Լրահոս
Օրվա լրահոսը

Գալիս են թափանցիկության ժամանակները

Փետրվար 08,2006 00:00

Գալիս են թափանցիկության ժամանակները Նոր սերունդն արդեն հասունացել է՝ իր իրավունքներին տեղեկանալու եւ դրանք օրենքով պաշտպանելու համար Երեկ Ամերիկյան համալսարանի բիզնես-կենտրոնում տեղի ունեցավ «Ինչպես օգտագործել «Տեղեկատվության ազատության մասին» (ՏԱ) օրենքը» թեմայով քննարկում: Ամենահետաքրքիրը թերեւս քննարկման այն հատվածն էր, որից տեղեկացանք, որ ԵՊՀ թվով 58 ուսանող՝ իրենց դասախոս եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի առաջարկով, գրավոր դիմել են այն կազմակերպություններին, որոնք համաձայն ՏԱ օրենքի՝ համարվում են տեղեկատվություն տնօրինողներ: Դրանց կարող են դիմել բոլորը՝ ըստ ՏԱ օրենքի 6-րդ հոդվածի, որում ասվում է. «Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը եւ դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին եւ ստանալու այդ տեղեկությունը»: Ուսանողները որոշ դեպքերում արժանացել էին բավականին զավեշտալի պատասխանների, հաճախ՝ անպատասխան էին մնացել, եւ մի քանի դեպքերում՝ պատշաճ տեղեկատվություն էին ստացել: Զավեշտալի դեպքերից էր, օրինակ, Պապին անունով մի ուսանողի հետ պատահածը. նրա դիմումն՝ ուղղված ԿԳ նախարարին, երկար ճանապարհ կտրելուց հետո հասել էր ԿԳ նախարարության նախադպրոցական եւ դպրոցական բաժնի պետի պաշտոնակատար Իլյա Սարգսյանին, որը «աբսուրդ» էր համարել ուսանողի դիմումը եւ զարմացել՝ ուսանողն ո՞վ է, որ նման հարցերով նախարարին դիմի՝ «ուսանող ես, ուսանողություն արա»: Երիտասարդը պատասխանել էր, որ ուսանողություն ինքն անում է լսարանում, իսկ տեղեկություն ուզում է ստանալ որպես քաղաքացի, Սարգսյանը պատասխանել էր՝ իմ կաբինետն էլ է քեզ համար լսարան: Առողջապահության նախարարի խորհրդական, լրագրողներին քաջ հայտնի Ռուսլանա Ասլիեւնան, ի պատասխան դիմումի, ասել էր՝ նախարարը բանուգործ չունի՞, պիտի ուսանողների հարցումների՞ն պատասխանի: Իսկ ահա Քանաքեռ-Զեյթուն համայնքից համայնքի ասֆալտապատմանը հատկացված գումարների մասին հարցին գրավոր պատասխանել են, որ այդ նպատակով հատկացվել է 85 մլն դրամ, բայց արդյունքում ոչինչ չի արվել: Այս պատասխանից ապշած ուսանողն ավելի ուշ է տեղեկացել այս համայնքի ներքին խոհանոցին՝ կապված նախկին ու ներկա թաղապետերի գործունեության հետ: Հիշեցնենք, որ ըստ ՏԱ օրենքի, տեղեկատվություն ստանալու ժամկետը 5 օր է (կախված տեղեկության մատչելիությունից՝ առավելագույնը 30 օր): Ցանկացած անձ՝ անկախ տարիքից, սեռից, մասնագիտությունից, կրոնական պատկանելությունից եւ քաղաքացիությունից, իրավասու է տեղեկություն պահանջել, ստանալ եւ նույնիսկ՝ համաձայն Սահմանադրության 24 հոդվածի՝ այն տարածել ցանկացած միջոցով: Ընդ որում, նա պարտավոր չէ հիմնավորել իր դիմումը՝ ինչո՞ւ է ցանկանում ստանալ այդ տեղեկությունը եւ ի՞նչ նպատակի է այն ծառայելու: Այսինքն՝ եթե 8 տարեկան երեխան գրավոր (հնարավոր է նաեւ՝ բանավոր) դիմի, ասենք, բնապահպանության նախարարությանը եւ պահանջի իրեն տրամադրել տեղեկություն, թե 2005թ. ընթացքում քանի՞ եղեւնի է հատվել Հայաստանում, նախարարությունը պարտավոր է 5-օրյա ժամկետում բավարարել երեխայի դիմումը: Նշենք, որ տեղեկությունը սահմանված կարգով չտրամադրելու դեպքում տեղեկատվությունը տնօրինողը կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության: Բնականաբար, օրենքով սահմանված են նաեւ որոշ բացառություններ, ասենք՝ պետական կամ առեւտրային գաղտնիք պարունակող տեղեկությունները պարտադիր տրամադրման ենթակա չեն: Սակայն ընդհանուր առմամբ այդ դաշտը բաց է բոլորի առջեւ: Պիտի՛ բաց լինի: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել