Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում

Հոկտեմբեր 22,2005 00:00

Հայաստանում էլ բռնություն կա Երեկ «Մարիոթ» հյուրանոցում կայացավ «Դադարեցնել բռնությունը կանանց նկատմամբ» ինտերնետային www.StopVAW.org կայքի եւ Հայաստանի ազգային էջի՝ www.StopVAW.org/Armenia.html-ի շնորհանդեսը: Կայքի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է «Բաց հասարակության ինստիտուտի» Կանանց ցանցային ծրագրի եւ Մինեսոտայի «Մարդու իրավունքների պաշտպաններ» կազմակերպությանը: Կայքում ընդգրկված են տեղեկություններ ընտանեկան, սեռական բռնության եւ հետապնդման, կանանց եւ աղջիկների վաճառքի մասին: Կայքում ներգրավված է 29 երկիր՝ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայից, ԱՊՀ-ից եւ Մոնղոլիան: Այս երկրներից յուրաքանչյուրն ունի իր ազգային էջը, շուտով պատրաստ կլինի նաեւ Թուրքիայի էջը: Նյութերը հիմնականում անգլերեն են: Մոտ ժամանակներս դրանք կթարգմանվեն նաեւ ռուսերեն, իսկ հետագայում՝ կայքում ընդգրկված երկրների լեզուներով: Յուրաքանչյուր երկրի ազգային էջում գործում է նորությունների բաժին: Այս առումով, ըստ Կանանց իրավունքների կենտրոնի (ԿԻԿ) նախագահ Սուսաննա Վարդանյանի՝ Հայաստանը գրեթե միշտ առաջին տեղում է: Հաճախ առաջին տեղում ենք նաեւ այցելուների թվով: Ս. Վարդանյանն ասաց. «Բավական դժվար է անընդհատ ինֆորմացիա ստանալ այս խնդրով զբաղվող հ/կ-ներից եւ պետական մարմիններից»: ԿԻԿ-ը անցկացնում է մոնիտորինգ՝ ՀՀ 7 թերթերի շրջանակում, այդ թվում՝ «Առավոտ», «Հայկական ժամանակ», «Հայոց աշխարհ» եւ այլն: Թերթերում տեղ գտած կանանց բռնությունների մասին նյութերը նույնպես թարգմանվում եւ տեղադրվում են ինտերնետային էջում: Կենտրոնի վեբ-սայթ մոդերատոր Էդիկ Գրիգորյանը նշեց, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում նմանատիպ նյութեր շատ քիչ են հայտնաբերվել: Պատճառը հավանաբար ընտրություններն են եղել, որոնց թերթերն ավելի շատ են անդրադարձել: Խոսվեց Դուբայում եւ Թուրքիայում հայ կանանց առեւտրի մասին: Հ/կ-ների ներկայացուցիչների կարծիքով՝ Դուբայում նման կանանց թիվը հասնում է 1500-2000-ի: Այս կարծիքին համամիտ չէր ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ եւ ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի թրաֆիքինգի հարցերով նախագահ Վալերի Մկրտումյանը: Ըստ նրա, դեսպանատնից ստացված տվյալների համաձայն, նրանց թիվը չի գերազանցում 200-ը: Նա նշեց, որ յուրաքանչյուր երկրի կառավարություն ցանկանում է նվազեցնել այդ թիվը, իսկ հ/կ-ները՝ ընդհակառակը, այն մեծացնում են, ինչն էլ նպաստում է մեծաքանակ դրամաշնորհներ ձեռք բերելուն: Ըստ Վ. Մկրտումյանի, անցյալ տարի Դուբայից Հայաստան է վերադարձել թրաֆիքինգի զոհ դարձած 67 կին: Ս. Վարդանյանը նշեց, որ սայթում իրենց կենտրոնի առաջարկով տեղ են գտնում նաեւ կանանց նկատմամբ կիրառված բռնությունների իրական դեպքեր: Նա օրինակ բերեց. «ՀՀ հեռավոր գյուղերից մեկում ամուսինը կնոջը սպառնացել է գցել թոնրի մեջ, եթե հանկարծ լավաշը փչացնի: Այդպես էլ եղել է: Պատահաբար թոնրի մեջ ընկած լավաշից հետո այնտեղ հայտնվել է կինը: Այրվածքները բուժելուց հետո կինը հոգեբուժարան է տեղափոխվել: Մի ուրիշ գյուղում ամուսինը երեխաների աչքի առաջ սափրել է կնոջ գլուխն ու հոնքերը, այնուհետեւ սկեսրոջ հետ ծեծել են նրան ու ծխախոտով այրել նրա մարմինը»: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել