Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՀՈՒՍԱԼԻ՞ ՁԵՌՔԵՐՈՒՄ ԵՆ

Մայիս 05,2005 00:00

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՀՈՒՍԱԼԻ՞ ՁԵՌՔԵՐՈՒՄ ԵՆ «Նախագահ Քոչարյանի մոտ ընդունելության գնալն ավելի հեշտ է, քան սոցապնախարարության որեւէ վարչության պետի մոտ մտնելը»,- այսպիսի համոզման է եկել երկրորդ կարգի հաշմանդամ Ռաֆիկ Խանամիրյանը: Ընդունելության չարժանանալու պատճառն ամենեւին էլ այն չէ, որ այս նախարարությունում անցագրային նոր կարգ են մտցրել կամ հաշմանդամն անհիմն խնդիրներ է բարձրացնում նախարարության պաշտոնյաների առաջ: Երկար տարիներ թունավոր արտադրամասում աշխատած մասնագետն այսօր սոցիալականից զատ նաեւ առողջապահական խնդիրներ ունի, ուստի ժամանակ առ ժամանակ նաեւ առողջապահության նախարարության աշխատակիցների հետ է առնչվում. «Առողջապահության նախարարություն երբ ուզում՝ գնում եմ, հերթագրվում եմ, հանդիպում համապատասխան աշխատակցի հետ: Շնորհակալություն առողջապահության նախարարին, իրենց բոլոր աշխատողներին: Պետպատվերով բուժման եւ առողջարաններ են ուղարկում: Իսկ սոցապնախարարությունը՝ տղաս մի քիչ մեծացավ, նպաստս կտրեցին: Հիմա տարին մի անգամ նպաստ են տալիս, էն էլ տասը անգամ պիտի գնամ խնդրեմ: Կամ օգնությունները. տարին մի անգամ դիմում եմ գրում, մի անգամ տալիս են, մի անգամ չեն տալիս»: Խնդիրն այն է, որ գալվանական (նիկելապատման) արտադրամասը, որտեղ Ռ. Խանամիրյանը նախկինում աշխատել է, այլեւս թունավոր չի համարվում: Ուստի նախարարությունը չի համաձայնում պարոն Խանամիրյանին թունավոր արտադրամասում աշխատածի թոշակ նշանակել, որ այսօրվա իր ստացածից մեկուկես անգամ ավելին կլիներ: Սակայն ստացվում է, որ առողջապահության նախարարությունն ընդունում է, որ մարդը աշխատանքի տարիներին վնասել է իր առողջությունը, բուժման կարիք ունի, իսկ սոցիալական հարցերի նախարարությունը միանգամայն այլ մոտեցում ունի: Կենտրոն համայնքը եւս ժամանակ առ ժամանակ օգնություններ է տալիս՝ էլեկտրաէներգիայի գումար, հագուստ եւ այլն: Ուստի պարզ չէ՞, որ այդ ընտանիքը կարիքավոր է: Հարց է ծագում, թե ինչու է մարդը տարին ընդամենը մի եռամսյակ նպաստ ստանալու համար այդքան քաշքշուկի մեջ ընկնում: Ի դեպ, առանձնապես վնասակար նյութերի ցանկի կրճատումը միակ «բարեփոխումը» չէ, որ մեր պետությունը կատարել է վերջին տարիներին: Ընդհանրապես այդպիսի մի քանի «բարեփոխումներ» վկայում են մեր պետության սոցիալական քաղաքականության մասին: Նախ կենսաթոշակային տարիքը նկատելիորեն բարձրացվեց, ապա կենսաթոշակի հաշվարկման մի քանի բանաձեւեր մշակվեցին, որոնցով կենսաթոշակի ավելացումը շատ-շատերի համար այդպես էլ աննկատ է մնում, հետո մոռացության մատնվեց պետության հաշվին թոշակառուների հանգստյան մեկնելու ավանդույթը: Ռաֆիկ Խանամիրյանը տրամաբանական հարցեր է առաջ քաշում. նախ, ինչու օրենքը այս դեպքում հետադարձ ուժ ունի՝ ինքն աշխատել է այդ արտադրամասում, երբ այն թունավոր էր համարվում: Երկրորդ, հիմա եթե նույնիսկ համարվում է, որ իր ստաժը (ավելի ուշ որոշել են, որ բարձր կենսաթոշակի անցնելու համար անհրաժեշտ է նախկին 12.5 տարվա փոխարեն 20 տարվա աշխատանքային ստաժ ունենալ) չի բավականացնում, որ ավելի բարձր կենսաթոշակ ստանա, ապա «որտեղի՞ց հիմա գալվանական արտադրամաս գտնեմ, որ աշխատեմ՝ ստաժս լրացնեմ»: Այդքան տարիներ թունավոր արտադրամասում աշխատած ու այսօր ընդամենը 6800 դրամ կենսաթոշակ ստացող Ռաֆիկ Խանամիրյանն ասում է՝ միգուցե կենսաթոշակը հաշվարկեն ըստ արդեն աշխատած տարիների՞: Նա պահանջում է մասնագետ-քիմիկոսներից բաղկացած խումբ ձեւավորել, որը կորոշի՝ գալվանականը թունավո՞ր արտադրամաս է, թե՞ ոչ: Իմիջիայլոց, աշխատանք փնտրելու պարոն Խանամիրյանի օրինակը աշխատանքի շուկայի մասին էլ այնքան լավ «տպավորություններ» չի ստեղծում: Մի քանի անգամ 1000-ական դրամ մուծելուց հետո ինչ-որ տեղ աշխատանքի են ուղարկում, որտեղ պարզվում է՝ տարիքը չի համապատասխանում. «Ասում եմ իմ անկետայում տարիքս գրված է եղել, դուք պետք է իմանայիք, եթե չի համապատասխանում՝ ինչու՞ եք կանչել»: Դարձյալ տրամաբանական հարց է: Կարծես թե աշխատանքի տեղավորման որոշ գործակալությունների ու պոտենցիալ գործատուների միջեւ թվացյալ աշխատանքով ապահովելու պայմանավորվածություններ կան, ինչով, ի դեպ, ժամանակին հետաքրքրված էր Գլխավոր դատախազությունը: Այնպես որ, աշխատանքի նորաստեղծ տեսչությունը եւս անելիքներ ունի: ԼԻԼԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել