Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՊԱՌԱԿՏՈՒՄԸ ԲԱՑԱՌՎԱԾ ՉԷ»

Հուլիս 14,2004 00:00

«ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՊԱՌԱԿՏՈՒՄԸ ԲԱՑԱՌՎԱԾ ՉԷ» ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հարցազրույցը «Առավոտին» – Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ Ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների այս փուլը նորմա՞լ եք համարում։ – Ներքաղաքական իրավիճակը, կարծում եմ, բավականին հանգիստ է։ Ընդդիմության հետ երկխոսությունը կվերսկսենք ամառվա վերջին։ Արդեն ընդդիմության որոշ գործիչների հետ զրույցներ եղել են։ Պետք է փորձենք համատեղ ջանքերով այնպես անել, որ սեպտեմբերից ԱԺ բոլոր 131 պատգամավորները լիարժեք մասնակցեն օրինաստեղծ աշխատանքին։ Իհարկե, կլինեն մարդիկ, ովքեր չեն ցանկանա լիարժեք օրինաստեղծ գործունեության վերադառնալ, բայց կփորձենք հասնել այն բանին, որ բոլորը վերադառնան խորհրդարան։ Պատերազմ հայտարարելու քաղաքականությունը ընդունելի չէ։ Մենք պետք է գտնենք փոխադարձ ընդունելի լուծումներ։ Նույնիսկ համաշխարհային պատերազմներն ավարտվում են երկխոսության ճանապարհով։ Իշխանություն-ընդդիմություն հակամարտությունը նույնպես պիտի լուծվի երկխոսության ճանապարհով։ Բայց ասեմ, որ ժողովուրդը ոգեւորված չէ այդ բոյկոտով։ Մարզային իմ այցերը ցույց են տալիս, որ մարդիկ պահանջում են, որպեսզի խորհրդարանում բոլորը աշխատեն։ Պետք է նաեւ ընդդիմադիր ճամբարի գործիչները ընդունեն եւ հասկանան, որ խորհրդարանը օրինաստեղծ գործունեության վայր է, եւ իրենք մեծապես կարող են նպաստել, որ այդ մարմինը ավելի լիարժեք գործի։ Հարց եմ տալիս ձեզ. այն «Ընտրական օրենսգիրքը», որը կընդունվի առանց ընդդիմության, մի՞թե կարող է ավելի լավը լինել, քան այն, որը կընդունվի ընդդիմության մասնակցությամբ։ Ես այն մարդկանց թվին եմ պատկանում, որոնք վստահ են, որ ընդդիմության մասնակցությունը օրինաստեղծ գործընթացին կնպաստի, որպեսզի մենք ավելի թրծված օրենքներ ընդունենք։ – Խոսակցություններ կան, որ օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին կառավարությունում արմատական փոփոխություններ են լինելու։ Արդյո՞ք սա հնարավոր եք համարում։ – Մենք պետք է ընդունենք այն իրողությունը, որ ոչ ոք իր տեղում հավերժ չի մնալու, եւ կադրային փոփոխությունները միշտ էլ հնարավոր են՝ ելնելով այս կամ այն բնագավառում տիրող իրավիճակից։ Շատ հաճախ այդ խոսակցությունները արհեստական բնույթ են կրում, անձնավորված են՝ ուղղված առանձին գործիչների դեմ, որը ես ճիշտ չեմ համարում։ – Հանրապետության նախագահը միանում է ԱՊՀ երկրների որոշ նախագահների հայտարարությանը՝ ԵԱՀԿ-ի գործունեության վերաբերյալ, որը գնահատվեց որպես դեմարշ ընդդեմ Եվրոպայի։ Իսկ դուք ամենուրեք հայտարարում եք, թե բոլոր ճանապարհները տանում են Եվրոպա։ Ինչո՞վ է պայմանավորված այս հակասությունը։ – Հակասություն չկա. Հայաստանը որդեգրել է եվրոպական ինտեգրացման ճանապարհը։ Իհարկե, այդ ճանապարհին կան բազմաթիվ արգելքներ, դժվարություններ, փշոտ ճանապարհ է նաեւ, եւ այդ ճանապարհը մենք պետք է հաղթահարենք։ Ինչ վերաբերում է ձեր նշած հայտարարությանը, ապա խոսքը ընդհանրապես ԵԱՀԿ-ի հետ Հայաստանի համագործակցության մասին չէ։ Խոսքը առանձին կնճռոտ խնդիրների շուրջ առկա որոշ տարաձայնությունների մասին է։ Բնականաբար, յուրաքանչյուր երկիր իր սեփական տեսակետը պետք է ներկայացնի, որովհետեւ մենք ազգ ենք, պետականություն ունենք, ինքնիշխան երկիր ենք եւ մեր դիրքորոշումները պետք է կարողանանք հստակ արտահայտել այն վիճահարույց խնդիրների շուրջ, որոնք առկա են։ – Նախագահի վերահսկողական ծառայությունը պատրաստվում է վերահսկել նաեւ բուհերի ընդունելության քննությունները, այնպես, ինչպես վերահսկվեցին մեդալակիրները։ ԱԺ վերահսկիչ պալատը իր հերթին չի՞ պատրաստվում հանդես գալ նույնպիսի նախաձեռնությամբ։ – «Օրինաց երկիրը» անելու է ամեն ինչ, որպեսզի Հայաստանում վերացվի «ընդունելության քննություն» հասկացությունը։ Եվ դրան հասնելու համար շատ չի մնացել, ընդամենը մեկ տարի։ Մենք հայտարարել եւ հայտարարում ենք, որ հասնելու ենք այն բանին, որ մեր երկրում վերանա պետպատվերը։ Այսինքն՝ անվճար պետք է սովորեն խելացի երեխաները։ Ում գլուխը որ լիքն է, նա էլ պետք է օգտվի պետության հովանավորությունից։ Եվ ոչ թե ունեւորների ու պաշտոնյաների երեխաները պետք է դառնան պետպատվերով սովորողներ։ Բուհական ընդունելության քննությունների կռիվ-ղալմաղալը կախված է երկու խնդրից՝ պետպատվեր եւ զինծառայություն։ Սեպտեմբեր-հոկտեմբերին մենք կընդունենք «Բուհական եւ հետբուհական կրթության մասին» օրենքը, եւ պետպատվեր ասածը կվերանա։ – Հնարավո՞ր է այս եւ մի քանի ուրիշ հարցեր եւս իրար գումարվեն եւ առիթ դառնան կոալիցիայի պառակտման։ – Ինչպես ասում են՝ կոալիցիայի պառակտման մասին լուրերը չափազանցված են, բայց չի կարելի բացառել, եթե կլինեն խիստ սկզբունքային տարաձայնություններ կուսակցությունների համար։ Ոչ մեկն իր պաշտոնից կամ աթոռից կառչած չէ։ Այս պահին չկան լուրջ տարաձայնություններ։ Կան լուրջ խնդիրներ, լուրջ դժգոհություններ, բայց դրանք բոլորն էլ հաղթահարելի են, եւ մենք առայսօր քննարկումների միջոցով դրանք կարողացել ենք հաղթահարել։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել