Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱԿ ԲԱՆ ՉԷ

Փետրվար 26,2005 00:00

Դեռ չեն մարել նախորդ տարվա գունավոր հեղափոխությունների
արձագանքները, եւ արդեն սկսվել են հնարավոր նոր հեղափոխության մասին վիճաբանությունները:
Արդյոք Հայաստանը իմունիտետ ունի՞ արեւմտահոտ ժողովրդավարական հովերի նկատմամբ: Ահա
մոտավորապես սրա շուրջն էր երեկ քննարկում կազմակերպվել Լրատվամիջոցների կովկասյան
ինստիտուտում: ԼԿԻ տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն իր զեկույցը սկսեց ԱՊՀ երկրներում
անցյալ տարի ծայր առած հեղափոխական շղթայի (Վրաստան, Ուկրաինա, Աբխազիա) հանդեպ երկու
ստանդարտ տեսակետի ներկայացմամբ: Ռուսական ԶԼՄ-ները հիմնականում պնդում են այն միտքը,
թե այդ հեղափոխությունները ամերիկյան խաղեր են՝ արեւմտյան փողերով արված, եւ արտաքին
ազդեցության արդյունք են: Իսկ արեւմտյան ԶԼՄ-ները համոզում են, թե կեղծված ընտրությունների
պատճառով առաջացած ժողովրդական ընդվզումները հանգեցրել են հեղափոխության: Սակայն
անձամբ պարոն Իսկանդարյանը գտնում էր, որ դրանք ծայրահեղ տեսակետներ են, որոնցից
որեւէ մեկը ամբողջությամբ ճիշտ չէ: Օրինակ, Նորվեգիայի պես երկրում ոչ մի փող կամ
ոչ մի կեղծված ընտրություն չէին կարող հեղափոխության պատճառ դառնալ: Եվ ընդհանրապես,
հեղափոխության առաջացման համար անհրաժեշտ է պատճառների եւ պատրվակների մի խումբ,
առանց որի ոչինչ չի ստացվի: Պատրվակներից ամենակարեւորը ընտրություններն են:
«Նախ, ընտրություններն իրենք ստիմուլ են: Երկրորդ՝ Կովկասում ընտրություններում պարտվող
կողմը գրեթե միշտ չի ընդունում ընտրությունների կայացածությունը: Դա արդեն քաղաքական
ավանդույթ է դարձել այդ երկրների համար: Ապա, գրեթե միշտ, արդյունքում ձեւավորվում
է ինչ-որ քաղաքական մարմին՝ ճակատ, շարժում, մի խոսքով՝ մարդկանց խումբ, որը պատրաստ
է միավորվել, եւ իր միջից դուրս հանել մարդկանց, որ կդառնան հեղափոխության լեյբլը:
Ապա ստեղծվում է հեղափոխության լոզունգը, որի շուրջ համախմբվում են ժողավրդական զանգվածները»,
– նկատեց պարոն Իսկանդարյանը: Ճիշտ է, երբեմն ընտրված լիդերը նույնը չի մնում ողջ
հեղափոխության ընթացքում, փոխվում է, սակայն կարեւոր է նրա գոյությունն ինքնին, քանի
որ նա պետք է իր ետեւից տանի ժողովրդին: Ապա պետք է ճեղքվածք առաջանա տնտեսական էլիտայի
միջեւ, որպեսզի երկու հակամարտող կողմերն էլ ստնտու ունենան: Եվ, վերջապես, ժամանակակից
հեղափոխությունները «on-line» բնույթ ունեն: Զուր չէ, որ դրանք նաեւ CNN-հեղափոխություն
են կոչվում: Բացի այդ, հարկավոր է ռեժիմի փտածության որոշակի աստիճան: Որքան ավելի
փտած է իշխող ռեժիմը, այնքան ավելի արագ նա կենթարկվի ճնշումների: Պակաս կարեւոր
չէ, ըստ բանախոսի, նաեւ դրսի ուժերի, Արեւմուտքի աջակցությունը՝ ֆինանսական, փորձագիտական
եւ անգամ՝ բարոյական: Եվ վերջապես՝ սոցիալական խնդիրը: «Պետք է կարողանալ բավականաչափ
թվով մարդկանց հանել փողոց՝ բավականաչափ երկար դրսում մնալու համար»,- ավելացրեց
քաղաքագետը: Իհարկե, իշխանությունն էլ իր հերթին պետք է լինի այնպիսին, որ հնարավորություն,
ուժ կամ ցանկություն չունենա դիմադրելու հեղափոխական հոսանքներին: Այս բոլոր
(խոստովանենք՝ ոչ այնքան փոքրաթիվ) բաղադրիչների համատեղում Հայաստանում գրեթե երբեք
չի եղել: Անձամբ պարոն Իսկանդարյանը կարծում էր, որ 1996-ին գրեթե ամեն ինչ պատրաստ
էր ՀՀ-ում հեղափոխություն անելու համար, բացի Արեւմուտքի օգնությունից եւ տնտեսական
էլիտայի ճեղքումից: Իսկ 2003-ին նույնիսկ «չստացված հեղափոխություն» չստացվեց, քանի
որ բացակայում էին հեղափոխության համար անհրաժեշտ ախտանիշներից միանգամից մի քանիսը:
«Պետք է ճիշտ հաշվարկել ամեն ինչ: Հեղափոխությունը լուրջ գործ է: Եվ կան հատուկ տեխնոլոգիաներ:
Կան մասնագետներ: Եթե այստեղ չկան, կարելի է դրսից պատվիրել»,- մեր տեխնոլոգիաներից
զուրկ ընդդիմությանը թեթեւակի «կպավ» քաղաքագետը, բայց նկատեց, որ մինչեւ հերթական
ընտրությունները ՀՀ-ում չի երեւում հեղափոխության որեւէ նախանշան: Հաջորդ
ելույթ ունեցողը՝ Շավարշ Քոչարյանը, հիշեցրեց, որ մենք ունեցել ենք 88-ը: Եվ եթե
հիմա շատերին թվում է, թե հեղափոխությունները գնում են հստակ գծված սցենարով, որտեղ
նկատի է առնված ամեն մանրուք, ապա 88-ի բովով անցածները գիտեն, որ այդպես չէ: «Այն
ամենը, ինչ նշեցիք, շատ կարեւոր է, բայց ամենակարեւորը հասարակական պահանջն է, կարիքը:
Շավարշ Քոչարյանը հույս հատնեց, որ իշխանափոխություն կլինի մինչեւ 2008-ը, եւ այդ
հույսը հիմնավորեց նրանով, որ Ռ. Քոչարյանը դժվար թե Լուկաշենկոյի նման իրեն երրորդ
անգամ փաթաթի ժողովրդի վզին, իսկ իր իրավահաջորդին նա դեռ չի գտել: Այնպես որ մնում
է վերջին հնարավորությունը՝ ժողովրդավարացում՝ վերեւներից, ռեֆորմներով, նորմալ ընտրություններով
եւ այլն: «Սա իդեալական կլիներ, բայց ես քիչ հավանական եմ համարում իշխող ռեժիմի
պարագայում: Բայց եւ այնպես 100%-ով չեմ բացառում»,- լավատեսորեն եզրափակեց Շ. Քոչարյանը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել