Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՅՑԻՍ ՊԱՏՃԱՌԸ ՀՈԴՎԱԾՆ ԷՐ»

Մայիս 25,2004 00:00

Ասում է դիրիժոր Ռիչարդ Ասլանյանը

Հայրենիք առաջին անգամ այցից ընդամենը օրեր առաջ ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Վաքոյի Լիրիկ օպերայի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Ռիչարդ Ասլանյանը մայիսի 23-ին «Տրավիատայի» իր մեկնաբանությամբ հանդես եկավ Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում։ Անինայի դերերգում դիրիժորի կինը՝ Ջուդիթ Վայնինգերն էր։

Ամերիկայի (Նյու Յորք, Բոստոն) ու Գերմանիայի (Քոլոնիա) կոնսերվատորիաներում կրթություն ստանալուց հետո, Ռ. Ասլանյանի՝ որպես դիրիժորի դեբյուտը կայացել է 1965թ. Զաարբրուքենի (Գերմանիա) օպերային թատրոնում։ Այստեղ է ծանոթացել ու ընտանիք կազմել ամերիկուհի իր կնոջ հետ։ Մոտ 40 տարի աշխարհի տարբեր հեղինակավոր օպերային թատրոններում (Ժնեւի, Նյու Յորքի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ այլն) ղեկավարել է համաշխարհային օպերային գրականության գանձարանից տարբեր ներկայացումներ։

Դիրիժորի Հայաստան այցին խթան է հանդիսացել մի գրքույկ, որտեղ կարդացել է Երեւանի ազգային օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի մասին պատմող հոդված։ Իր խոսքերով. «Առաջին անգամ ինձ համար հայտնաբերեցի, որ Երեւանն ունի օպերային թատրոն։ Անմիջապես կապվեցի Դուրգարյանի հետ, որին հետեւեց իմ հրավերը»։

Հայրենիքում Ռ. Ասլանյանը հասցրել էր ճաշակել իրեն ուղղված նախատինքը (կապված ուշացած այցի հետ), ուստի հարկ համարեց փոքր-ինչ մանրամասնել. «Ինձ մի մեղադրեք։ Ծնողներիցս ու մեծ ծնողներիցս, որոնք գաղթել են 1912թ. Տիգրանակերտից, լսել եմ ու անգիր գիտեմ հայոց պատմությունը։ Իմ ընտանիքում առայսօր պահպանվել ու կպահպանվեն հայկական սովորույթները, ծեսերը, ուտեստները։ Պետք է անկեղծ լինեմ՝ չէի կարողանում գալ մեկ պատճառով. գտնում էի, որ մի հանճարեղ ժողովուրդ, փաստորեն, ապրում էր ստրկացած (նկատի ունի խորհրդային տարիները)։ Վստահ եմ, երբ այցելեի, ծնողներիս պատմածին կգումարվեր տեսածս։ Պատկերացնում եմ, թե ինչ դժվար է եղել տարիներ շարունակ ղեկավարվելը օտարի կողմից։ Այդուհանդերձ զարմացած եմ, թե ինչպես նման պայմաններում այսչափ կարելի էր պահպանել սեփական մշակույթը»։ Դիրիժորը նորանկախ Հայաստանի մասին էլ է տեղեկացված, գիտի այն դժվարությունները, որոնք լուռումունջ տանում է հայ ժողովուրդը, այդ թվում եւ արվեստագետները. «Ոչինչ, ամեն ինչ կշտկվի։ Հիմա արդեն հայն առանձին պետություն է, որի հետ հաշվի են նստում»։

Մինչ հայրենիք ժամանելը Ռ. Ասլանյանը գիտեր միայն հայ ու սփյուռքահայ աշխարհին ծանոթ հայտնի երգիչների մասին։ Այստեղ իր համար «հայտնաբերել» է նոր անուններ. «Հիացած եմ հայկական վոկալ դպրոցով։ Լսեցի ձայնային առողջ որակներ։ Իսկ Անահիտ Մխիթարյան երգչուհով պարզապես ապշած եմ»։ Դիրիժորը կարծիք հայտնեց, որ նման երգիչների վրա կարելի է հենվել, նրանց ներկայացնելով ցանկացած երկրի օպերային թատրոնում։

«Ամերիկա հասնելուն պես պետք է աշխատեմ կազմակերպել հայ օպերային երգիչների մասնակցությունը իմ ղեկավարած որեւէ ներկայացման մեջ»,- տեղեկացրեց դիրիժորը։ «Առավոտի» հետաքրքրությանը՝ «Դա ո՞ր ներկայացումը կլինի», Ռ. Ասլանյանը պատասխանեց. «Հավանաբար Վերդիի «Տոսկան», որից հետո կկազմակերպեմ նաեւ գալա համերգ, ուր, անշուշտ, կհնչեն նաեւ Կոմիտաս, հայ կոմպոզիտորների վոկալ ստեղծագործություններ, ինչպես նաեւ արիաներ հայկական օպերաներից։ Քաղաքը, ուր ես ապրում եմ, մեծ չէ։ Մեծ չէ եւ հայ համայնքը՝ 5-6 ընտանիք։ Կարծում եմ, այսօրվա հայ երգիչներին ներկայացնելը հետաքրքրություն կառաջացնի ու կհետեւեն հյուրախաղերի այլ նախագծեր եւս»։

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել