Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՂ ՀԱՐՑԸ ԼՈՒԾԵՔ՝ ՓՈՂ ԿՏԱՆՔ»

Հոկտեմբեր 01,2004 00:00

Ադրբեջանին
եւ Հայաստանին խոստանում են ԵՄ ներկայացուցիչները՝ օրինակ բերելով Վրաստանը,
որին արդեն փող տվել են՝ խրախուսելով նախագահի լեգիտիմությունը:
Երեկ «Կոնգրես» հյուրանոցում ՆԱՏՕ-ի հովանավորությամբ կայացած «Հարավային Կովկասը՝ Մեծ Եվրոպայի մաս» խորագրով կոնֆերանսի ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչ Զաուր Ռասուլ-Զադեն հարց ուղղեց զեկուցողներին, որոնք ներկայացնում էին եվրոպական տարբեր հեղինակավոր կառույցներ. «Իլհամ Ալիեւը բազմիցս նշել է, որ Ադրբեջանը ցանկանում է ինտեգրվել Արեւմուտքին: Սակայն մեզ խանգարում է Լեռնային Ղարաբաղը: Արդեն տասը տարուց ավելի է, որ Հայաստանը օկուպացված է պահում մեր հողը, իսկ միջազգային կառույցները աչք են փակում այդ ամենի վրա: Ե՞րբ վերջապես այդ հարցը կլուծվի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»:

Հարցը, բնականաբար, ընդունվեց ոչ միանշանակ: Եվրոպացիները խառնվեցին իրար, իսկ հայերը կամ ծիծաղում էին, կամ ուսերը թոթվում: Հետաքրքիրն այն է, որ պատասխան հարցը, որ հայկական կողմից հնչեցվեց, իր մեջ չներառեց Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքի առաջնահերթությունը, ինչպես սովորաբար անում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին խոսակցություններին ի պատասխան: Փոխարենը, այդ հարցը տվողը՝ Արմեն Դովլաթյանը, հարցրեց, թե ո՞ր պատերազմն է ավելի գեղեցիկ՝ ազատագրմա՞ն համար մղվողը, թե՞ օկուպացիայի: Հիմա ժպտալու հերթը ադրբեջանցիներինն էր: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը՝ Հունաստանի դեսպան Անտոնիոս Վլավիանոսը, նկատեց, որ ՆԱՏՕ-ն չի մասնակցում կոնֆլիկտների լուծմանը, հատկապես՝ ԼՂ-ի, այլ կազմակերպում է միջոցառումներ, որոնց մասնակցում են հակամարտող կողմերը: Դրանով ՆԱՏՕ-ն աշխատում է նպաստել տարածաշրջանային ինտեգրմանը: Եվրաատլանտյան դաշինքը պատրաստ է ընդունել ցանկացած լուծում, որին կողմ են հակամարտող կողմերը: Կարելի է ենթադրել, որ այս պատասխանով դեսպան Վլավիանոսը «երեսով տվեց» վերջին միջադեպը, երբ Ադրբեջանի մեղքով Բաքվում չկայացան ՆԱՏՕ-ի զորավարժությունները:

Իսկ ԵՄ ներկայացուցիչ, փորձագետ Հարրի Կամարայնեն ավելի խիստ պատասխան տվեց. «ԵՄ-ն չի լուծում խնդիրները, այլ փորձում է օգնել կողմերին՝ այդ լուծումները գտնելու: Իսկ երբ ինչ-որ բան լուծվում է կողմերի շնորհիվ, ԵՄ-ն շատ արագ արձագանքում է կոնկրետ օգնությամբ: Հիշեք, թե որքան արագ եւ կոնկրետ ԵՄ-ն արձագանքեց Վրաստանում քաղաքական փոփոխություններին եւ միլիոնավոր դոլարների օժանդակություն բերեց այդ երկրին: Եթե Ղարաբաղի հարցի լուծման մեջ էլ առաջընթաց նկատվի, մենք արագ կօգնենք: Այնպես որ, այդ հարցը ես ձեզ ետ եմ վերադարձնում՝ ե՞րբ վերջապես կլուծվի ղարաբաղյան հակամարտությունը»:

Հետաքրքիրն այն է, որ նույն ժամին «Կոնգրես» հյուրանոցի մեկ այլ դահլիճում կայանում էր մի այլ կոնֆերանս, որում նույնպես քննարկվում էր ՀՀ եւ Հարավային Կովկասի՝ Եվրոպային ինտեգրման հնարավորությունները: Անդրադառնալով ղարաբաղյան կոնֆլիկտին՝ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նկատեց, որ եթե այսօր Ադրբեջանում տիրում են հիմնականում ռեւանշիստական տրամադրություններ, ապա ՀՀ-ում կարծես լրիվ մոռացել են Ադրբեջանի գոյության մասին ընդհանրապես, եւ այն մասին, որ կա ԼՂ չլուծված հիմնահարց: Կոնֆերանսին ներկա ադրբեջանցիները այս դիտարկմանը չառարկեցին: Ըստ պարոն Նավասարդյանի, տարածաշրջանին այդ թմբիրից դուրս գալու եւ միասնականորեն առաջ նետվելու համար հարկավոր է շոկային թերապիա՝ ողջ տարածաշրջանի համար. ավելի ուժեղ, քան Վրաստանի հեղափոխությունն էր: Ի դեպ, Վրաստանի մասին. այս երկրորդ կոնֆերանսին մասնակցող Դավիթ Բերձանաշվիլին հայտարարեց. «Վրաստանը երբեք չի դառնա Ռուսաստանի սաթելիթը: Այս տարածաշրջանում Վրաստանը ամենամեծ լեգիտիմություն ունեցողն է»: Այս նկատառմանը հետեւեց ռեպլիկ՝ «ինչպես նաեւ ամբողջ ԱՊՀ-ում»: Պարոն Բերձանաշվիլին լեգիտիմ իշխանություն ունեցող երկրի ներկայացուցչին հատուկ հպարտությամբ նետեց՝ «ԱՊՀ-ն մեզ չի հետաքրքրում»: Նա նաեւ պնդում էր, թե անկախ այն բանից, որ երկու-երեք ամսից Սահակաշվիլին կսկսի իր երկրում պրոբլեմներ ունենալ, Վրաստանը չի դառնա պրոռուսական. «Միայն Շեւարդնաձեի ժամանակ էր այդպես սեզոնային՝ ձմռանը մենք ռուսամետ էինք, որ գազ ստանանք, իսկ հենց բացվում էր գարունը՝ դառնում էինք արեւմտամետ»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել