Լրահոս
Օրվա լրահոսը

«Թռչնագրիպային» դիվանագիտություն

Հունվար 26,2006 00:00

«Թռչնագրիպային» դիվանագիտություն Ամերիկացի փորձագետները չբացահայտեցին Թուրքիայում կատարած հետազոտությունների արդյունքները Մի քանի օր առաջ լրատվամիջոցներով սփռվեց լուրն այն մասին, որ ԱՄՆ պետդեպարտամենտի փորձագետների մի մեծ խումբ այցելել է տարածաշրջան, մասնավորապես՝ Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան եւ շուտով կլինի Հայաստանում: Անասնաբույժ, համաճարակաբան եւ այլ մասնագետներից կազմված խումբը նպատակ ուներ լինել թռչնագրիպի օջախում եւ դրա հարակից երկրներում, պարզել իրավիճակը՝ ինչպես են հիվանդության դեմ պայքարում հիշյալ երկրների կառավարությունները, ինչով կարող է օգնել ԱՄՆ-ն եւ այդ մասին զեկուցել Ամերիկյան պետդեպարտամենտին: Երեկ նրանք Հայաստանում էին եւ հանդիպեցին լրագրողներին: Պարզվեց, որ դեռեւս ցերեկվա ժամը 4-ը չկար, բայց նրանք արդեն ուսումնասիրել են ու եզրակացրել, որ մեր երկրում թռչնագրիպ չկա, մենք ունենք բոլոր սարքավորումներն ու դեղամիջոցները՝ հիվանդության ախտորոշման, կանխարգելման եւ բուժման համար, որ մեր կառավարությունը հիանալի աշխատանք է տանում այդ ուղղությամբ: Էլ չասենք, որ, ըստ մեզ բաժանված հաղորդագրությունների, պատվիրակությունը հասցրել է նաեւ հանդիպել թվով 6 գերատեսչությունների եւ միջազգային կազմակերպությունների «բարձրաստիճանների» հետ: Եվ ուրեմն ԱՄՆ-ի կառավարությանը մնում է առաջիկա 10 օրերի ընթացքում մեզ ուղարկել 15 փաթեթ պաշտպանական արտահագուստ, ախտորոշման թեստերի խմբաքանակ եւ էլի մի փորձագետ, որը կուսումնասիրի եւ կգնահատի թռչնագրիպի դեմ պայքարի՝ մեր երկրի ազգային ծրագիրը: Պատվիրակության ղեկավար Էն Դերսին, մասնագիտությամբ՝ դիվանագետ, դրսեւորելով «խորը» դիվանագիտություն, նա հաջողությամբ շրջանցեց բոլոր այն հարցերը, որոնք պահանջում էին բացահայտել, թե ի՞նչ վիճակ է տիրում այս պահին Թուրքիայում, Ադրբեջանում ու Վրաստանում, պահպանո՞ւմ են այդ երկրները սահմանային անվտանգություն, որ հիվանդությունը ելք ու մուտք չունենա, եւ ԱՄՆ-ից ինչպիսի՞ օգնություն են ակնկալում: Փոխարենը նա իր «առաքյալների» հետ պարզաբանեց, որ «հիացած է Թուրքիայի կառավարության պատրաստվածությամբ», որ իրենց «շատ լավ են ընդունել կովկասյան երկրներում»: Իր ասուլիսում Է. Դերսին լրագրողներին «բացառիկ» լրատվություն մատուցեց. պարզվում է՝ թռչնագրիպը սարսափելի հիվանդություն է եւ թռչնի մահվան հանգամանքը կարող է վկայել նրա «բացիլակրության» մասին: Մի կարեւոր «բացահայտում» էլ եղավ՝ իմացանք առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ այլ կազմակերպությունների ինտերնետային կայքերի մասին, ուր լրագրողներն «այցելում» են գրեթե ամեն օր: Այսքանով նրանք որոշեցին, որ մեր իրազեկումն իրենց կատարած տարածաշրջանային հետազոտական այցի մասին բավարար չափով ապահովված է, եւ շտապեցին եզրափակել հանդիպումը: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել