Լրահոս
Օրվա լրահոսը

CHAT-Ի

Փետրվար 01,2005 00:00

CHAT-Ի ՄԱԿԱՐԴԱԿՈՎ Իհարկե, ամենահիմար բանը, որ կարող էին անել մեր օրինապահները, արվամոլության մասնագետին քաղաքական դեմք սարքելն էր՝ նրան ձերբակալելով: Ընդ որում, քրեական գործ հարուցելը, կարծում եմ, ճիշտ էր: Նույնքան տարօրինակ են այն քաղաքական գործիչներն ու ուժերը, որոնք 21-րդ դարում պաշտպանում են մարգինալ ազգայնական գաղափարներ առաջ քաշող այդ սուբյեկտին, որը ասուլիսի ժամանակ համարձակվում էր սեռական վիրավորանք արտաբերել իրեն հարց տվող լրագրողին: Ի վերջո՝ ինչի՞ շնորհիվ է այդ անձնավորությունը հռչակ ձեռք բերել: Ասել է, որ իշխանավորների շրջանում արվամոլներ կան (չհամարձակվելով, սակայն, տալ նրանց անունները): Դա ի՞նչ մի պրոբլեմ է, ի՞նչ է դա ավելացնում կամ պակասեցնում պատմության կամ ազգի նկարագրում: Պարզապես թեմա է, որի շուրջ քյաբաբնոցում կուշտ կերած մեր պատգամավորները կամ պարապ մնացած քաղաքական գործիչները կարող են «բարձրաշխարհիկ զրույց» վարել: Բա ի՞նչ անեն՝ հո Ղարաբաղի հարցը չեն քննարկի՝ գիտելիքներն ու շահագրգռությունն են պակասում: Համ էլ՝ կուշտ ուտելուց թեթեւակի chat-ի կարիք է զգացվում: Որ նման մարգինալ «գործիչները» կարող են հռչակ ձեռք բերել, դա մեր «վերնախավի» եւ որոշ չափով նաեւ՝ հասարակության խնդիրն է: Նույն chat-ի ժամանակ առավել «զարգացած» քյաբաբակերները սկսում են «աշխարհաքաղաքական» դատողություններ անել (օրինակ, «աշխարհը հրեաների ձեռն ա, ոնց ուզում՝ ֆռցնում են»), դա էլ է նրանց խնդիրը: Պարզապես քաղաքական մտքի սնանկության եւ հասարակության հիմարացման ժամանակաշրջաններում շատանում են միամիտները, որոնք այդ հեքիաթներին հավատում են: Իրականում չկան «չարիքի կենտրոններ», որտեղ հայ ժողովրդի դեմ դավեր են նյութվում: Կան ընդամենը տարբեր ազգային եւ պետական շահեր, որոնք կարող են համընկնել, իսկ կարող են նաեւ չհամընկնել մեր պետության ազգային եւ պետական շահերի հետ: Մեր հասարակության մեջ իսկապես չկան անհանդուրժողականության որեւէ դրսեւորումներ: Երբեք չեն եղել: Պարզապես նրանք, ովքեր որեւէ ուրիշ շնորհք չունեն եւ ստիպված են զբաղվել քաղաքականությամբ, երբեմն փորձում են աչքի ընկնել հենց այդ անհանդուրժողականությամբ: Ոչինչ՝ կանցնի- կգնա: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել