Լրահոս
Օրվա լրահոսը

8 ՀԱԶԱՐ ՔԱՌԱԿՈՒՍԻ ԿԻԼՈՄԵՏՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Մայիս 05,2005 00:00

8 ՀԱԶԱՐ ՔԱՌԱԿՈՒՍԻ ԿԻԼՈՄԵՏՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ Ինչպես էր 98-ի հունվարին ապագա իշխանությունը ցանկանում լուծել Ղարաբաղի հարցը ՀՀ ներկայիս իշխանություններն իշխանության եկան 1998-ին ԼՂ հակամարտությունը լուծելու իրենց «հաղթողական» ծրագիրը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի «պարտվողական» քաղաքականությանը հակադրելու ալիքի վրա։ «Նախկինների» կարծիքով, 98-ին «ներկաների» առաջադրած մաքսիմալիստական ծրագրերը հիմնախնդրի կարգավորման բանակցություններում հայկական կողմի դիրքերի թուլացման պատճառ դարձան: Որպես կանոն՝ «ներկա» եւ «նախկին» իշխանությունների միջեւ հեռակա ծավալվող բանավեճերում «նախկինները», ի թիվս այլ փաստարկների, «ներկաների» երեսով են տալիս նրանց՝ «8000 քառ. կիլոմետրանոց անկախ Ղարաբաղ ստանալու» տեսլականը, իսկ «ներկաներն» այդ պատմությունը հետեւողականորեն մերժում եւ հերքում են: «Նախկինները» տվյալ դեպքում նկատի ունեն 98-ի իշխանափոխությունից շուրջ մեկ ամիս առաջ՝ հունվարի 8-ին, ՀՀ նախագահին կից Անվտանգության խորհրդի (ԱԽ) անդամներին առաջին եւ, թերեւս, վերջին անգամ ղարաբաղյան թեւի ներկայացրած եւ հակամարտության լուծման նրանց մոտեցումները վերարտադրող մի փաստաթուղթ: Այն ժամանակվա ԱԽ անդամներից մեկը՝ մեկնաբանելով մեր ձեռքի տակ եղած այդ փաստաթուղթը, պատմեց, որ 98-ի հունվարին խորհուրդը երկու օր շարունակ քննարկում էր հակամարտության լուծման հնարավոր տարբերակները: ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, ԱԱ եւ ՆԳ նախարար Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը մերժել էին ՀՀ առաջին նախագահի բոլոր առաջարկները, ինչից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջիններիս առաջարկել էր գրավոր ներկայացնել կարգավորման նրանց մոտեցումները: Ա. Ղուկասյանը խոստացել էր դա անել 10 օրվա ընթացքում: 10 օր անց նա ԼՂՀ ԱԳՆ ծրարով եւ կնիքով ուղարկել էր ԼՂ հակամարտության լուծման «հաղթողական» ծրագիրը, որը պարունակում էր «Պայմանագիր Ադրբեջանական Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության միջեւ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին», կից՝ երկու բացատրական գրառումներ եւ մեկ դաշտային քարտեզ: Քարտեզում գծված էին ԼՂՀ վարչական այն սահմանները, որոնք ղարաբաղյան թեւը իրատեսական էր համարում եւ «միջազգային ամուր երաշխիքներով օժտված ԼՂՀ-ի անկախությունը»՝ մոտ 8 հզ քառ. կմ տարածքով փորձում էր հակադրել ՀՀ իշխանությունների առաջարկած՝ «դե յուրե Ադրբեջանի կազմում, դե ֆակտո՝ անկախ» լուծմանը: Այդ փաստաթղթում իսկապես որեւէ տեղ հստակ նշում չկա բազմաչարչար 8 հզ քառ. կմ-ի մասին: Բայց բանն այն է, որ ներկայացված պայմանագրին կցված քարտեզում հստակ ընդգծված են այն սահմաններն ու տարածքները, որոնք սույն պայմանագրի հեղինակները ակնկալում էին ներառել ԼՂՀ վարչական տարածքի մեջ եւ միջազգայնորեն ճանաչել տալ ԼՂՀ կարգավիճակի մասին պայմանագիրը կնքելուն զուգահեռ: Որ այդ տարածքները կազմում են ավելի քան 8300 քառ. կմ, վկայում է նաեւ քարտեզին կցված 2 էջանոց բացատրական գրությունը, նաեւ հենց քարտեզի վրա արած նշումը՝ «հիմնական տարածքային ցուցանիշներ»: Փորձենք պարզ թվաբանական գործողություններ անել՝ պարզելու համար, թե անկախ ԼՂՀ-ն, ըստ Ստեփանակերտի, որքան տարածք է կազմելու՝ համաձայն ներկայացված «հաղթողական» ծրագրի, քարտեզի եւ կից գրության: Այսպես՝ մինչեւ 1990-1994թթ. զինված հակամարտությունը ԼՂՀ-ն (նախկին ԼՂԻՄ) ունեցել է 4.388 քառ. կմ տարածք: 1994թ. մայիսին ժամանակավոր հրադադարի մասին պայմանագրի ստորագրումից ի վեր ԼՂՀ-ն վերահսկում է 7.132 քառ. կմ տարածք: Քարտեզում եղած նշումների համաձայն, այս պայմանագրի ստորագրման արդյունքում Ադրբեջանական Հանրապետության վերահսկողության տակ պետք է անցնեին տարածքներ, որոնք կազմում են 3. 297 քառ. կմ՝ հիմնականում Արաքսի ափամերձ ամբողջ տարածքը: Ըստ քարտեզի եւ կից գրության, Ադրբեջանի վերահսկողության տակ են մնում նաեւ մինչեւ 1988թ. հայերով կոմպակտ բնակեցված Շահումյանի եւ Գետաշենի շրջանների 666 քառ. կմ տարածքները: Փոխարենը ԼՂՀ վերահսկողության տակ են վերադարձվում հետեւյալ տարածքների մի մասը. Մարտունիից՝ 128 քառ. կմ, Մարտակերտից՝ 50 քառ. կմ, Շահումյանի շրջանից՝ 556 քառ. կմ: ԼՂՀ վերահսկողության տակ են մնում նաեւ Քելբաջարի շրջանից՝ 1933 քառ. կմ, Լաչինից՝ 2010 քառ. կմ, Ֆիզուլի, Ջաբրաիլ, Ղուբաթլի, Զանգելանի շրջաններից ընդհանուր առմամբ՝ 2577 քառ. կմ: Ի դեպ, հենց այստեղ նկատենք, որ միայն ԼՂՀ վերահսկողության տակ անցնող վերը թվարկված ու նախկին ԼՂԻՄ-ի տարածքները միասին արդեն կազմում են չարչրկված ավելի քան 8.300 քառ. կիլոմետրը, ինչը սույն պայմանագրով, իբր, փաստացի ներառվելու էր ԼՂՀ-ի վարչական սահմաններում: Հարկ է, թերեւս, հատուկ շեշտել, որ 1998-ի իշխանափոխության հեղինակներն ակնկալում էին այս ամենը տալ, փոխանակել եւ ստանալ միմիայն ԼՂՀ անկախության կարգավիճակի դիմաց: 98-ից հետո ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները վարող ոչ ՀՀ նախագահը, ոչ էլ ՀՀ ԱԳ նախարարը երբեւէ այս քարտեզն ու կից գրությունը, նաեւ ԼՂՀ կարգավիճակի մասին պայմանագիրը չեն ներկայացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ հակամարտության կարգավորմամբ շահագրգիռ միջազգային հանրությանը՝ որպես կարգավորման սեփական նախաձեռնություն: Պատճառը, թերեւս այն է, որ այդ փաստաթուղթը կազմված էր միայն ներքին (իշխանության գալու) նպատակով: Ի դեպ, ասում են, թե այս ծրագրին ծանոթանալուց հետո ՀՀ առաջին նախագահը խոստովանել էր, թե ինքը ի վիճակի չէ դա կյանքի կոչել, ուստի կգնա, եւ թող գան նրանք, ովքեր կկարողանան ունենալ անկախ ԼՂՀ՝ շուրջ 8 հզ քառ. կմ սահմաններով հանդերձ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել