Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Հունիս 06,2006 00:00

Հունիսի
8-ին «Ակադեմիա» պատկերասրահում կբացվի Տիգրան Սմբատյանի եւ Անդրեյ Շուգարովի ցուցահանդեսը՝
«Միասին՝ երկու նկարիչ» խորագրով: Նկարիչներից յուրաքանչյուրը կներկայանա
11 աշխատանքով: Տ. Սմբատյանը որոշել է հայ արվեստասերներին ցուցադրել իր աշխատանքներից
8-ը՝ «Հարբած նավը» շարքից եւ 3-ը «Մեջբերումներից»: Դրանք արված են Արթուր Ռեմբոյի
մոտիվներով: Մեր հարցին՝ ինչպես ծնվեց «Հարբած նավը» շարքը, հեղինակը պատասխանեց.
«Էնպես էր ստացվել, որ մեկ ամիս անդադար ու անվերջ խմում էինք: Իսկ ձեռքիս տակ՝ Արթուր
Ռեմբոն էր, անընդհատ կարդում էի: Մեկ էլ նրա հարբած նավը ճիշտ իմ հոգում զգացի: Թեման
հոգեհարազատ թվաց ու ծնվեց իմ «Հարբած նավը»: Տ. Սմբատյանը բազմաթիվ ցուցահանդեսներով
է հանդես եկել Բուդապեշտում, Լեհաստանում, Գերմանիայում, Մոսկվայում: Ինչ վերաբերում
է Ա. Շուգարովի հետ համատեղ ցուցահանդեսին, պատճառը պարզ է՝ մանկության ընկերներ
են, միասին սովորել են Գեղարվեստաթատերական իստիտուտում եւ քանիցս համատեղ ցուցահանդեսներով
հանդես եկել: «Ակադեմիա» պատկերասրահում Ա. Շուգարովը կներկայանա «Բախում»,
«Ձիեր», «Հանգիստ» շարքերով: Ասում է, որ ազդված է ֆրանսիական ռոմանտիզմի շրջանի
նկարիչներից: Անդրեյ Շուգարովից էլ հետաքրքրվեցինք՝ ո՞րն է համատեղ ցուցահանդեսի
նպատակը: «Նախ եւ առաջ, ինքներս մեզ ենք ուզում ստուգել»: Իսկ ինչո՞ւ ցուցահանդես
Հայաստանում եւ ոչ թե արտերկրում, մանավանդ դրսի ցուցահանդեսները ենթադրում են նկարների
վաճառք, նյութական եկամուտ, իսկ Հայաստանում դրանք կարծես ինքնանպատակ են կամ սիմվոլիկ
բնույթ են կրում: Մեր այս դիտարկման առնչությամբ Ա. Շուգարովն ասաց. «Նույն ցուցահանդեսը
կարող էինք եւ Փարիզում կազմակերպել, բայց կարծում եմ, որ ցանկացած արվեստագետ նախ
հայրենիքում պետք է քննություն բռնի: Գումարներ միշտ էլ կարելի է աշխատել: Այսպես
թե այնպես, ես էլ, Տիգրանն էլ վաճառվող նկարիչներ ենք, բայց կոնյունկտուրշիկ չենք»:
Երկու նկարիչներն էլ դրական են գնահատում մասնավոր պատկերասրահների գոյությունը Հայաստանում,
սակայն ավելի հարազատ են համարում «Ակադեմիան»: Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային
պատկերասրահին, իրենց հատկապես չի բավարարում, թե ինչպես է արված էքսպոզիցիան: Նկարիչները
համամիտ չեն տարածված այն մտայնությանը, թե վաղուց անցել են ժամանակները, երբ Վերնիսաժում
կարելի էր բարձրարվեստ գործեր գտնել. «Այնտեղ եւս պրոֆեսիոնալ կրթությամբ բազմաթիվ
նկարիչներ կան ու բարձրակարգ գործեր են վաճառում»: Ա. Շուգարովին, որը ցուցահանդեսներ
է ունեցել Փարիզում, Մոսկվայում, Հայաստանում, հարցրինք՝ դրսի արվեստասեր հասարակայնությունն
ինչո՞վ է տարբերվում հայաստանցիներից: «Արտերկրում ընտրության մեծ հնարավորություն
կա: Միայն Ֆրանսիայում այնքան պատկերասրահ կա, որ չկա աշխարհի ոչ մի անկյունում:
Այնտեղ մտքովդ ինչ անցնի գնում ու վաճառում են»: Տ. Սմբատյանի կարծիքով էլ. «Արտերկրում
մարդկանց կենսամակարդակը բարձր է, հնարավորությունները՝ մեծ, ինչը չես ասի բոլոր
հայաստանցիների մասին: Իսկ արվեստը հարուստ եւ ինտելիգենտ մարդու համար է: Ցավում
եմ, որ մեր ինտելիգենցիայի վիճակն այսօր լավ չէ: Մյուս կողմից էլ, ուրախ եմ, որ երեւանցիներն
ավելի ճաշակով են, ավելի են հասկանում ու գնահատում գեղանկարչությունը, քան հաճախ
արտասահմանցիները»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել