Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ» ՉԿԱ

Հունիս 04,2005 00:00

«ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ» ՉԿԱ Ղարաբաղյան խնդրի կարգավորում. պերմանենտ ճգնաժամ Վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը վերածվել է մեկը մյուսին շարունակաբար վերարտադրող ճգնաժամերի շղթայի: Ընդ որում, յուրաքանչյուր հերթական ճգնաժամ միջազգային հանրությունից ավելի մեծ ջանքեր ու ժամանակ է պահանջում՝ բանակցող կողմերի միջեւ հանդիպումներ կազմակերպելու, եւ առավել եւս բանակցությունները վերսկսելու ու դրանց շարունակականությունն ապահովելու համար: Մասնավորապես, 1998թ. նոյեմբերի ճգնաժամը, որի դրդապատճառը Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախահագության առաջարկած «Ընդհանուր պետություն» կոչվող փաստաթղթի մերժումն էր, հնարավոր եղավ հաղթահարել ընդամենը հինգ-վեց ամսում: Մինչդեռ 2001թ. ապրիլին վրա հասած Քի-Վեստի ճգնաժամից կամ տապալումից հետո պահանջվեց շուրջ երեք տարի, թվով երրորդ՝ Պրահայի, գործընթաց սկսելու համար: Քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների բոլոր զարգացումները, ճգնաժամային եւ հետճգնաժամային իրավիճակներով հանդերձ, պայմանավորված են հակամարտությունում ստեղծված ստատուս-քվոն պահպանելու՝ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությամբ, ապա առավել ձեռնտու տարբերակը, իհարկե, բանակցությունների սառեցումն է, իսկ այն դեպքերում, երբ կողմերը պարտադրված են սկսել հերթական խաղաղ գործընթացը՝ բանակցությունների պատրանք ստեղծելը: Սակայն ակնհայտ է, որ Պրահայի գործընթացն արդեն դուրս է գալիս այս շրջանակներից, այն իմաստով, որ տվյալ գործընթացում ի սկզբանե եւ առ այսօր գերակշռում են ճգնաժամին հատուկ հատկանիշներ: Դրանք դրսեւորվում են թե՛ հանդիպումների բովանդակության եւ արդյունքների վերաբերյալ բանակցող կողմերի՝ հակասող հրապարակային հայտարարություններում, թե՛ հակամարտության կարգավորման վերաբերյալ հրապարակվող դիրքորոշումներում, թե՛ ներքաղաքական քարոզչությունում: Մասնավորապես յուրաքանչյուր հերթական հանդիպումից հետո բանակցող կողմերը հակասական տեղեկատվություններ են տարածում եւ երկար վիճաբանում անգամ այնպիսի հարցի շուրջ, ինչպիսին է՝ ներկայացրե՞լ են արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները կարգավորման նոր առաջարկներ, թե ոչ: Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցող կողմերի դիրքորոշումներին, ապա դրանք ակնհայտորեն ձեւավորվում են փոխբացառման սկզբունքով: Պաշտոնական Բաքուն, ըստ էության, բանակցությունների նախապայման է առաջադրում գրավված տարածքների վերադարձը: Ադրբեջանի դիրքորոշման դիվանագիտականից առօրեականի շրջաբանությունը, փաստորեն, հետեւյալն է. «Վերադարձրեք այն ամենը, ինչ մենք կորցրել ենք Ադրբեջանի իսկ կողմից սկսած ռազմական գործողությունների արդյունքում, այնժամ կխոսենք»: Պաշտոնական Երեւանն իր հերթին պահանջում է Լեռնային Ղարաբաղի անկախ կարգավիճակ՝ տարածքների դիմաց, Լեռնային Ղարաբաղի աշխարհագրական կապ Հայաստանի հետ, ինչպես նաեւ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքներ: Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն անտրամաբանական է, քանի որ անկախ պետությունը (առաջին կետ), ըստ էության, իր մեջ պարունակում է անվտանգության միջազգային երաշխիքները (երրորդ կետ): Բացի այդ, զարմանալի է, թե ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները ընդունեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի 1998թ. ներկայացրած «Ընդհանուր պետություն» կոչվող կարգավորման առաջարկը, եթե ձգտում էին Լեռնային Ղարաբաղի քաղաքական անկախությանը: Մյուս կողմից ի՞նչ բանակցային գործընթացի մասին է խոսքը, եթե Ադրբեջանը հետեւողականորեն առաջադրում է բանակցությունների նախապայմաններ եւ սպառնում է վերսկսել ռազմական գործողությունները, եթե Հայաստանը չընդունի ադրբեջանական նախապայմանները: Պրահայի գործընթացում առկա ճգնաժամի հաջորդ հատկանիշն այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները, ըստ էության, արդեն չեն էլ փորձում քողարկել ստատուս- քվոն պահպանելու իրենց մտադրությունը՝ հրապարակայնորեն «հիմնավորելով» դրա կարեւոր նշանակությունը: Մասնավորապես, պաշտոնական Երեւանը հայտարարում է, որ միջազգային միտումները զարգանում են ինքնորոշման իրավունքի ամրապնդման ուղղությամբ: Դրան հետեւում է այն ենթադրությունը, թե Լեռնային Ղարաբաղը որքան երկար պահպանի դե ֆակտո անկախությունը, այնքան ավելի դժվար կլինի պատմության անիվը ետ շրջել, այսինքն՝ անքան ավելի հեշտ կլինի հասնել դե յուրե անկախության: Պաշտոնական Բաքուն, իր հերթին, չի թաքցնում, որ իր գերխնդիրը ոչ թե Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծելն է, այլ կարգավորման գործընթացում միջազգային հանրության կողմից նոր իրավաքաղաքական բազա ձեւավորելու միջոցով Հայաստանին ագրեսոր ճանաչելն ու մեկուսացնելը: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը, ապա միանշանակ է, որ Ադրբեջանը երբեւէ չի ձգտել դրան: Մասնավորապես, Ադրբեջանի իշխանությունները մշտապես հայտարարում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, քանի որ ադրբեջանական ժողովուրդը երբեք չի համակերպվի Լեռնային Ղարաբաղը կորցնելու փաստի հետ: Սակայն, այդուհանդերձ, 1998թ. նոյեմբերին Ադրբեջանը մերժեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած «Ընդհանուր պետություն» կոչվող փաստաթուղթը, թեեւ դրանում նշվում էր. «Ղարաբաղը Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում» եւ «Լեռնային Ղարաբաղի բնակիչները, որպես անձը հաստատող վկայական, կունենան Ադրբեջանի անձնագիր»: Հիշեցնենք, որ Հայաստանն ու ԼՂՀ-ն ընդունեցին կարգավորման այս ծրագիրը, եւ եթե Ադրբեջանը չմերժեր այն… Եվ, վերջապես, Պրահայի գործընթացում ամենավառ արտահայտված ճգնաժամի հատկանիշը քարոզչությունն է: Այն իրավիճակում, երբ ստատուս-քվոն հնարավոր չէ պահպանել բանակցությունները սառեցնելու կամ բանակցությունների պատրանք ստեղծելու միջոցով, Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները փորձում են ներշնչել հասարակություններին, թե նրանք ատում են միմյանց, անհամատեղելի են եւ չեն կարող շփվել անգամ հասարակական մակարդակով: Իսկ այս կարգի քարոզչությունից հրաժարվելու յուրաքանչյուր ակնարկ երկու երկրների իշխանությունների կողմից ընկալվում է որպես մարտահրավեր, որին անհապաղ արձագանքելը դառնում է նրանց հիմնական անելիքը: Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ-ի 1416 բանաձեւը Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում հասարակական լայն քննարկումներ կազմակերպելու միջոցով հասարակություններին դեպի խաղաղություն տանելու պայմաններ ստեղծել: ԵԽԽՎ կողմից 1416 բանաձեւն ընդունելուց կարճ ժամանակ անց, Ռոբերտ Քոչարյանի կողմից վերահսկվող հասարակական եւ քաղաքական կազմակերպություններն ավանդույթի համաձայն հավաքվեցին Կինոյի տանը եւ հերթական անգամ բարձրաձայնեցին՝ «Ոչ մի թիզ հող» կարգախոսը: Այնուհետեւ Հայաստանի Ազգային ժողովում կազմակերպվեցին լսումներ, որոնց արդյունքում արձանագրվեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում իշխանություն-ընդդիմություն հակասություններ գոյություն չունեն: Միաժամանակ, ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը փորձում է ամեն կերպ կանխել հակամարտության կարգավորման շուրջ որեւէ լուրջ քննարկում: Մասնավորապես՝ ուսանողների հետ իր վերջին հանդիպման ընթացքում, դժգոհելով, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին խոսում են մարդիկ, ովքեր երբեք այնտեղ չեն եղել, նա հատուկ ընդգծեց, թե Հայաստանում էներգետիկ ճգնաժամի պատճառը ոչ թե Ղարաբաղյան պատերազմն էր, այլ Ատոմակայանի փակումը, եւ, իհարկե, կոչ արեց երբեք չմոռանալ Ատոմակայանը փակողների դեմքերը: Նկատի ունենալով ներկայիս քաղաքական վերնախավի ոչ վաղ անցյալի վերաբերյալ աղավաղված պատկերացումները՝ ավելորդ չենք համարում հիշեցնել, որ Ատոմակայանի աշխատանքները դադարեցվել են ԽՍՀՄ կոմկուսի քաղբյուրոյի եւ կառավարության որոշմամբ: Սակայն էականն այլ է: Փաստորեն Ռոբերտ Քոչարյանը գրեթե բաց տեքստով ասաց հետեւյալը. «Հայաստանի հասարակությունը ոչինչ չի արել Լեռնային Ղարաբաղի համար եւ, հետեւաբար, բարոյական իրավունք չունի մասնակցելու հակամարտության կարգավորման քննարկումներին»: Դա ոչ այլ ինչ էր, քան ջղաձիգ հարձակում Հայաստանի հասարակության նկատմամբ, որի դրդապատճառը Vex Populi-ի հունվարի 22-24-ի սոցհարցումների արդյունքներն էին, որոնք փաստում էին, որ երեւանցիների 78 տոկոսի կարծիքով, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղար Էլիզաբեթ Ջոնսի հայտարարությունը վերաբերում էր ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանի իշխանություններին: Հիշեցնենք, որ Էլիզաբեթ Ջոնսը հայտարարել էր, թե «Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի այդ տարածքները՝ Մերձդնեստրը, Աբխազիան, Հարավային Օսեթիան եւ Լեռնային Ղարաբաղը, լինեն կայուն, որպեսզի այնտեղ վերջ տրվի կոռուպցիային, իսկ իշխող հանցագործ անջատողականները հեռացվեն»: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա դժվար չէ կանխատեսել, թե ինչպիսի հայտարարություններ կարվեն այդ երկրի Միլի Մեջլիսում առաջիկայում նախատեսվող քննարկումների ընթացքում: Բավական է նշել, որ չնայած ԵԽԽՎ 1416 բանաձեւը դատապարտում է ագրեսիվ կոչերը եւ «ռազմական քարոզչությունը», բանաձեւն ընդունվելուց մի քանի օր անց Իլհամ Ալիեւը կրկին խոսեց այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունները վճռական են ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղն իրենց վերահսկողության ներքո վերադարձնելու հարցում: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Քի Վեսթի եւ Պրահայի գործընթացները ոչ այլ ինչ են, քան ստատուս-քվոն պահպանելու միեւնույն քաղաքականության երկու ծայրահեղություններ: Մասնավորապես, եթե Քի Վեսթի գործընթացում բանակցող կողմերը թե միմյանց եւ թե միջնորդներին խոստանում էին անհնարինը (Հայաստանի իշխանությունները պատրաստ էին զոհաբերել Իրանի հետ սահմանը, իսկ Ադրբեջանի իշխանությունները՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախ կարգավիճակը), ապա Պրահայի գործընթացում կողմերն ակնհայտորեն մրցակցում են դիրքորոշումները կոշտացնելու հարցում: Կամ՝ եթե Քի Վեստի գործընթացը առանձնանում էր, բանակցող կողմերի միջեւ, կարելի է ասել, չափազանց հաճախ տեղի ունեցող բարձր մակարդակի հանդիպումներով, ապա այսօր նրանց բառացիորեն քարշ են տալիս հանդիպումների: Այդ է պատճառը, որ նախկինում Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի միջեւ տեղի ունեցած քսանից ավելի երկկողմ հանդիպումների դիմաց տվյալ պահի դրությամբ արձանագրվել է Քոչարյան-կրտսեր Ալիեւ ընդամենը չորս երկկողմ հանդիպում: Եվ, այնուամենայնիվ, ինչով են պայմանավորված միեւնույն նպատակը հետապնդող քաղաքականության նման ծայրահեղ դրսեւորումները: Ըստ էության, Քի Վեստի գործընթացի մեկնակետ էր ծառայում միջնորդների այն պատրանքը, թե ավտորիտար ռեժիմները հակամարտությունը կարգավորելու ավելի մեծ հնարավորություններ ունեն, քան դեմոկրատական իշխանությունները: Ավելին, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների, ինչպես նաեւ այդ եռանախագահող երկրների նախագահների բառապաշարը համապատասխանեցված էր «ժողովրդի հոր» կերպարին: Մասնավորապես՝ բոլորն ինտենսիվորեն նշում էին, որ բանակցող կողմերը միջնորդների օգնությամբ ձգտում են հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի լուծմանը, սակայն երբեւէ չէր նշվում, որ հակամարտությունը պետք է կարգավորվի փախզիջումների ճանապարհով: Քի Վեստի ճգնաժամի մեկնաբանությունները նույնպես համապատասխանում ու հիմնվում էին այն պատրանքի վրա, որ ավտորիտար ռեժիմներն ի զորու են կարգավորել հակամարտությունը: Քանի որ ժողովրդի հայրերը «արդար են եւ անբիծ», բնականաբար, Քի Վեստի ճգնաժամի մեղավորներ ճանաչվեցին հասարակությունները: Սակայն 2003թ. սկզբին մոտեցումները փոխվեցին: Միջազգային հանրությունն արդեն ընդգծում էր, որ Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում ազատ, արդար ընտրությունների միջոցով տարածաշրջանի ժողովրդավարական կայունությունն ապահովելն առանցքային նշանակություն ունի հակամարտությունները կարգավորելու եւ տարածաշրջանի խաղաղ զարգացումն ապահովելու հարցում: Ինչպես ասում են, դարաշրջանը կարելի է համարել ավարտված, երբ սպառված են նրա հիմնական պատրանքները: Պրահայի գործընթացը, ըստ էության, հանդիսանում է այդ պատրանքների փլուզման հետեւանքը: Երբ հակամարտությունների կարգավորման հարցում այլեւս չի կարեւորվում արդար առաջնորդի շինծու իմիջը, իշխանություններն ի վիճակի չեն թաքնվել հասարակությունների ետեւում: Բացի այդ, Պրահայի գործընթացի վրա էական ազդեցություն են թողնում նաեւ երկու կարեւորագույն իրողություններ: Նախ՝ Պրահայի գործընթացն ընթանում է ետխորհրդային տարածքում ծավալվող ժողովրդավարական նոր ալիքի ֆոնի վրա: Երկրորդ՝ Ադրբեջանը, Վրաստանն ու Հայաստանը ընդգրկվել են Եվրամիության «Ընդլայնված Եվրոպա: Նոր հարեւաններ» ծրագրում: Այս հանգամանքները ենթադրում են ժողովրդավարական բարեփոխումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Մյուս կողմից, հայտնի է, որ դիկտատորական եւ ավտորիտար ռեժիմների համար ամենավտանգավոր պահն այն է, երբ նրանք սկսում են բարեփոխվել, իսկ դա իր հերթին նշանակում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները փորձելու էին ամեն կերպ դիմագրավել ժողովրդավարական հնարավոր զարգացումներին: Ցավոք, այդ զարգացումները բացառելու քարոզչության հարցում Հայաստանը գերազանցեց Ադրբեջանին՝ 2003թ. հրապարակ բերված «ազգային շահը ժողովրդավարությունից բարձր դասելու» կարգախոսով: Ըստ էության, ոչինչ այնքան ցայտուն չի արտացոլում քաղաքական վերնախավի հիվանդությունը, որքան «ազգային շահն» ու ժողովրդավարությունը հակադրելու «կարողությունը»: Միանշանակ է նաեւ, որ թե Հայաստանի եւ թե Ադրբեջանի իշխանությունները փորձում են ժողովրդավարական զարգացումներին դիմագրավել առաջին հերթին Պրահայի գործընթացում աստիճանական սրման մարտավարություն կիրառելու միջոցով, ինչը, ըստ նրանց, հնարավորություն է տալիս ապահովել հասարակական աջակցությունն ու ամրապնդել սեփական կենսունակությունը: Մայիսի 15-ին Վարշավայի «Բելվեդեր» հյուրանոցում տեղի ունեցած Քոչարյան-Ալիեւ՝ թվով չորրորդ հանդիպումը վերստին հաստատեց, որ Պրահայի գործընթացում պահպանվում են ճգնաժամին հատուկ բոլոր հատկանիշները: Նախ՝ հանդիպումից հետո պաշտոնական Բաքուն, ապա Երեւանը հայտարարեցին, որ իրենց դիրքորոշումները հակամարտության կարգավորման հարցում մնում են անփոփոխ, ինչը, ըստ էության, նշանակում է, որ կողմերի դիրքորոշումները փոխադարձաբար բացառում են միմյանց: Բացի այդ, հանդիպման բովանդակության վերաբերյալ հակասական տեղեկությունները գերազանցեցին բոլոր սպասելիքները: Նշելով, որ որոշ հարցերում եկել են համաձայնության, բայց որոշ հարցերում դիրքորոշումները տրամագծորեն հակառակ են, Հայաստանն ու Ադրբեջանը հերքում են միմյանց այն տեղեկությունները, ըստ որոնց՝ կողմերից մեկի պնդմամբ համաձայնություն է ձեռք բերվել: Մասնավորապես՝ արտգործնախարար Վ. Օսկանյանը հերքում է Է. Մամեդյարովի այն հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին վերադարձնել գրավված յոթ շրջանները, հավաստիացնելով, որ ԼՂ քաղաքական կարգավիճակի, աշխարհագրական կոնտուրների եւ անվտանգության հարցերի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներում փոփոխություն չկա: Միաժամանակ՝ Ի. Ալիեւը թուրքական մամուլի միջոցով հերքում է Վ. Օսկանյանի այն պնդումը, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում «դրական տեղաշարժ կա», ընդգծելով, որ Վարշավայի հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրելուն խանգարել է «Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի հակադիր դիրքորոշումները, այդ թվում նաեւ Լաչինի շրջանի կարգավիճակի հարցը»: Սակայն այս ֆոնի վրա ուշադրություն է գրավում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների մայիսի 18-ին մամուլի համար տարածած պաշտոնական հաղորդագրությունը, որում ասվում է, որ «Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռք են բերվել որոշակի արդյունքներ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական կոմպոնենտների շուրջ»: Տպավորություն է ստեղծվում, որ Վարշավայի հանդիպման արդյունքները որոշ իմաստով բախտորոշ նշանակություն ունեին առաջին հերթին հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների համար՝ իր աշխատանքի արդյունավետությունը, հետեւաբար նաեւ իր գոյությունը հիմնավորելու առումով: Պատճառներից մեկը կարող է լինել առաջիկայում Ադրբեջանում նախատեսվող խորհրդարանական ընտրությունները, քանի որ, ինչպես հայտնի է, այդ ընթացքում նախ բարդանում է բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովելը, եւ երկրորդ՝ որպես կանոն, նախընտրական քարոզարշավի ընթացքում Ադրբեջանում ակտիվանում են այն հայտարարությունները, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն իրեն սպառել է: Մյուս կողմից պարզ է՝ քանի որ Վարշավայի հանդիպման առթիվ արդեն արտահայտած գոհունակությունը առաջին հերթին տարածվում է բանակցող կողմերի վրա, ապա հունիսին նախատեսվող տարածաշրջանային այցի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն ստիպված է լինելու գտնել առաջընթացին խոչընդոտող այլ պատճառներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վարշավայի հանդիպումից առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի համանախագահող Յուրի Մերզլյակովը շտապեց հայտարարել, որ հասարակությունները պատրաստ չեն կարգավորման, չի բացառվում, որ Պրահայի ճգնաժամի մեջ հերթական անգամ փորձեն մեղադրել ոչ թե նախագահներին, այլ հասարակություններին: Սակայն ինչպես է հնարավոր պարզել՝ պատրա՞ստ են հասարակությունները կարգավորման, թե՞ ոչ, եթե Հայաստանում ու Ադրբեջանում տեղի չեն ունենում ազատ, արդար ժողովրդավարական ընտրություններ: Եվ, ընդհանրապես, ով կարող է վստահ լինել, որ 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանին դեմ քվեարկելով՝ հասարակությունը չի արտահայտել իր դժգոհությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ստատուս-քվոն պահպանելու եւ Հայաստանի միջազգային ու տարածաշրջանային մեկուսացումը խորացնելու քաղաքականության նկատմամբ: Մի բան պարզ է, եթե հերթական անգամ Պրահայի գործընթացը ընդհատվի այն հայտարարությամբ, որ հասարակությունները պատրաստ չեն կարգավորման՝ դա կնշանակի, որ հաջորդ գործընթացը, եթե այն իհարկե լինի, ընթանալու է կարգավորման համար նույնքան անբարենպաստ հողի վրա, ինչպես նախորդները, եւ, հետեւաբար, ի սկզբանե առանց վարանելու կարելի է կանխատեսել նաեւ հետագա ճգնաժամը: Միանշանակ է եւ այն, որ այս ճգնաժամը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվելու է դրա բուն պատճառը՝ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայիս իշխանությունները, եւ քանի դեռ Հայաստանում ու Ադրբեջանում ժողովրդավարական ընտրություններով չեն ձեւավորվել պետական ու հասարակական շահեր հետապնդող իշխանություններ: ՄԱՐԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել