Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է պետք դիմել բժշկի

Հունիս 29,2005 00:00

Ծնողները
միտումնավոր չեն բուժում իրենց որդիների հարթաթաթությունը, որպեսզի նրանց բանակ չտանեն:
Հարթաթաթություն ունեցող անձինք շարասյունում քայլելու լուրջ խնդիրներ են
ունենում եւ, հետեւաբար, նրանց բանակ չեն զորակոչում: Սակայն պարզվում է՝ բոլոր դեպքերում
չէ, որ արատը կարող է փրկել բանակից: «Բանակ չեն տանում այն դեպքում, երբ ոտնաթաթը
լրիվ լայնացած ու դեֆորմացված է, ոսկորների գերաճ կա,- պարզաբանում է «Քանաքեռ-Զեյթուն»
բժշկական կենտրոնի «Արաբկիր» մանկական պոլիկլինիկայի մերսող-մեթոդիստ Հասմիկ Ղազարյանը:-
3 տարեկանից հետո չբուժվելու դեպքում առաջանում է ծռաթաթություն, ոսկորների գերաճ,
ինչը երեխայի մոտ բացի արտաքին ոչ նորմալ տեսքից, նաեւ ոտքերի ցավ է առաջացնում,
երեխան քայլելիս շատ շուտ հոգնում է»: Պոլիկլինիկայում արված մեր հարցումից
պարզվեց, որ 6-7 տարեկան ամեն 3-րդ երեխան հարթաթաթություն ունի: Պրոֆիլակտիկայի
համար Հ. Ղազարյանը ծնողներին առաջարկում է մինչեւ 1-1,5 տարեկանը պարզապես ժամանակ
առ ժամանակ շոյել երեխայի ոտնաթաթի տակը: Այդ տարիքում հարթաթաթության համար մերսումներ
չի կարելի, քանի որ մինչեւ 3 տարեկանը թաթի զարգացմանը չի կարելի խանգարել: «Կան
հատուկ՝ «սուպինատրով» կոշիկներ, որոնք ոտքի մեջտեղի մասում քիչ բարձր են, իսկ դիմացն
ու հետեւը՝ փակ: Դա օգնում է ոտնաթաթի մկանների ճիշտ զարգացմանն ու հարթաթաթության
բուժմանը»: Օգտակար են տաք ու սառը վաննաները, որ երեխայի ոտքերի կծկումներ են առաջացնում,
բոբիկ ավազի վրա քայլելը եւ այլն: «Նաեւ նորածին երեխաների մոտ շատ հաճախ լարվածություն
է նկատվում, ինչը ծնողների կողմից անտեսվում է: Եվ մերսումների չգնալու դեպքում երեխան
քայլելիս սկսում է ճոճվել, ընկճված է լինում, հաճախակի ընկնում է, քայլում է թաթերի
ծայրին, խեղճանում է, նաեւ՝ հոգեբանության վրա է ազդում, շարունակ ուշադրության կենտրոնում
է լինում, ինքնուրույն չի մեծանում: Բայց հաճախ 10-15 օրվա մերսումներն ամբողջ կյանքի
համար բավարար են»: Հանդիպում են կեցվածքի տարբեր շեղումներ, որոնք շատ հաճախ
ծնողները չեն էլ նկատում: «Մեզ դիմում են նաեւ ռախիտից հետո ստորին վերջույթներում
առաջացած xաձեւ եւ 0աձեւ դեֆորմացիաների, ծուռվզության, կոտրվածքներից հետո հոդերի
ֆունկցիայի վերականգնման, կեցվածքի հետ կապված շեղումների համար: Վերջիններս հիմնականում
առաջանում են հեռուստացույցի կամ համակարգչի մոտ երկար լարված նստելուց»: Ըստ Հ.
Ղազարյանի, 1.5 ամսականից սկսած՝ աշնանը շատ օգտակար են դիմադրողականությունը բարձրացնող
մերսումները, որ ամբողջ ձմեռվա համար բավարար են: Հ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել