Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԵԺԻՍՈՐՆ ՈՒ ՀՈԳԵԲԱՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ

Հունիս 17,2006 00:00

Գ.
Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում բեմադրության է պատրաստվում Լուկաս
Բերֆուսի «Մեր ծնողների նեւրոզները» դրաման, որի բնօրինակը վերնագրված է «Մեր ծնողների
սեռական նեւրոզները»: Բեմադրող ռեժիսորն է Սուրեն Շահվերդյանը: Ըստ մեր հավաստի
տեղեկության, այսօր կկայանա բեմադրության փակ դիտումը: Հայ թատերարվեստի պատմության
ընթացքում առաջին անգամ բեմադրության փորձերին հրավիրված է հոգեբան: Վերջինս հանրապետության
ճանաչված մասնագետներից է՝ Խաչատուր Գասպարյանը, որը սիրով զրուցեց «Առավոտի» հետ:
Հոգեբանը սկզբում տեղեկացրեց, որ այս բեմադրության փորձերին նրա մասնակցությունը
կապված է Սուրեն Շահվերդյանի նախորդ՝ «Փսիխոզ 4.48» ներկայացումից հետո, մասնագիտական
քննարկումների արդյունքում, իրենց որոշումը բեմադրող ռեժիսորին հայտնելու հետ: «Մենք
Բժշկական համալսարանի հոգեբանության ամբիոնի եւ Հայկական բժշկական ասոցիացիայի բժիշկների
հետ դիտեցինք ներկայացումը: Թեպետ այն ուներ ռեժիսորական հետաքրքիր լուծումներ, սակայն
բեմադրության մեջ կար մի վտանգավոր «մեսիջ»՝ ուղղված մեզ: Դա դժվարին իրավիճակներում
անհատի համար ելքերից մեկը՝ ինքնասպանությունն է: Եվ հնարավոր էր, որ մի հանդիսատես,
այդ պահին լինելով ծանր հոգեկան վիճակի մեջ, ընտրեր հերոսի այդ ելքը»,- ասաց Խ. Գասպարյանը:
Անդրադառնալով «Մեր ծնողների նեւրոզներին», մասնագետը բերեց հոգեվերլուծության կնքահայր
Զիգմունդ Ֆրեյդի այն միտքը, որ մարդը սեռական եւ ստամոքսային առումով ամբողջ կյանքում
անբավարարված էակ է: Եվ դա Շահվերդյանի նոր բեմադրության մեջ դրսեւորվում է հերոսուհու
հոգեկան աշխարհում հոգեբույժի ախտորոշմամբ՝ որպես պաթոլոգիա: Ճիշտ է, պիեսում շեշտեր
կան, որոնք եվրոպական բարքերին, ընտանիքներին են վերաբերում, բայց այսօր դրանք մոտ
են հայերիս ու նման հարցեր առաջանում են մեր ընտանիքներում: Հոգեբանին խնդրեցինք
տեղեկացնել դրամայի սյուժեն կամ մասնագիտորեն ներկայացնել հերոսուհու այն հոգեվիճակները,
որի համար անհրաժեշտ են եղել հոգեբանի խորհուրդները: «Թեեւ ընդունված է ասել, որ
երեխաները պրոբլեմներ չունեն, բայց նրանք կարող են իրենց մեջ կրել հարազատ ծնողների
դժվարությունների արձագանքները, ընդ որում՝ առավել շեշտված ու նորմայից դուրս տարբերակներով»,-
նշեց Խ. Գասպարյանը: Բնականաբար՝ չխոսելով ներկայացման սյուժեի մասին, նա ընդամենը
բերեց մի օրինակ, որտեղ հերոսուհին ենթարկվում է սեռական բռնության. «Հետաքրքիր է
տեսնել այդ աղջկան շրջապատող հասարակության նեգատիվ վերաբերմունքը նրա նկատմամբ:
Միայն մասնագետը, տվյալ պիեսում՝ հոգեբույժը, հերոսուհուն ոգեւորում է, որ եղածը
եղած է, այսուհետեւ նա պետք է ապրի ըստ իր պահանջմունքների, այլ ոչ հասարակական պատվերների:
Բայց հասարակությունը, որպես օրենք, նման դեպքերում դաժան է գտնվում բռնության ենթարկվածների
նկատմամբ, ովքեր խախտում են իր կողմից առաջարկված «խաղի կանոնները»: Ճիշտ է, ներկայացման
մեջ հասարակությունը հաղթում է (հոգեբանը չբացեց փակագծերը), բայց, միեւնույն ժամանակ,
ըստ էության, պարտվում է»: Հարցապնդմանը՝ բերել եւս մեկ օրինակ ներկայացումից, հոգեբանը
պատմեց մի տեսարանի մասին եւս, երբ աղջիկը տեսնում է ծնողներին՝ սեռական հարաբերության
պահին: «Երեխայի ընկալմամբ, նման տեսարանը կարող է դիտվել որպես բռնություն՝ պարզ
պատճառով. սեռական հարաբերությունների մեջ կան նաեւ ագրեսիայի էլեմենտներ: Իսկ երեխան,
իբրեւ ականատես, դա կարող է ընկալել որպես ագրեսիվ վարքագիծ: Մեր հասարակությունում
էլ յուրահատուկ տաբուներ են դրվում երեխաների նկատմամբ, հենց ընտանիքի կողմից, մոռանալով,
որ մանկական հոգիները դրանք այլ կերպ են ընդունում»,- ասաց մասնագետը: Հետաքրքրությանը,
թե դերասաններն ինչպես են վերաբերվում հոգեբանի խոսքին կամ դիտողություններին, Խ.
Գասպարյանը վստահեցրեց. «Դուք եւ հանդիսատեսը պատասխանը կստանաք ներկայացումը դիտելուց
հետո, քանի որ պարզ երեւում է մասնագետի աշխատանքը»: Հիշեցնենք, որ միայն
1988-ի երկրաշարժից հետո, ԽՍՀՄ մինիստրների խորհրդի որոշմամբ առաջինը Երեւանում ստեղծվեց
հոգեբանական ծառայություն: Տեղեկացնենք նաեւ, որ խորհրդային տարիներին նեղ մասնագիտական
շրջաններում, նույնիսկ գրավոր, վավերացված էր այն միտքը, որ կոմունիզմի ապագա ունեցող
երեխան չի կարող եւ չպետք է (այսպես հրամայական տոնով) ունենա դեպրեսիա, իսկ հոգեբանական
կենտրոնները Եվրոպայում եւ Ամերիկայում ցոփ ու շռայլ ապրող մարդկանց համար դիտվում
էին անհրաժեշտություն: Մինչդեռ, ամեն հասարակությունում էլ, երբ օրեցօր ավելանում
են նեւրոտիկ վիճակները, միայն հոգեբանի օգնությամբ կարելի է դուրս գալ սթրեսներից:
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել