Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջպարը

Հուլիս 07,2005 00:00

Շուրջպարը գնում է հյուրախաղերի Վաղը Արմավիրում կմեկնարկի «Պահպանենք մեր մշակույթը» փառատոնը «Մշակույթը այն ցեմենտն է, որ ամրացնում է Հայաստան-Սփյուռք կամուրջը»,- երեկ հրավիրված ասուլիսում նման անսպասելի համեմատություն արեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանը: Նա ներկայացրեց 2005թ. 1-ին կիսամյակում իրականացված ծրագրերը, ինչպես նաեւ հուլիսի 8-ին Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի մշակույթի պալատում մեկնարկող «Պահպանենք մեր մշակույթը» փառատոնը: Փառատոնի գեղարվեստական տնօրենն է պրոդյուսեր Արմեն Մանուկյանը: Փառատոնի ծրագրում ընդգրկված են երաժշտարվեստ, թատերարվեստ, կերպարվեստ, գրքերի ցուցահանդես-վաճառք, հանդիպումներ մշակութային գործիչների հետ եւ այլն: «Պահպանենք մեր մշակույթը» կեզրափակվի դեկտեմբերի 5-ին, Երեւանում: «Այս փառատոնի առաջնահերթ խնդիրն է Երեւանից մշակույթ արտահանել ոչ միայն մարզեր, այլեւ Արցախ, հանրապետության մշակույթի ոլորտի կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվական մշակութային ծրագրերի, նախագծերի բանկեր ստեղծել»,- ասաց տիկ. Պողոսյանը: Նաեւ խոստովանեց, որ 2004-ի «Մեկ ազգ, մեկ մշակույթում» լուրջ թերացումներ կային, ինչ խոստացավ շտկել այս տարի: «Հանրապետության մարզերից եւ Արցախից պետք է ընտրենք լավագույն խմբերը, պետք է նրանք որոշակի չափորոշիչների համապատասխանեն, որպեսզի իրավունք ունենան մասնակցելու հանրապետական փառատոնին»,- ասաց Թ. Պողոսյանը: «Առավոտը» հետաքրքրվեց, ինչո՞ւ նախորդ «Մեկ ազգ, մեկ մշակույթում» ընդգրկված չէին հանրապետության լուրջ կոլեկտիվները, մի՞թե նրանք չեն համապատասխանում նախարարության չափորոշիչներին: «Անցած տարի որոշվել էր փառատոնի բացման արարողությունը անցկացնել մեր լավագույն պրոֆեսիոնալ խմբերի եւ կատարողների, մնացած ամբողջ ծրագիրը՝ հայտ ներկայացրած խմբերի մասնակցությամբ»,- պարզաբանեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը: Հետաքրքրվեցինք նաեւ, թե փառատոնի կազմակերպիչները ինչպե՞ս են պատկերացնում մարզերում գրքերի ցուցահանդես-վաճառքը, եթե մարդկանց ձեռքին գումար չկա եւ բնամթերքով են առեւտուր անում: «Այդ վաճառքը խորհրդանշական բնույթ է կրելու, մենք ուղղակի խնդիր ունենք ժամանակակից գրականությունը մարզերում ներկայացնելու»,- պարզաբանեց գործադիր տնօրենը: Ա. Մանուկյանն էլ տեղեկացրեց, որ կոնկրետ մեծամորյան համերգին կմասնակցեն էջմիածնի «Նավասարդ» կամերային երգչախումբը, «Արտիմեդ», «Բարեկամություն» պարային համույթները, էմմա Պետրոսյանը, Արամոն, Աշոտ Ղազարյանը եւ ուրիշներ: Իսկ երգչուհի Լեյլա Սարիբեկյանը նույնիսկ մինի-շուրջպար կկազմակերպի Մեծամորում, կատարելով Միասնության շուրջպարի առիթով գրված իր երգը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել