Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ

Հուլիս 07,2005 00:00

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՓՈԽԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Մեկնաբանում է «Արմատ» կենտրոնի անդամ, ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը, բազմիցս եւ նույնիսկ ներքաղաքական ճգնաժամային իրադրություններում ապացուցել է իր կենսունակությունը: Հուլիսի 5-ին դա էին պնդում ՀՀ նախագահը, վարչապետն ու խորհրդարանի նախագահը ՀՀ 10-ամյա Սահմանադրության տոնի առիթով մեր հասարակությանն ուղղված իրենց ուղերձներում: Այդուհանդերձ, 1998-ից ի վեր, երբ Հայաստանում իշխանությունը ստանձնեց Ռոբերտ Քոչարյանը, սահմանադրական փոփոխությունները համարվեցին անհրաժեշտություն, իսկ ԵԽ անդամակցությունից հետո դա դարձավ նաեւ միջազգային այդ կառույցի՝ ՀՀ-ին ներկայացված պահանջներից մեկը: 10 տարի առաջ Սահմանադրության ընդունմանը մեծապես նպաստած Արա Սահակյանից հետաքրքրվեցինք նման մոտեցման պատճառների մասին: «1998-ի հեղաշրջման մասնակիցների ծրագրում դա չկար: Պարզապես Ռ. Քոչարյանը դա գնահատեց իբրեւ նախկիններին մտրակելու լրացուցիչ գործիք եւ խորությամբ չիմաստավորելով դրա հետեւանքները՝ նույնիսկ սահմանադրական հանձնաժողով ստեղծեց: Բայց եթե մազութի հարցում նրա ծրագիրը պարզ էր՝ ամեն կերպ քրեականի պիտակ կպցնել «նախկիններին», ապա սահմանադրափոխության հարցում բավականին անորոշ էր: Դա էր պատճառը, որ այդ խնդիրը նա հանձնարարեց իր աչքին ոչ այնքան մեծ հեղինակություն վայելող Պարույր Հայրիկյանին, որի թեթեւ ձեռքով այդ հանձնաժողովը անպտուղ վախճան ունեցավ»,- ասաց պրն Սահակյանը: Հիշեցնենք, որ 2003-ին Սահմանադրության փոփոխության հանրաքվեի արդյունքում ընտրություններին մասնակցած շուրջ 1 մլն 200 հազար ընտրողներից կես միլիոնից ավելին դեմ քվեարկեց այդ նախագծին: Տարբեր կարծիքներ կան, թե ինչու այդ փոփոխությունները 2003-ին չանցան: Ա. Սահակյանի կարծիքով, դրա պատճառն այն էր, որ «արտաքին ինչ-որ մի ուժ Քոչարյանին թույլ չտվեց կեղծել հանրաքվեի արդյունքները»: «Արմատ» կենտրոնի ներկայացուցչի համոզմամբ, Քոչարյանն իր կամքից անկախ է կանգնել սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության առջեւ եւ «հիմա ցուգցվանգի իրավիճակում է հայտնվել: Հիմա նրան քայլեր են պարտադրվում, ընդ որում՝ ոչ թե հասարակական կարծիքի, ընդդիմության կամ քաղաքական իշխանությունը ներկայացնող եռյակի կողմից, այլ՝ դրսից»: Տեսակետ կա, թե մասնավորապես ԵԽ-ն հատկապես պնդում է սահմանադրական փոփոխությունների հարցը հանրաքվեի դնելու իր պահանջը մեկ նպատակով՝ սրել ներքաղաքական իրավիճակը, ընդդիմությանը դրդել ակտիվ գործողությունների, որոնք կարող են հանգեցնել իշխանափոխության: Հակառակ դեպքում անհասկանալի է, թե ինչու ԵԽ-ն ՀՀ-ին ներկայացված մյուս պահանջների իմաստով՝ «Ա1+»-ի վերաբացում, 2003-ի ընտրությունները կեղծողների, 2004-ին մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման դեպքերի պատասխանատուների հայտնաբերում եւ պատժում, պակաս հետեւողական է: Արդյո՞ք այն պատճառով, որ Արեւմուտքում հասկացել են, որ որեւէ երկրում ժողովրդավարական փոփոխություններն ու իշխանափոխությունները սկսվում են հենց ընտրություններից: Մեր այդ ենթադրությանը Արա Սահակյանը պատասխանեց. «Կա այդպիսի տեսակետ, բայց նույն ընդդիմության մեկ այլ թեւ, նկատի ունեմ ԱԺՄ-ի բեկորներին, մի այնպիսի ոգեւորությամբ է լծվել այդ փոփոխությունների գործին, որ որեւէ սթափ մոտեցման, առավել եւս՝ ակտիվացման նշույլ չի երեւում: Նրանց ավելի շատ գրավում է արտասահման հաճախ այցելությունները կամ սահմանադրական փոփոխությունների հեղինակ լինելու փառքը, քան հետեւանքները, որոնք մեր պետականության համար մեծագույն վտանգ են ներկայացնում»,- հայտարարեց Ա. Սահակյանը՝ հավելելով, թե ընդդիմության այդ թեւն այսօր դավաճանում է ընդդիմության այն հայտարարության ոգուն, թե միայն օրինական իշխանությունների օրոք է հնարավոր խոսել սահմանադրական փոփոխությունների մասին: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել