Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանամետները «կիսադատապարտեցին»

Փետրվար 11,2005 00:00

Իշխանամետները «կիսադատապարտեցին» Երեկվա բրիֆինգների ժամանակ իշխանամետ ֆրակցիաները հրաժարվեցին ընդունել, որ «ՏԷՑ-ի կրուգում» գործում էին պատգամավորների եւ պաշտոնյաների զինված ջոկատները: Խորհրդարանական խումբ-խմբակցություններից ոչ մեկն առայժմ հրապարակավ չի դատապարտել վերջին շրջանում առավել հաճախացած «ռազբորկաները»։ Երեկ, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, լրագրողներով փորձում էինք հնարավորություն տալ օրենսդիրներին դատապարտելու կատարվածը, սակայն ստացված պատկերը բավականին զարմանալի էր: Հիմնականում պատգամավորները իրավիճակը մտահոգիչ էին համարում, բայց չկար խիստ դատապարտում: Հասկանալի պատճառներով՝ միայն ընդդիմադիր խմբակցության հայտարարությունն էր առավել խիստ: «Արդարություն» խմբակցությունը երեկ հայտարարեց. «Մենք դատապարտում ենք այն քրեածին իրավիճակը, որն ստեղծվել է ՀՀ-ում: Հատկանշական է, որ կրիմինալ իշխանությունները չեն կարող իրենք իրենց դեմ պայքարել, քանի որ իշխանության եկել են հենց այդ կրիմինալի աջակցությամբ, եւ պատահական չէ, որ «բեսպրեդելի» մասնակիցները, զինված բանդայի անդամները մասնակցել են նաեւ ապրիլի 5-ին լրագրողների դեմ կատարված բռնարարքներին, ինչպես նաեւ ապրիլի 12-13-ին խաղաղ ցուցարարների դեմ կատարված վայրագություններին»: Իշխանություն ներկայացնող քաղաքական ուժերի գնահատականները շատ ավելի մեղմ էին: ՕԵԿ խմբակցության անդամ, ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հարցերի հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը հանրապետությունում առկա քրեական իրավիճակի մասին («ՏԷՑ-ի կրուգի ռազբորկաների» մասին է խոսքը) ասաց, որ պետք է հստակ պայքար տարվի նման իրավիճակի դեմ. «Իմ ունեցած վերջին տեղեկություններով, արդեն բավականաչափ մարդիկ են կալանավորված, մարդիկ կան, որ իրենք են գալիս եւ զենքը հանձնում: Չեմ կարծում, որ կատարվածը քաղաքական նրբերանգներ կստանա, սակայն այն, որ սրա դեմ շատ լուրջ պետք է պայքարել՝ միանշանակ է»: «ՏԷՑ-ի կրուգի» արյունալի դեպքերի հետ կապված շոշափվում են նաեւ պատգամավորների անուններ, սակայն որեւէ պատգամավոր երեկ չհամաձայնեց, որ կատարվածում մասնակից են իրենց մեկ կամ երկու գործընկերները. «Պատգամավորների անունների վերաբերյալ ոչ մի տեղեկություն մենք չունենք, եւ որքան ես եմ տեղյակ, պատգամավորի անուններ չկան»,- ասաց Մհեր Շահգելդյանը: Իսկ Գալուստ Սահակյանը վատ ավանդույթ համարեց կատարված ամեն վատ բանի մեղքը պատգամավորների կամ պաշտոնյաների վրա գցելը: ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանն ասաց, որ իրենք դատապարտում են զենքի ուժով հաշիվներ մաքրելու երեւույթները, որովհետեւ ձգտում են, որպեսզի Հայաստանը լինի օրինապահ քաղաքացիներ ունեցող երկիր. «Մեր կարծիքով, խորհրդարանը ունի այն լծակները, որոնց օգնությամբ կարող է համապատասխան գործողություններ կատարել. դա խորհրդարանի կողմից իրավապահ մարմիններին ուղղված պահանջն է, որպեսզի նրանք բացատրություն տան, թե ի՞նչ է կատարվում, դա նաեւ համապատասխան պատգամավորական հարցումներն են պատկան մարմիններին»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանին հարցրինք՝ հավատո՞ւմ է, որ կատարվածը օբյեկտիվ կբացահայտվի. «Ես հավատում եմ միայն Աստծուն, բայց օբյեկտիվ քննությունը իրավապահ մարմինների պարտականությունն է»: Սակայն խոսքն այն մասին է, որ բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ ունեն զինված ջոկատներ, խմբեր, որոնք ծավալում են ՀՀ օրենքներին հակասող գործողություններ: Այս դեպքում Դաշնակցությունն ունի իր «տղամարդու» խոսքը՝ իրենք շրջանառության մեջ են դրել «Թիկնազորային ծառայության մասին» օրինագիծը, որն ընդունվելու դեպքում կկարգավորի այս հիմնահարցը: Իսկ մինչ այդ երեւի պետք է պարզապես կրակել, ինչը եւ արվում է: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել