Լրահոս
Օրվա լրահոսը

Դասղեկը

Հոկտեմբեր 20,2005 00:00

Դասղեկը Սա իմ դասղեկն է՝ Մարա Օհանյանը։ Այսօր նրա ծննդյան օրն է։ Ճիշտն ասած՝ ես ճշգրիտ չգիտեմ, թե քանի տարեկան է իմ դասղեկը։ Բայց կարծում եմ, որ դա կարեւոր չէ։ Ինչպես մեզ համար կարեւոր չէ, թե քանի տարեկան են մեր ծնողները։ Ես բավական ուշ՝ վերջին տարիների դպրոցը տեսնելով եմ հասկացել, թե ինչ է արել մեզ համար մեր դասղեկը։ Դասղեկական ժամերին արդեն անգիր էինք արել նրա խրատական խոսքերը, գիտեինք, թե որ դեպքում որ ասացվածքն էր մեջբերելու. օրինակ՝ այս մեկը. «Ճաշից հետո մանանեխ պետք չէ», որ նա արտասանում էր մաքուր ռուսերեն։ Հոգնել էինք այդ ամենից, ինչի համար հիմա ավելի քան երախտապարտ ենք: Դասղեկի ժամերին ամեն անգամ բոլորս (գոնե շատերս) մի թաքուն սպասելիք ունեինք. խոսել այն մասին, թե «ով ում է սիրում»։ Իսկ մեր դասղեկը, պարզվում է, ամեն ինչ մեզնից լավ գիտեր։ Եվ ամենեւին էլ պատահական չէր, որ նա մեզ նստեցնում էր հենց նրա կողքին, ում կողքին որ մեզնից յուրաքանչյուրն ուզում էր հրաշքով հայտնվել։ Ընկեր Օհանյանը մեզ անգլերեն էր դասավանդում։ Բարձր դասարաններում նա գրեթե բոլոր դասերը սկսում էր բայի ժամանակները գրատախտակին գծելով։ Ինչպես հետո հասկացանք դասախոսների մոտ լրացուցիչ պարապողներս՝ մեր դասղեկը բացատրում էր շատ ավելի լավ, եւ կարիք էլ չկար այդ ամենը երկրորդելու ուրիշ մեկի մոտ։ Նույնը՝ մյուս առարկաների մասին կարելի է լիարժեքորեն ասել։ Մեր ուսուցիչները մեզ տալիս էին առավելագույնը, եւ դա նրանք անում էին անշահախնդիր։ Բնավ կարիք չկա այս պատմության մեջ համեմատություններ կատարել, թե ինչպես եւ ինչ պայմաններով են նոր սերնդի ուսուցիչներն իրենց սաներին տալիս այդ ամենը, սակայն տարբերությունն ակնհայտ է։ Ամեն ինչ գիտեր ընկեր Օհանյանը։ Նույնիսկ այն, որ ես քիմիայից քառորդային «4» ունենալու հեռանկարից գիշերները չէի քնում։ Թեեւ նրան ոչ ծնողներս էին ասել (բոլորիս ծնողներն էլ դպրոց էին գալիս միայն ծնողական ժողովներին), ոչ էլ, առավել եւս, ես կհամարձակվեի այդ մասին ասել։ Ես նույնիսկ չհամարձակվեցի շնորհակալություն հայտնել նրան, երբ հասկացա, որ քառորդային իմ «5»-ը դասղեկիս շնորհքն է, որովհետեւ վերջին շրջանում, երբ քիմիայի ուսուցչուհի ընկեր Հովհաննիսյանը դադարել էր քիմիայի դասերը մարդկային լեզվով բացատրել՝ չոր դասագրքերից ոչինչ գլուխ չէի հանել եւ 2 հատ «4» ունեի, 1 հատ՝ «5»։ Եվ սա միայն իմ օրինակն է։ Իսկ մենք դասարանում 35 հոգի էինք։ Միջին դասարաններից մեկում մեր դասղեկը աղջիկներիս մի գաղտնիք էր ասել, որով կարելի էր տղային ամաչեցնել՝ իր վատ արարքի համար. դա հետեւյալ արտահայտությունն էր. «Ես քեզնից չէի սպասում»։ Ես երկար ժամանակ ուզում էի փորձարկել հնարքը, եւ մի օր առիթը եղավ։ Այն հրաշքով գործեց։ Ու մինչ օրս էլ ուժը չի կորցրել։ Այսօր իմ դասղեկը կրկին դպրոցում է: Նշանակում է՝ այսօր էլ շատերը ստանում են այն, ինչը հիշելու են երախտագիտությամբ: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել