Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ԳՅՈՒՄՐԻՆ

Հունիս 14,2006 00:00

Օր օրի քաղաքի կենտրոնական շենքերում անբնական մեծությամբ նոր ցուցապաստառներ են հայտնվում

Վերջերս իշխանական կուսակցությունների գործունեությունը Գյումրիում չափազանց ակտիվացել է. ի տարբերություն ընդդիմադիր գործիչների, որոնք տարին տասներկու ամիս բավարարվում են գրասենյակների առջեւ պարապ-սարապ նստելով ու նարդի խաղալով, իշխանամետները զբաղված են ավելի «լուրջ» գործերով. օրինակ՝ մանկատներում ու ծերանոցներում համերգներ են նայում, ձեռքի հետ էլ կոշիկ ու խաղալիք բաժանում: «Բարեգործները», բնականաբար, սխալ ընտրություն չեն կատարել՝ իրենց նախընտրական քարոզարշավը սկսելով հատկապես հազար ու մի պրոբլեմ ունեցող Գյումրիից: Բնակիչներն էլ իրենց չեն կորցնում՝ եւ անդամագրվում են, եւ ակնարկում, որ իրենք այդքան էլ միամիտ չեն. «Գիտեք, որ ստեղ դեռ խաբելու բան կա, հազար ու մի տեսակ անօթեւան ու գործազուրկ կա, դրա համա՞ր եք գալիս»:

Ընդամենը երեք օր առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշել էր հաճելի անակընկալ մատուցել Գյումրիի դպրոցի շրջանավարտներին. հրապարակում վերջին զանգ էր կազմակերպել՝ համերգով, ծաղկեպսակներով՝ իհարկե չմոռանալով ծաղիկներին փակցնել կուսակցության կարգախոսը: Մեր տեղեկություններով՝ գալիք շաբաթ նույն շրջանավարտների համար նմանատիպ մի սցենարով հանդես է գալու «Հանրապետական» կուսակցությունը: «Քաղաքում երեք հարյուր հատ կուսակցություն կա, որ ամեն օր մեկը վերջին զանգի առթիվ պատիվ տա՝ հաստատ մինչեւ սեպտեմբեր պարապ չենք մնա»,- կուսակցությունների «առատաձեռնության» մասին կատակում են գյումրեցիները:

Իսկ նորաստեղծ կուսակցությունները զբաղված են «մարդաորսությամբ»: «Առավոտի» աղբյուրների հավաստմամբ՝ «Շիրակջրմուղկոյուղու» պաշտոնյաները նոր պաշտոններ զբաղեցնելու ակնկալիքով յուրատեսակ ծառայություն են մատուցում հանրապետության դատախազ Աղվան Հովսեփյանին՝ ջրմուղի մնացած աշխատակիցներին էլ հարկադրելով մտնել «Միավորում հանուն Հայաստան» կուսակցության մեջ: «Ջրմուղի» ղեկավարությունն իր աշխատակիցներին խիստ զգուշացրել է. «Ով քաղաքականությամբ մեզ հետ չէ, աշխատանքում էլ չի կարող լինել մեզ հետ»: Սակայն հարց է՝ Շիրակի մարզում նորաստեղծ կուսակցություններին կհաջողվի՞ անդամներ հավաքագրել, քանի որ այս մարզում անկուսակցականներ համարյա չեն մնացել: Բացի այդ, ի դեմս Շիրակի մարզպետի, մարզն արդեն դաշնակցականացված է, համենայնդեպս, պաշտոն ունենալու համար առաջին նախապայմանը դաշնակցական լինելը կամ դառնալն է: Սակայն ԱԺՄ կուսակցության Շիրակի մարզային պատասխանատու Վահան Թումասյանի կարծիքով, Շիրակի մարզում անդամներ գտնելն այնքան էլ բարդ չէ, քանի որ մարդիկ հիմա կուսակցությունից կուսակցություն են «թռնում». «Տասը տարուց ավելի է՝ մարդկանց մի խումբ է ձեւավորվել, որոնց իշխանական ցանկացած կուսակցության մեջ կարելի է տեսնել, հենց մի նոր, չակերտավոր ասած հեռանկարային կուսակցություն է ձեւավորվում՝ սրանք հայրենիքն ուրանում են, էսօր ասենք ՄԱԿ-ի ներկայացուցիչն են, էգուց նույն հպարտությամբ դառնում են «Բարգավաճ Հայաստանինը»: Ըստ Վ. Թումասյանի, եթե իշխանական կուսակցությունները մի քիչ «նամուս» ունենային, անպայման գրասենյակների ցուցանակներին նախընտրական շտաբ կգրեին. «Ավելի ճիշտ կլիներ՝ իշխանամետ կուսակցությունները դարձնեին բարեգործական կազմակերպություններ, չեն էլ ամաչում, իրենց բուն ֆունկցիաները թողած՝ ընկել են դռնեդուռ: Ժողովուրդը կուսակցությանը պետք է գնահատի ոչ թե փող ունենալ-չունենալով, այլ պետության համար կարգին գործ անելով: Քաղաքական համակարգում անհավասար պայմաններ են ստեղծված. կուսակցությունները իրար հետ պայքարի մեջ պետք է մտնեին գաղափարներով, ծրագրերով, ոչ թե փող շատ ունենալով, բայց ստացվում է, որ մեր մարզում օլիգարխների կուսակցությունները դուրս են մղում ընդդիմադիրներին»:

Մեծ հաշվով, գյումրեցիների համար միեւնույն է՝ ընդդիմադի՞ր, թե՞ իշխանամետ կուսակցությանը կանդամագրվեն: Նրանց մեկնաբանմամբ՝ «մեջը քյար լինի»:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել