ իրավաբանական այլ ակտերով։ Հանձնաժողովի ընդունած որոշումն ընդամենը ի մի է բերել տարբեր փաստաթղթերում «ցրված» Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» ընկերության (ԵՋԿ) պարտավորությունները։ Ի՞նչ կփոխվի սպառողի կյանքում նոր որոշման ընդունումից հետո։ Ըստ էության՝ ոչինչ։ Եթե ԵՋԿ ընկերությունը, մինչ այս ունենալով նույն պահանջները, լիարժեք չի կատարել դրանք, ապա այսուհետ ի՞նչը պիտի դրդի նրան՝ շրջադարձային փոփոխություն մտցնել իր աշխատանքում։ Պարտավորությունների չկատարման դեպքում որոշման որեւէ կետ պատժամիջոցի կիրառում չի նախատեսում։ Կամ էլ արձանագրում է այն, ինչն արդեն նախատեսված է Ջրային օրենսգրքով, բայց չէր կատարվում։ Բնակիչներն էլ իրենց բողոքները հանձնաժողովին ուղղելու հնարավորություն, իսկ հանձնաժողովը՝ դրանց արձագանքելու գործառույթ չունեն։ Այնուամենայնիվ, որոշման մեջ տեղ գտած որոշ տեղեկություններ կհետաքրքրեն մեր ընթերցողներին։ Օրինակ, որեւէ տարածքի ջրազրկման մասին ընկերությունը պարտավոր է տեղեկացնել առնվազն 2 օր առաջ՝ ԶԼՄ-ներով եւ այլ միջոցներով։ «Այլ միջոցներն» «Առավոտի» խնդրանքով հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը մեկնաբանեց այսպես. «Հայտարարություններ կփակցվեն շենքերին կամ էլ համայնքային ստորաբաժանումները կիրազեկեն, ձեւեր շատ կան»։ Մինչ օրս ընկերությունը բավարարվել է հեռուստառադիոեթերով հայտարարությունը մեկ օր առաջ տարածելով։ Տեղեկացնենք նաեւ, որ պլանային աշխատանքների պատճառով դադարեցված ջրամատակարարումը պետք է վերականգնվի վերջին մատակարարումից 24 ժամ, իսկ վթարի դեպքում՝ 36 ժամ հետո։ Ուշացնելու դեպքում ընկերությունը պարտավոր է ջրազրկված տարածքների բնակիչներին ապահովել որակյալ խմելու ջրով՝ «ցիստեռնով» եւ այլ տարաներով։ Իսկ եթե այս պահանջն էլ չկատարվի, ապա Ջրմուղ-կոյուղին պարտավոր է սպառողի տվյալ ամսվա ջրի գումարը նվազեցնել թերմատակարարված ջրի արժեքի քառապատիկի չափով։ Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցող ԵՋԿ գործադիր տնօրեն Վոլքլինգից փորձեցինք տեղեկանալ, թե ինչպես է փոխհատուցվելու Արաբկիրի աղտոտված ջրից տուժածներին դատարանի վճռով հատկացված գումարը՝ ջրի՞, թե՞ դրամի տեսքով (եթե վճիռներն օրինական ուժի մեջ մտնեն)։ Իտալացի տնօրենը պատասխանեց. «Ինչպես կվճռի դատարանը»։ Ասենք, որ դատարանը որոշել է փոխհատուցման համար գումարը բռնագանձել ընկերությունից։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել