Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔ

Օգոստոս 04,2005 00:00

ԹՈՒՐՔ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ ՉՀԱՎԱՆԵՑԻՆ ՄԵՐ ՏՈՒՐԻՍՏԻՆ Իսկ նրա տառապանքների համար ոչ ոք չի ուզում պատասխան տալ Իր գլխին եկածի մասին պատմեց Հարություն Սուխունյանը: Նա 1989-ին հրաժարվել է խորհրդային քաղաքացիությունից, բնակության է մեկնել ԱՄՆ եւ ունի առանց քաղաքացիության կարգավիճակի անձնագիր, որը նրան հնարավորություն է տալիս արդեն տասնվեց տարի ճամփորդել: Նա տարին մի քանի անգամ գալիս է Հայաստան: Վերջին այցի ընթացքում մեր զրուցակիցը որոշել էր իր կնոջ՝ ՀՀ քաղաքացի, մանկավարժ Անահիտ Եփրեմյանի հետ հանգստանալու մեկնել Անթալիա: Դիմում է «Ինֆինտի-թրավել» տուրիստական ընկերությանը: Այստեղ դիմավորում են բավականին բարեհամբույր, փաստաթղթերը կարգավորում են, տալիս են ինքնաթիռի տոմսերը եւ վաուչերները (հյուրանոցային կտրոն), որոնք ձեւակերպել էր «Բագրատ-տուր»-ը, եւ ամուսինները հուլիսի 29-ին «Արմավիա» ընկերության ինքնաթիռով մեկնում են Ստամբուլ: Ստամբուլի օդակայանում կնոջը՝ Անահիտին հանգիստ թույլ են տալիս վճարել մուտքի վիզայի համար 15 ԱՄՆ դոլար եւ անցնել սահմանը, իսկ Հարությունին թուրք սահմանապահները շատ քաղաքավարի բացատրում են, որ նա վիզա չունի եւ չի կարող մտնել երկիր: Անմիջապես կազմվում է «դեպորտի» թուղթը, որից հետո թուրքերը Հարությունին հանձնում են «Արմավիա» ընկերության աշխատակիցներին: «Ամենահետաքրքիրը» սկսվում է դրանից հետո: Ահա թե ինչ է պատմում Հարությունը. «Ստամբուլում «Արմավիայի» ներկայացուցիչը մի շատ կոպիտ եւ թրքախոս մարդ էր, որը նույնիսկ թույլ չտվեց, որ ես իր անունը գրի առնեմ՝ հիշելու համար, ինձ հետ վարվում էր որպես ամենավտանգավոր հանցագործի, քաշքշելով բերեցին, ինձ նորից մտցրին ինքնաթիռ՝ առանց որեւէ փաստաթղթի: Երբ ես դժգոհեցի եւ բողոքեցի, նա կանչեց թուրք ոստիկանին եւ ստիպում էր, որ ինձ կալանավորի: Թուրք ոստիկանն ասաց, որ դա իրենց գործը չէ, որ ես իրենց հողը չեմ էլ մտել, եւ այդ պրոբլեմը իրենց չի վերաբերում: Հետո ինքնաթիռով ինձ ետ բերեցին: Հայաստանի օդանավակայանում ինձ իջեցրին ինքնաթիռից կալանավորի պես, չորս սահմանապահներով շրջապատած՝ տարան վերեւ եւ այնտեղ սկսվեց քաշքշուկը»: Պարոն Հարությունը ցույց տվեց իր կապտած ձեռքերը: «Ինձ ինը ժամ պահել են «Զվարթնոց» օդակայանում: Այդ բոլոր ժամերին ինձ զրկել են կերակուրից, սիգարետից, հնարավորություն չեն տվել սովորական կարիքները հոգալ, եւ դրան գումարած՝ քաշքշուկ, հայհոյանք՝ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից: Մեկը ներկայանում էր որպես «Արմավիայի» ներկայացուցիչ, մյուսը՝ որպես սահմանապահ: Նրանց մեջ էր նաեւ Գեւորգ անունով մի երիտասարդ՝ մոտ 30 տարեկան, որը չափազանց ակտիվ էր, ինքը ներկայանում էր որպես «օրգանի» աշխատող, իրեն շատ լկտի էր պահում, նույնիսկ ռուս սահմանապահների պետի աշխատասենյակում ինձ հարվածեց, հետո ինքը խփեց ֆաքսի ապարատին, ինչ-որ բան կոտրեց եւ հարձակվեց ինձ վրա, գոռալով՝ «Էս օֆի՞ս ես ջարդում»: Ակնհայտ է, ուզում էր մի բան սարքել վրաս: Ինձ ստիպում էին գրել, որ ես ոչ մի բողոք չունեմ, որ ես պարտավոր եմ ինձ ետ բերելու տոմսի արժեքը վճարել: Ես կոպիտ հայհոյանքով ասել եմ, որ ոչ մի բան էլ չեմ վճարելու»: Զանգահարեցինք «Ինֆինտի-թրավել» ընկերություն, որտեղից մեզ ասացին, որ սովորաբար այլ երկրների քաղաքացիների համար խնդիրներ չեն առաջանում եւ այս դեպքում էլ չէր առաջանա, քանի որ Ստամբուլ հասնելուն պես նրանք վճարում են վիզայի համար անհրաժեշտ գումարը եւ տեղում ստանում վիզան: Սակայն, ըստ ընկերության աշխատակցի, հավանաբար այս դեպքում Հարություն Սուխունյանը «պարզապես սահմանապահների «դուրը» չի եկել եւ նրան վիզա չեն տվել»: Իսկ վճարված 1600 դոլարը վերադարձնելու մասին խոսք լինել չի կարող, քանի որ Հարություն Սուխունյանի կինը երկու օր մնացել է հյուրանոցում: Եվ հետո, նրանք «ծախսել» են գնալու եւ ետ գալու տոմսերը, այսինքն՝ գնացել են եւ վերադարձել: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել