Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հա՛մ նալին էր խփում, հա՛մ մեխին

Հունիս 15,2006 00:00

Երեկ հերթական անգամ Հայաստանում քննարկման առարկա է դարձել Ջավախքի թեման

Այս անգամ դրա մասին խոսում էին ոչ թե «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության ներկայացուցիչները կամ «Նոր ժամանակների» նախագահ Արամ Կարապետյանը, այլ «Հզոր Հայրենիք» կուսակցության անդամ եւ «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը: Ի տարբերություն Ջավախքի թեման շոշափող վերոհիշյալ ուժերի, Շ. Թորոսյանը համոզված էր, որ Ջավախքի հարցը քաղաքական որոշ ուժերի համար չպետք է քաղաքական շահարկումների գործոն դառնա, որ Ջավախքում իրավիճակը սրել պետք չէ, եւ որ Ջավախքի խնդիրները լուծելու համար անհրաժեշտ են կառուցողական աշխատանքներ, մասնավորապես՝ Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունների մակարդակով: Նրա կարծիքով, Ջավախքի մասին կտրուկ եւ ամպագոռգոռ հայտարարություններն անթույլատրելի են, որովհետեւ այդ տարածաշրջանը հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների առանցքն է կազմում, իսկ այդ հարաբերությունների սրման դեպքում դրա հետեւանքները կարող են կործանարար լինել:

Այդուհանդերձ, նա էլ կարծիք է հայտնել, թե անհրաժեշտ է հասնել այն բանին, որ Ջավախքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններն ընդլայնվեն եւ տրվեն որոշակի խնդիրներ ինքնուրույն լուծելու լիազորություններ, մասնավորապես՝ սեփական բյուջե ձեւավորելու հարցում: «Եթե ապագայում Վրաստանի Հանրապետությունն իր Սահմանադրությամբ որոշում կայացնի փոխել վարչատարածքային կառուցվածքը ու գնալ դաշնային պետության կառուցվածքի, ապա ճիշտ կլինի, որ Ջավախքը եւս ինքնավարության կարգավիճակ ունենա»,- հայտարարել է Շ. Թորոսյանը:

Ջավախքի հարցում «կառուցողական» տրամադրված Շ. Թորոսյանը հայտարարել է նաեւ, որ Վրաստանի տարածքից ռուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է հարյուրավոր ջավախքցիների զրկել իրենց աշխատատեղերից՝ չշրջանցելով նաեւ այն, որ Ջավախքի բնակչությունն իրեն ավելի ապահով է զգում, երբ այնտեղ ոչ թե վրացական կամ ՆԱՏՕ-ի, այլ ռուսական ռազմաբազաներ են տեղակայված: Ավելին, նա վրացական զորքերի տեղակայումը Ջավախքում «անթույլատրելի» է համարել՝ հայտարարելով, որ դեռ 1918-20թթ., երբ այնտեղ վրացական զորքերն էին, նրանք պարբերաբար բախումներ են ունեցել տեղի բնակչության հետ:

Հետաքրքիրն այն է, որ Շ. Թորոսյանը վրաց իշխանություններին մեղադրել է Ջավախքում իրավիճակը ոչ թե ապակայունացնելու, այլ «Ջավախքը յուրացնելու» մեջ: «Ջավախք» հայրենակցական միության նախագահը մեկ այլ ինքնատիպ հայտարարություն էլ է արել: Ըստ նրա, Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարությունը կարող է տնտեսապես օգտակար լինել ջավախահայության համար, բայց վերջիններս դրա կառուցմանը դեմ են, քանի որ այն չի բխում Հայաստանի շահերից:

Շ. Թորոսյանը երեկ խոսել է ոչ միայն Ջավախքի խնդիրների, այլեւ իր հարազատ կուսակցության՝ «Հզոր Հայրենիքի» անելիքների մասին, ու հույս հայտնել, որ 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ հայաստանաբնակ մոտ 300 հազար ջավախահայերը կաջակցեն հատկապես այդ կուսակցությանը՝ նկատի ունենալով նաեւ այն, որ մինչ օրս ՀՀ Ազգային ժողովը երբեւէ չի անդրադարձել Ջավախքի խնդիրներին:

Հայտնի է, սակայն, որ բացի այս կուսակցությունից, Ջավախքում որոշակի եւ ստվերային գործունեություն է ծավալում նաեւ ՀՅԴ-ն՝ ժամանակ առ ժամանակ ջավախահայերի շրջանում քննարկումներ, կլոր սեղաններ եւ այլ տիպի միջոցառումներ կազմակերպելով: Սակայն ՀՅԴ-ի վերաբերյալ Շ. Թորոսյանի մոտեցումն այս էր. «Եթե նրանք այդքան շատ են մտածում Ջավախքի խնդրի մասին, ինչո՞ւ մեկ անգամ այն չեն հնչեցրել խորհրդարանում»:

Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930