Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 01,2004 00:00

Ըստ
Վրաստանի «Բաց հասարակության հիմնադրամի» տնօրեն Դավիթ Դարչիաշվիլու
Այն, որ Հարավային Կովկասի միասնական անվտանգության համակարգ ունենալը նպատակահարմար է, թերեւս քչերն են վիճարկում ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Վրաստանում, ե՛ւ Ադրբեջանում: Բոլորն են հասկանում, որ դա մեր տարածաշրջանի կայունությունն ապահովելու համար լավագույն երաշխիքն է: Բայց իրականությունն այն է, որ տարածաշրջանի այս երկրները առայժմ գործնական քայլեր քիչ են ձեռնարկում այդ միասնական անվտանգության համակարգում ընդգրկվելու համար, որովհետեւ հակասություններն ավելի շատ են, քան ընդհանրությունները: Հենց այդ պատճառով էլ Վրաստանն ու Ադրբեջանը իրենց հայացքն ուղղել են դեպի Արեւմուտք եւ իրենց անվտանգությունը տեսնում են ՆԱՏՕ-ի կազմում, իսկ ՀՀ-ն՝ ԱՊՀ կոլեկտիվ անվտանգության պայմանագրի շրջանակներում:

Վրաստանի «Բաց հասարակության հիմնադրամի» տնօրեն Դավիթ Դարչիաշվիլին վերջերս ելույթ ունենալով Ծաղկաձորում՝ կարծիք հայտնեց, որ Հայաստանն այդ հարցում կողմնորոշվել է՝ ելնելով իր ազգային տրամաբանությունից. «Այլ հարց է, թե դա որքանով է ռացիոնալ կամ իռացիոնալ: Այդ համակարգում գտնվելը Հայաստանին հնարավորություն է տալիս լուծելու ԼՂ հիմնախնդիրը այնպես, ինչպես հայերի մեծամասնությունը կցանկանար այն լուծել: Որքանով է դա երկարաժամկետ որոշում եւ որքանով հղի բացասական հետեւանքներով՝ այլ հարց է: Հայերը մտածում են, որ առանց ԿԱՊ-ի դժվար կլիներ լուծել այդ հիմնախնդիրը»:

Այս հարցը Դարչիաշվիլին հակված էր դիտարկել ոչ միայն ազգային շահերի, այլեւ ազգայնականության համատեքստում: «Չի կարելի մոռանալ, չնկատել, որ հակամարտությունների լուծման, քաղաքական եւ աշխարհաքաղաքական հարցեր քննարկելիս առնչվում ենք ազգայնականության գործոնի հետ: Դրա մասին պետք է խոսել, դա պետք է ազատորեն քննարկել՝ խնդիրները ճիշտ ձեւակերպելու եւ մատուցելու համար»:

Դ. Դարչիաշվիլու կարծիքով, մասնավորապես Վրաստանում «ազգայնականությունը մի կողմից կարող է խորտակել մեզ, բայց մյուս կողմից առանց դրա դժվար թե հնարավոր լինի ինչ-որ բան կառուցել: Ազգայնականությունը երբեմն պետության շարժիչ ուժ է պետություն կառուցելու հավակնության համատեքստում. պետք է միայն այն ուղղել ճիշտ ուղղությամբ»: Նրա դիտարկմամբ, հակամարտությունների լուծումը մեծապես կախված է նրանից, թե որքանով են հակամարտության մեջ ներքաշված այս կամ այն ժողովրդի ազգային զգացմունքներն ու ինքնասիրությունը բավարարված կամ լիովին արհամարհված: Միաժամանակ, եթե խոսքը հակամարտությունների լուծման որեւէ մոդելի մասին է, ապա պետք է մտածել ոչ միայն ազգային փոքրամասնությունների մասին, ինչը միշտ քննարկման առարկա է դառնում միջազգային հարաբերություններում եւ միջազգային իրավունքում, այլեւ այն վախի կամ մտահոգության մասին, որ ունեն նաեւ ազգային մեծամասնությունները: Այսպես, ըստ նրա՝ նույն Վրաստանում, ասենք՝ Ջավախքում, որոշակի եւ փոխադարձ անվստահություն կա հայերի եւ կենտրոնական իշխանությունների միջեւ: Երբ Ջավախքում սոցիալական կամ այլ բնույթի հարցեր են կուտակվում եւ լուծում չեն ստանում, երբ խոսվում է ռուսական ռազմաբազաների դուրսբերման մասին, այնտեղ հայերն անպայման դա ընկալում են իբրեւ իրենց դեմ ուղղված քայլ, հատուկ եւ բացասական վերաբերմունքի դրսեւորում: Նույնն է նաեւ հակառակ պարագայում: Երբ հայերն են ինչ-ինչ հարցեր բարձրացնում, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման լրացուցիչ իրավասությունների առնչությամբ, վրացիներն են դա ընկալում որպես իրենց դեմ ուղղված քայլ, անջատողականության դրսեւորում եւ այլն:

Միաժամանակ, Դարչիաշվիլու ասելով՝ մարդու իրավունքները դժվար է պաշտպանել եւ դժվար է իրավական պետություն ստեղծել որեւէ պետության տարածքում, հնարավոր չէ լուծել հակամարտությունները, եթե չկա այդ երկրում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ հատուկ վերաբերմունք, որը կպաշտպանի նրանց մշակույթը, ազգային առանձնահատկությունները: Այնտեղ, որտեղ դրանք արհամարհվում են, վտանգավոր են դառնում հենց այդ պետությունների համար՝ հանգեցնելով անգամ մարդկային կորուստների, անկախ այն բանից՝ նման խնդիրները արհեստական, թե պատմական բնույթ ունեն: Մի խոսքով, Դ. Դարչիաշվիլին կարծիք հայտնեց, թե հակամարտությունները մեր տարածաշրջանում հնարավոր է լուծել միայն այն դեպքում, երբ հաշվի են առնվում եւ որոշակիորեն բավարարվում են հակամարտության մեջ ներքաշված կողմերի ազգայնական հավակնությունները, եւ, իհարկե, երբ դրանք լուծողը լեգիտիմ իշխանությունն է:

Բաց է մնում մի հարց. որքանո՞վ են նույն վրացիների համար ընկալելի Վրաստանի տարածքում ապրող ազգային փոքրամասնությունների, իսկ Ադրբեջանի իշխանությունների համար՝ ԼՂ-ում ապրող հայերի ազգային մշակույթը, շահերն ու ազգայնական հավակնությունները:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել